HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանի կոմբինատի աշխատակիցը ձերբակալվել է

Ալավերդիում դեկտեմբերի 30-ից  սկսեցին կրկին  լուրեր շրջանառվել  բնակարանային և այլ գողությունների մասին: Այս անգամ գողությունների հետ կապված բնակչության կողմից շրջանառվում էին նաև Ալավերդու բիզնես ոլորտի մի քանի օբյեկտների անուններ, որոնց  տերերը, սակայն «Հետքի» հետ զրույցում հերքեցին իրենց հիմնարկություններում կատարված գողության փաստերը:

Այդուհանդերձ, Թումանյանի տարածաշրջանի համայնքերում և Ալավերդի քաղաքում գրանցված վերջին դեպքերի մասին փորձեցինք տեղեկատվություն ստանալ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ, ոստիկանության  գնդապետ Արթուր Հարությունյանից: Վերջինս հայտնեց, որ հունվարյան տոնական օրերին տարածաշրջանի օպերատիվ իրավիճակը վերահսկելու համար իր ղեկավարած բաժնի կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվել տարածաշրջանի համայնքերում և Ալավերդի քաղաքում:

Թումանյանի ոստիկանապետը հայտնեց, որ  նախատոնական օրերին` 2012 թ.-ի դեկտեմբերի 27-ին, ոստիկանության քրեական  հետախուզության գլխավոր վարչությունը  Երևանում ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանին: Հիշեցնենք, որ Արսեն Չիթչյանը 2012 թ.-ի օգոստոսի 31-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր ընկերոջ՝ Էդգար Հախվերդյանի հետ մտել է Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի բնակարան և դիտավորյալ ջարդել է նրա բնակարանի գույքը, ապա հարձակվել է քաղաքապետ Հայկ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վրա և ջարդել է այն: Արսեն Չիթչյանի դեմ քրեական գործ էր հարուցված  ՀՀ Քր.օր-ի 185 հոդվածի 3-րդ մասով: Արսեն Չիթչյանը ներկայումս գտնվում է Վանաձորի քրեակատարողական հիմնարկում:  

Ըստ ոստիկանության Թումանյանի բաժնի պետի՝ հունվարի 1-ին վիճաբանության ժամանակ Վանաձորի բնակիչ  Վահրամ Հակոբյանի կողմից Չկալով գյուղում դանակահարվել է  չկալովցի Էդգար Սխիթարյանը: Հունվարի 3-ին  Ճոճկան գյուղի բնակիչ, 1933 թ. ծնված Արամ Պողոսի Մոսինյանը  ինքնասպանություն է գործել: Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասի բնակչուհի Գոհար Ադիբեկյանի բնակարանից կատարվել է գողություն: Գողերը Գոհար Ադիբեկյանի բնակարանից գողացել են 1000 դոլար, 2 մլն դրամ և մեկ զույգ օղ: Արթուր Հարությունյանը հայտնեց, որ գողություն կատարող անձը հայտնի է և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան ձերբակալելու համար: Հունվարի 6-ի գիշերը գողություն է կատարվել նաև Օձուն գյուղի բնակիչ Հովհաննես Պետրոսյանի բնակարանից, որի հանգամանքները ճշտվում են: Ոստիկանության Թումանյանի բաժնի պետը հայտնեց, որ քաղաքացիների այլ հայտարարություններ գողության փաստերի մասին իրենց չեն ներկայացվել:

Տոնական օրերին Թումանյանի տարածաշրջանում տեղի ունեցած ճանապարհային  պատահարների մասին «Հետքը» տեղեկատվություն խնդրեց նաև ճանապարհային ոստիկանության աշխատակից, մայոր Սմբատ Նորեկյանից: «Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ի առավոտը  մենք իրականացրել ենք շուրջօրյա, ուժեղացված գրաֆիկով ծառայություն: Տոնական օրերին որևէ միջադեպ Թումանյանի վարչական տարածքում և Ալավերդի քաղաքում չի գրանցվել: Ճանապարհային պատահարներ  տեղի չեն ունեցել: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները եղել են անցանելի ներկայումս էլ անցանելի են: Ղեկին նստած  ալկոհոլ օգտագործած վարորդներ չեն հայտնաբերվել»,- հայտնեց Սմբատ Նորեկյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter