HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպանությունը քաղաքականություն չէ

Մեր ժամանակների մեծագույն նվաճումներից մեկը մարդու իրավունքների ճանաչումն ու կիրառումն է, այսինքն` հանրության կողմից առանձին վերցրած մեկ անհատի յուրահատուկ կարծիք ունենալու եւ այն արտահայտելու իրավունքի ճանաչումը: Սա սկզբունք է, որը կարող է իսկական քաղաքացիական հասարակության ձեւավորման համար հիմք հանդիսանալ, եթե չկա մարդու ազատ արտահայտվելու իրավունք, ապա չկա քաղաքացիական հասարակություն, այսինքն այնպիսի հասարակություն, որը բաղկացած է ազատ մտածող, ազատ արտահայտվող անհատներից, այնպիսի հասարակություն, որի մասին հարյուրամյակներ շարունակ երազել է մարդկությունը:

Այս սկզբունքը նոր երեւույթ չէ: Բոլոր ժամանակներում էլ առաջադեմ փիլիսոփայական եւ հասարակական տեսությունները ուղղված են եղել ազատ մտածող, ազատ ստեղծագործող մարդ-անհատի կերտմանը, այլ խնդիր է, որ հասարակությունը չի եղել այնքան պատրաստված եւ հանդուրժող, որպեսզի կարողանար ազատ մտածող, ստեղծագործող եւ արտահայտվող մարդ հանդուրժել: Պետք է անցնեին հարյուրամյակներ, մարդկությունը պետք է անցներ պատերազմների եւ շարունակվող պարտությունների թոհուբոհով, հասունանալու եւ մարդուն բարձրագույն արժեք հայտարարելու ու ճանաչելու համար:

Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ եւ տարբեր արագությամբ են անցել հասունացման այս պրոցեսը: Ոմանք (Արեւմտյան Եվրոպա, Ամերիկա, Կանադա) արդեն 20-րդ հարյուրամյակի ընթացքում «մարդը բարձրագույն արժեք է» սկզբունքը ընդունելով որպես ելակետ դնում էին իրենց աշխարհընկալման հիմքում եւ զարմանալի չէ, որ պետք է հասնեին մեծ հաջողությունների: Նրանք այսօր աշխարհի ամենահզոր, ամենակայուն, ամենակազմակերպված, ամենաազատ պետություններն են եւ, որ ամենակարեւորն է` անվտանգ: Նրանք իրար հետ գոյակցում են խաղաղ եւ նրանց հզորությունը այլ ժողովուրդների ու պետությունների համար վտանգ չի հանդիսանում: Այսօր, արդեն 21-րդ դարում, այդ երկրներում նոր հորիզոններ են բացվում մարդու իրավունքների ասպարեզում:

Շատ ժողովուրդներ ու երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, դեռ նոր իրենց առաջին եւ թույլ քայլերն են անում այս ասպարեզում:

Մեր երկիրը պատմականորեն չի ունեցել այն ավանդույթները, որոնք յուրահատուկ են եղել Եվրոպային, ավանդույթներ եւ համապատասխան միջավայր, որտեղ ժամանակի ընթացքում հասարակությունը անխուսափելիորեն կհանգեր մարդու իրավունքներին:

Այս համատեքստում միակ մեր ունեցածը եղել եւ մնում է քրիստոնեությունը` կրոն, ուսմունք, հավատ, փիլիսոփայական կուռ տեսություն, որն իր ողջ էությամբ եւ հսկայական ներուժով ուղղված է դեպի մեկ առանձին վերցրած մարդը: Ինչպես եւ մյուս համաշխարհային կրոնները, քրիստոնեությունը ի սկզբանե որեւէ նպատակ չի ունեցել պետություներ ստեղծելու կամ կործանելու, ամբողջ հասարակություններ դաստիարակելու կամ հեղափոխելու: Այն ուղղված է եղել մարդուն եւ եկել է մեկ առանձին վերցրած անհատին հեղափոխելու համար: Եվ, այն հասարակությունը, որում քրիստոնեության այս ընկալումը գոյություն է ունեցել այս կամ այն չափով, այդ հասարակությունը վաղ թե ուշ պետք է հանգեր «մարդը բարձրագույն արժեք է» հասկացությանը: Մի բան, որը դժվարությամբ, լուրջ ու երկարատեւ պայքարի արդյունքում տեղի ունեցավ Եվրոպայում:

Պատմականորեն մեր երկրում այնպիսի միջավայր է ձեւավորվել, որ քրիստոնեությունը մեզանում քարոզվել է միայն եւ միայն Հայ Առաքելական Եկեղեցու կողմից: Մենք երբեւէ չենք ունեցել եկեղեցուց դուրս որեւէ «հերետիկոս», որեւէ ազատամիտ:

Եկեղեցին, որը պետք է մեր ժողովրդին փոխանցեր քրիստոնեության համամարդկային արժեքները, մեր իրականության մեջ, պետականության բացակայության պայմաններում, ավելի շատ զբաղվել է ազգապահպան գործունեությամբ, փոխարինել է պետությանը, իրեն վերագրելով պետության գրեթե բոլոր գործառույթները:

Սա իհարկե եղել է պատմության թելադրանք եւ այստեղ եկեղեցու դերի գնահատականի մասին չէ, այլ այն մասին, որ հանգամանքների բերումով զուրկ ենք որոշակի ավանդույթներից, որոնք այսօր մեզ անպայման կօգնեին, ավելի լայն ընկալելու Եվրոպական այն արժեքները, որոնցով պատրաստվում ենք առաջնորդվել:

Խորհրդային տարիներին, սակայն այս ավանդույթների բացակայությունը Հայաստանին չխանգարեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերում լինել ԽՍՀՄ-ում առաջամարտիկներից մեկը: 70-ական թվականներին իրավապաշտպան կազմակերպություններ գործում էին հիմնականում Մոսկվայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում եւ Մերձբալթիկայում: Հասկանալի է, որ այդ տարիներին Հայաստանում իրավապաշտպանների հայտնվելը ոչ թե այս բնագավառում հասարակության զարգացման, այլ առանձին անհատների քաղաքական հասունության արդյունք էր:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո իրավապաշտպանությունը որպես հասարակական երեւույթ մտավ մեր իրականության մեջ եւ այսօր դրանով զբաղվողների թիվը մեծ է եւ շարունակում է աճել: Սա իհարկե ուրախալի երեւույթ է, բայց առկա է մի իրավիճակ, որը արդյունք է այն ավանդույթների բացակայությունից, որոնց մասին խոսք գնաց վերեւում:

Իրավապաշտպան կազմակերպությունները, կամ իրավապաշտպանները պաշտպանելով այս կամ այն մարդուն (եթե նա քաղաքական կամ հասարակական գործիչ է) ելնում են ոչ թե պաշտպանյալի շահից, այլ քաղաքական նպատակահարմարությունից:

Իրենց գործունեության ընթացքում շատ իրավապաշտպաններ բազմաբնույթ իրավախախտումերի դեպքեր քննարկելիս ելնում են ոչ թե անհատի շահից այլ ասենք պետության, կամ հասարակության, մոռանալով, որ հենց պետությունից եւ հասարակությունից է հարկավոր պաշտպանել մարդուն:

Որպես օրինակ կարելի է բերել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պատմությունից, երբ Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի բոլոր անդամները, բացի երեքից, որոնք իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներ են, մերժեցին այդ կազմակերպության գրանցման իրավունքը, ոմանք պատճառաբանելով, որ նրանք բանակ չեն գնում, ոմանք, որ այդ կազմակերպությունը օտար երկրների հատուկ ծառայությունների ստեղծածն են, ոմանք, որ մեր Եկեղեցուն դեմ են, մոռանալով, որ այս հարցերը բարձրացնելու համար կա զինկոմիսարիատ, հակահետախուզություն, Եկեղեցի եւ, որ իրենք ընդամենը իրավապաշտպաններ են եւ հարցին պետք է նայեն որպես իրավապաշտպան, այլ ոչ որպես հետախույզ կամ քահանա:

Ճչացող, հասարակական հնչեղություն ունեցող եւ պատվիրված գործերը, որոնցով հարուստ է մեր իրականությունը լակմուսի թղթի դեր են կատարում, ցույց տալով մեզանում իրավապաշտպանության իրական վիճակը: Այսպես` օրինակ, շատ իրավապաշտպաններ վախվորած են պաշտպանում Մուշեղ Սաղաթելյանին, իսկ շատերն էլ ոչ միայն չեն պաշտպանում, այլ իրենց հայտարարություններով մասնակցում են իրավախախտմանը եւ հիմնական պատճառաբանությունը այն է, որ Մ. Սաղաթելյանը նախկին բանտապետ է եւ ինքը նույնպես ժամանակին մասնակցել է բռնությունների գործադրմանը, չհասկանալով, որ իրավապաշտպանը գործ ունի կոնկրետ իրավիճակի հետ եւ կարեւոր չէ, թե ով է եղել երեկ կամ տաս տարի առաջ այն մարդը, որի իրավունքները այս պահին խախտվում են:

Բոլորովին պետք չէ առաջնորդվել սեփական քաղաքական նկատառումներով, մոռանալով, որ իրավապաշտպանությունը ապաքաղաքական երեւույթ է:

Պետությունը, որպես ճնշող մեքենա մշտապես խախտում կամ սահմանափակում է մարդու իրավունքները եւ որքան մեծ է պետության դերը հասարակության կյանքում, այնքան մեծ են իրավունքների սահմանափակումները եւ` հակառակը: Այս պարագայում իրավապաշտպանը չի կարող, մեզանում տարածված տերմինով ասած, լինել պետականամետ, որովհետեւ կվերածվի պետության կցորդի եւ կդադարի իր դերը կատարելուց:

Իրավապաշտպանության բնագավառում առկա այս վիճակի պատճառները, ինչպես արդեն ասվեց, գալիս են մեր պատմությունից: Համապատասխան ավանդույթների բացակայության պարագայում մենք ստիպված ենք յուրացնել դրսի փորձը, իսկ դա այնքան էլ հեշտ չէ եւ հակասում է մեր մտածելակերպին: Տարիներ շարունակ մեզ սովորեցրել են, որ հասարակական շահը եւ մեծամասնության կարծիքը անառարկելի են: Անհատի դերը հասարակության մեջ եղել է զրոյական վիճակում եւ առանձին վերցրած մարդը` ոչինչ: Նման ժառանգության պարագայում (որը միայն վերջին յոթանասուն տարիներինը չէ, այլ շատ ավելի հնուց) հազիվ թե մեկ տասնամյակում հնարավոր լիներ հասնել մեծ նվաճումների:

Այսօրվա Հայաստանը ունի մեկ նշանակալի նվաճում` խոսքի ազատությունը, որն ամեն օր փորձությունների է ենթարկվում եւ ամեն վայրկյան սպառնալիքի տակ է: Բայց ազատ խոսքը դառնում է անիմաստ, երբ չունի կոնկրետ նպատակ եւ թիրախ:

Իրավապաշտպան կազմակերպությունների խնդիրը պետք է լինի նպատակի ճիշտ ընտրումը, իր էությանը ծառայելը, այս դեպքում պետական մեքենան ստիպված է լսել ազատ խոսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter