HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սպանել է, որովհետև կինը խանդում էր

Վերջին շրջանում ամուսնական զույգերի տարաձայնությունների պատճառ հանդիսացող ինտերնետային ծանոթություններին ու սկանդալային պատմություններին չեն զիջում պատահական զանգերի հիման վրա հաստատված ծանոթություններն ու դրանց արդյունքում ծնված սիրային կապերը: Նման միջադեպերի բացահայտումը շատ հաճախ ամուսիններին հանգեցնում է ամուսնալուծության: Քիչ չեն դեպքերը, երբ ամուսինը, անկախ մեղքի իր բաժնից, գործի է դնում բռունցքները: Վեճը վերածվում է ծեծկռտուքի, կինը դիմում է ոստիկանություն ու բողոքի հիման վրա գործ է հարուցվում: Վերջերս, ցավոք, գրանցվում են նաև դեպքեր, երբ նմանատիպ տարաձայնություններն ավարտվում են սպանությամբ:

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչ, ԼՂՀ Շահումյանի շրջանում գտնվող զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 25-ամյա Սամվել Ցականյանի եւ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակչուհի Աննա Մուշեղյանի սիրային կապի արդյունքում կյանքից զրկվեց Սամվելի կինը` 25-ամյա Անժելա Դաշյանը:

«Սպանել եմ, որովհետև կինս խանդում էր»,- դատարանում արդարացել է Սամվել Ցականյանը:

Սամվելի եւ Աննայի սիրային կապը 1,5 տարվա վաղեմություն ուներ: Ծանոթացել էին պատահականորեն. Սամվելի սխալ հեռախոսահամարով կատարած զանգը երկուստեք ճակատագրական էր եղել:

Ծանոթությունից 6 ամիս անց Աննան խոստովանել էր, որ սիրում է Սամվելին, իսկ վերջինս էլ խոստացել էր ամուսնանալ աղջկա հետ: 2011թ-ի սեպտեմբերին Աննան զանգահարել էր Սամվելին, սակայն հեռախոսին պատասխանել էր կինը` Անժելան: Աննան ներկայացել էր և խնդրել հեռախոսը փոխանցել Սամվելին: Անժելան նախատել էր աղջկան եւ պահանջել հանգիստ թողնել ամուսնուն: Այդպես Աննան տեղեկացել էր, որ Սամվելն ամուսնացած է, ունի երեխաներ: Սակայն դա չէր խանգարել սիրահարներին շարունակել իրենց կապը: Սամվելը խոստացել էր ամուսնալուծվել և ամուսնանալ Աննայի հետ:

Սամվելը և Աննան հեռախոսով շփվելուց զատ հասցրել էին երկու անգամ հանդիպել: Երկրորդ հանդիպման ժամանակ, որ տեղի էր ունեցել 2012թ-ի հունիսի 1-ին, Սամվելն առաջարկել էր միասին փախչել: Աննան հրաժարվել էր կատարել տղայի ցանկությունը, թեպետ նույն օրը երեկոյան Սամվելի բջջային հեռախոսին սիրային բնույթի հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ նշել էր, որ սիրում է նրան և համաձայն է հետը փախչել: Հանդիպումից 14 օր անց` հունիսի 15-ին, Աննան կրկին հեռախոսազրույց էր ունեցել Սամվելի հետ, իսկ օրեր անց տեղեկացել, որ սիրեցյալը սպանել է կնոջը` կոկորդը կտրելու միջոցով:

Սպանության օրը` հունիսի 24-ին, Սամվելն ու Անժելան կրկին վիճել են: Վեճի պատճառը Սամվելի բջջայինին Աննայի ուղարկած սիրային բնույթի հաղորդագրությունն է եղել: Այդ օրը Ցականյանների ընտանիքը Կախակն գյուղից պետք է տեղափոխվեր ԼՂՀ Շահումյանի շրջանի Չապլի գյուղ: Ճանապարհին Անժելան ու Սամվելը միմյանց հետ չեն խոսել, զրուցել են հիմնականում երեխաների հետ: Ժամը 16:00-ի սահմաններում հասել են Չապլիում տեղակայված սպայական հանրակացարան: Սամվելը կնոջ և երեխաների հետ իջել է մեքենայից և գնացել տուն՝ ասելով, որ կվերադառնա մեքենայում մնացած  իրերը վերցնելու: Որոշ ժամանակ անց երկու երեխաների հետ հետ է վերադարձել շենքի դիմաց կայանած մեքենայի մոտ և  ասել վարորդին՝ Սաշա Սաղաթելյանին, ով Սամվելի ծանոթն էր, որ իրենց տեղափոխի Վարդենիս: Սաշան  հրաժարվել է, քանի որ Ցականյանը գումար չի ունեցել վճարելու: Միաժամանակ զարմացել է, թե ինչու է Սամվելը  ցանկանում հետ վերադառանալ: Մերժում ստանալով` Սամվելը երեխաների հետ կրկին մտել է հանրակացարանի շենք, մի քանի վայրկյանից վերադարձել միայնակ ու շարժվել միջպետական ճանապարհի ուղղությամբ:

 «Մի քանի անգամ ձայն տվեցի Սամվելին, որ գա մեքենայից իրերը տանի, բայց չպատասխանեց: Մեքենայից իջեցրի  նրանց իրերը, տարա բնակարան: Կանչեցի Անժելային, ձայն չկար: Ձեռքիս պարկը դրեցի միջանցքում, մտա ննջարան ու դռան մոտից նկատեցի, որ Անժելան անշարժ պառկած է ծածկված վերմակով, դեմքը բարձով ծածկած:» - ասում է Սաշա Սաղաթելյանը:

Սաշան մահճակալի գլխամասում արյան հետքեր է տեսել: Սկզբում մտածել է, որ Սամվելը ծեծել է կնոջը: Անմիջապես  տեղեկացրել է դեպքի մասին հարևաններին և մեքենայից իջեցնելով մնացած իրերը՝  շարժվել Վարդենիսի ուղղությամբ: Չապլիի մետաղյա կամրջի մոտ նկատել է Սամվել Ցականյանին եւ արգելակել մեքենան: Սամվելը նստել է մեքենան եւ կրկին խնդրել իրեն տանել Վարդենիս` հայտնելով, թե սպանել է կնոջը եւ գնում է ոստիկանություն՝ հանձնվելու:

Անժելայի հարևանուհիներից երկուսը, ում  օգնության խնդրանքով դիմել էր վարորդը, շտապել են մտնել Ցականյանների բնակարան՝ երիտասարդ կնոջն օգնելու: Սարսափահար կանայք սենյակում հայտնաբերել են արդեն մահացած Անժելայի դին՝ կոկորդում խրված դանակով:

Սամվել Ցականյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող դատաքննության ընթացքում, օգտվելով իր դատավարական իրավունքից, ամբաստանյալ Սամվել Ցականյանը հրաժարվել էր ցուցմունքներ տալուց:

«Ես գիտեմ, կանխամտածված է սպանել աղջկաս:» - արցունքները հազիվ զսպելով ասում է Անժելայի մայրը՝ Շուշանիկ Դաշյանը, ով դատարանում ներկայանում էր որպես տուժողի իրավահաջորդ: - «Սամվելը Անժելային ու երեխաներին Չապլի գյուղ տեղափոխելուց առաջ աղջկաս հրահանգել է հրաժեշտ տալ հարազատներին, քանի որ նրանց այլեւս չի տեսնելու:»

Դատաբժշկական փորձագետի թիվ 30 եզրակացությամբ Անժելա Դաշյանի մահը վրա էր հասել արտաքին սուր արյունահոսությունից`պարանոցի առաջնային մակերեսի կտրած-ծակած և պարանոցի խոռոչ թափանցած դանակային վերքի հետևանքով: Անժելա Դաշյանի դիակի վրա հայտնաբերվել են նաև ձախ վերին կոպի շրջանում քերծվածք և արյունազեղումներ, որոնք ավելի վաղ կոշտ, բութ առարկայով հասցված հարվածի հետևանքով էին առաջացել և մահվան պատճառ չէին կարող լինել: Սամվել Ցականյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին չի գտնվել աֆեկտի վիճակում եւ լիովին գիտակցել է, թե ինչ է անում:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, Սամվել Ցականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց ազատազրկման 12 տարի ժամկետով:

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/

ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Մեկնաբանություններ (4)

mahmouzian
you did it because you are a animal.
shushan
ev sranc nmannerin tuyl en talis mer banakum carayel, mer zinvorneri het shpvel..
ARSEN
Apsos mer yergrin vor Anasuner en shat aprum.
Արևիկ
Մի փոքր առաջ դիտում էի Մհեր Ենոքյանին առնչվող վիդեոները: Տղան, որը ականատես է եղել սպանությանը, ցանկացել է կանխել, կամ միգուցե չի կանխել սպանությունը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Իսկ նման վայրենին, որ զրկել է կլյանքից ոչ միայն կնոջը, այլև սեփական երեխաներին նորմալ ապրելու իրավունքից, դատապարտվում է 12 տարի ազատազրկման: Էս ինչ ա կատարվում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter