HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դուբայում հայ կանանց թրաֆիկինգի ենթարկած Անուշը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Եվա Դարբինյանի նախագահությամբ, Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում հայտնի կավատ Անուշ Մարտիրոսյանին դատապարտեց 13 տարվա ազատազրկման:

«Եթե մտածում եք, որ իրենք իսկապես զոհեր են, սխալվում եք. ամեն մեկը 10 տարվա մարմնավաճառ է: Ու ես ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան կթողնեմ, որ դրանք սուտ ցուցմունքներով կյանքս խորտակեն: Տեղից արդեն իրենց պատճառով մի հատ զոհ տվեցի. երկու ամիս առաջ մայրս ինֆարկտից մահացավ»,- դատական նիստում պաշտպանական ճառի ժամանակ հայտարարեց Անուշ Մարտիրոսյանը:

Վերջինս պոռնկությանը նպաստելու համար 2004 թ. արդեն դատապարտվել է: Երկրորդ անգամ նրա գործը դատարան է մտել 2009 թ. փետրվարին: Այս գործով տուժող ճանաչված երեք անձանց` Անիի, Միլենայի եւ Գոհարի (անունները փոխված են) Դուբայում հայտնվելու եւ սեռական շահագործման ենթարկվելու պատմությանը «Հետքն» արդեն անդրադարձել է: Մայր կավատին օժանդակել են նաեւ Մարիամ Մարտիկյանը եւ Անուշի հարազատ քույրերը` Սոֆյա Մարտիրոսյանն ու Սոնյա Գաբրիելյանը:

Հիշեցնենք` մեղադրող Արթուր Դավթյանը դատարանին միջնորդել էր Սոնյա Գաբրիելյանին դատապարտել 1 տարի 1 ամսվա, Սոֆյա Մարտիրոսյանին եւ Մարիամ Մարտիկյանին` 6-ական տարվա, իսկ Անուշ Մարտիրոսյանին` 14 տարվա ազատազրկման:

«Ես ինքս ֆիլմեր տեսել եմ եւ իմ իմանալով` թրաֆիկինգն այն է, որ մարդիկ աղջիկներին բռնում ու պահում են փակ տեղ: Իրենք են կլիենտ բերում, փողն էլ ձեռքներից վերցնում են,- դատարանում մանրամասնում էր կավատ Անուշը:- Բայց տուժողները հայտնի մարմնավաճառներ են: Դուբայում իմ նման մարդ են գտնում, ասում են` խնդրում ենք, ցավդ տանեմ, էլ չենք կարում Երեւանում աշխատել, չենք ուզում ճանաչվել, ինչ կլինի` մի հատ վիզա բացեք, տոմս ուղարկեք, գանք ըտեղ միլիոններ աշխատենք, ձեր ծախսը տանք, մի բան էլ մաղարիչ կանենք: Ու եթե գալիս են, երկրորդ օրվանից ներս ու դուրս են անում, փոլիսն էլ ամեն քայլափոխի կանգնած է. կարող են մոտենալ ու ասել` պրոբլեմ ունենք: Եթե լեզու չեն իմանում, փոլիսը թարգմանիչ էլ ա բերում: Սրա ի՞նչն ա թրաֆիկինգ, չեմ հասկանում»:

Փաստաբան Ռուբեն Մովսիսյանն իր ճառում նշեց, թե թրաֆիկինգի հոդվածով ներկայացված մեղադրանքը հիմնված է միայն տուժողների ցուցմունքների վրա: Մինչդեռ վերջիններս գործով շահագրգռված կողմ են, ավելին, որպես հակակշիռ` ամբաստանյալներն իրենց ցուցմունքներով հերքել են առաջադրված մեղադրանքը:

«Մեղադրող կողմը չի ներկայացրել գեթ մեկ ապացույց, որ Անուշ Մարտիրոսյանը ստեղծել է հանցավոր խումբ, իսկ Սոֆյա Մարտիրոսյանը հանդիսացել է այդ խմբի անդամ: Չկան նաեւ այնպիսի ապացույցներ, որ նրանք կապ են ունեցել Մոսկվայում բնակվող ոմն Գագիկի եւ Արտակի հետ»,- ասաց փաստաբանը եւ միջնորդեց Սոֆյայի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ Անուշին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 262 հոդվածով` «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու» համար, քանի որ «անձի մեղավորությունը հաստատող հետեւությունը չի կարող հենվել ենթադրությունների վրա»:

Մյուս պաշտպանը` Մկրտիչ Վասակյանն էլ ավելացրեց, որ եթե, այնուամենայնիվ, Անուշ Մարտիրոսյանը մեղավոր ճանաչվի թրաֆիկինգի համար, ապա դա պետք է արվի ոչ թե 132 հոդվածի 4-րդ, այլ 1-ին մասի շրջանակում: Այլ կերպ ասած` պաշտպանները միջնորդեցին մայր կավատին դատապարտել այնպիսի հոդվածներով, որոնք որպես պատիժ սահմանում են ոչ թե 10-ից 15, այլ 1-ից 6 տարվա ազատազրկում:

«Ուրիշն իրանց տանի Դուբայ, անձնագրերը վերցնի ու փող աշխատի, բայց ե՞ս գնամ 14 տարի նստեմ: Ինչի՞ համար, որ սուտ ցուցմունք են տվել,- դատավոր Եվա Դարբինյանին նայելով` հարցրեց Անուշը եւ հավելեց,- ես մեղավոր եմ նրանում, որ իրանց նմաններին վարձով տուն եմ տվել` որպես հայ աղջիկ: Կողքները նստել ու լեզու եմ սովորեցրել: Որ խմել են, ասել եմ` աղջիկ ջան, սա ուրիշ երկիր է, մի խմիր ու քեզ կորցրու, կամ մի սիրահարվիր ու վենեքդ փրթի: Այո, ես իմ լավ արարքների համար իմ պատիժը կկրեմ»:

Իր արարքն իբրեւ լավություն է դիտարկում նաեւ Մարիամ Մարտիկյանը. «Ինձ չի թվացել, թե հանցագործություն եմ կատարել, այն էլ` թրաֆիկինգ: Ես մտածել եմ, որ լավություն եմ արել: Եթե ուրիշ մեկին, ասենք` անչափահաս աղջկա խաբեի, շահագրգռեի, այո, ես ինձ մեղավոր կզգայի: Բայց կոնկրետ ինքը (Միլենան) գիտեր, թե ուր է գնում: Բայց ես իրա գնալու հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել»:

Ըստ պաշտպանների` Մ. Մարտիկյանի արարքում եւս հանցակազմ չկա: Ուստի նրանք միջնորդեցին վերջինիս նույնպես ազատ արձակել դատարանի դահլիճից: Իսկ Սոնյա Գաբրիելյանի համար փաստաբանները խնդրեցին կիրառել այնպիսի պատիժ, որը նրան թույլ կտա մնալ ազատության մեջ:

Սոնյա Գաբրիելյանը վերջին խոսքում դատարանին խնդրեց ցուցաբերել մեղմ մոտեցում, քանի որ քույրերին «միակ պերեդաչի տանողն» ինքն է:

Նման մոտեցում հայցեց նաեւ Սոֆյա Մարտիրոսյանը. «Էսօր սպանության համար ավելի քիչ են դատապարտվում, քան մեզ առաջադրված մեղադրանքն է պահանջում: Ուրիշը բերեց չգիտեմ ինչը ոնց արեց, քննիչն էլ (Հովհաննես Գեւորգյան) դասավորեց մեզ վրա: Որպես հիվանդ կին, մայր, տատիկ` խնդրում եմ` մեղմ վարվեք»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Շարունակելով հետաձգված դատավարությունը` Եվա Դարբինյանն այսօր հրապարակեց դատավճիռը: Չորս ամբաստանյալներն էլ մեղսագրվող արարքներում ճանաչվեցին մեղավոր: Երբ Անուշ Մարտիրոսյանը լսեց, որ դատապարտվում է 13 տարվա ազատազրկման, սկսեց բղավել. «Չհասկացա` էս ի՞նչ սարքեցիք գլխիս, ցուցանի՞շ եք ցույց տալիս: Երկար տարիների դատավոր եք, նիզաշտո մարդ եք դատու՞մ… Անամոթներ, Աստծուց գտնեք ձեր պատիժը…»:

Մյուսների դատավճիռը Եվա Դարբինյանը կարդաց միայն Անուշ Մարտիրոսյանին դահլիճից հեռացնելուց հետո: Վերջինիս քույրը` Սոֆյա Մարտիրոսյանը, դատապարտվեց 5, իսկ Մարիամ Մարտիկյանը` 4 տարվա ազատազրկման: Անուշի մյուս քույրը` Սոնյա Գաբրիելյանը, տուգանվեց 200 հազար դրամով եւ դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Դատարանը վճռեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը, թողնել անփոփոխ` մինչեւ դառավճիռը կստանա օրինական ուժ:

Բացի այդ, Սոնյայի կողմից որպես կաշառք տուժողներից Անիին տրված 1500 ԱՄՆ դոլարը (Անուշի դեմ ցուցմունքը հետ վերցնելու համար) դատարանը վճռեց բռնագանձել հօգուտ պետբյուջեի:

Մի քանի օրից դատավճիռը, եթե այն չբողոքարկվի կամ վերաքննիչ դատարանի կողմից վարույթ չընդունվի, կստանա օրինական ուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter