HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Դեռ 1988 թվականից Սերժ Սարգսյանը միշտ հաղթող է դուրս եկել». Վարդան Բոստանջյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ասուլիսի ժամանակ խոսեց նախընտրական շրջանում ներքաղաքական իրավիճակի մասին, գնահատեց նախագահի թեկնածուների հնարավորությունները:

«Ուզենք թե չուզենք, Րաֆֆի Հովհաննիսյանը մեր երկրում ժողովրդավարության դրոշակն է, նրա փոքր, բայց արժեքավոր պոտենցիալը մեր երկրին շատ է պետք: Պարույր Հայրիկյանի անունը հիշելիս հիշում ենք ազատության և անկածության համար մղվող պայքարի մասին»,- նշեց Վարդան Բոստանջյանը: Խոսելով Հրանտ Բագրատյանի մասին՝ Բոստանջյանն ասաց, որ նրան մեզ մոտ այդքան էլ չեն գնահատում, իսկ եթե Բագրատյանն ապրեր, օրինակ, Իսրայելում, հնարավոր է, նույնիսկ Նոբելյան մրցանակի արժանանար: Բոստանջյանի դիտարկմամբ՝ հայկական էպոսի մեջ մեծ իմաստություն կա, և լավ է, որ ինչ-որ մեկը լրջորեն զբաղվում է դրանով: «Իմ կարծիով՝ այդ մարդը անկեղծորեն է դա անում»,- ասաց բանախոսը նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին:

Իսկ ահա նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի մասին խոսելիս ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ասաց, որ գործող նախագահն ունի անհամեմատ ավելի շատ հնարավորություններ Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար:

«Կարող է մտածեք՝ գովում եմ նրան և ձեր դուրը չգալ այն, ինչ կասեմ, բայց իմ կարծիքով՝ Սերժ Սարգյանը, սկսած դեռ 1988 թվականից, այն մարդն էր, ով, հայտնվելով բարդ, իրարամերժ իրավիճակներում, միշտ հաղթող է դուրս եկել: Իսկ ինչ վերաբերում է նրա նախագահ եղած ժամանակաշրջանին, մենք, ամբողջ հասարակությունը չնպաստեցինք, որ նա առավելագույն ձևերով ներկայացներ իր հնարավորությունները, կարծում եմ՝ իր երկրորդ նախագահության ժամանակ Սերժ Սարգսյանը կկարողանա դա անել»,- ասաց Բոստանջյանը:

Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչպես է դա անելու, և որքան է հասարակության մեղքի բաժինը, երբ նախագահի եղբորորդին օր ցերեկով քաղաքի կենտրոնում կրակում է, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ դա շատ մանր հարց է, կարող է պատահել ցանկացած ընտանիքում և ընդհանուր առմամբ կապ չունի երկրի կառավարման գործընթացի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter