HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես սկսես Նոր տարին, այնպես էլ կշարունակես

Շնորհավոր նոր տարի
Ձեր տունը շեն իլի
Բարով նոր հաքնեք
Միշտ ուրախ իլեք:        
Նոր տարին ուրախ
Ուտենք գոզինաղ
Չամիչ, թաթարու
Ունենք ստանալու:

Անցյալում հին տարվա ավարտը եւ նոր տարվա գալուստը ավետում էին 10-12 տարեկան տղաները, որ Նոր տարվա նախորդ օրն ու գիշերը, խմբեր կազմած, շրջում էին տնետուն ու երդիկներից «գոտեկախ» կամ «կախու» իջեցնում: Երգելով շնորհավորում էին գալիք տարին` գովաբանում տան հարսներին, աղջիկներին եւ թվարկում իրենց սպասելիք նվերները: Կախված նախշազարդ, սպիտակ գուլպաների մեջ տանտիկիները հատուկ խմորեղեններ, մրգեր, չրեղեն, ընդեղեն եւ այլ քաղցրավենիքներ էին դնում: Այդ օրերին համընդհանուր սովորույթ էր նոր խնամիների երդիկից շարոց կախելը: Ընդունված էր չոր մրգեղենի կապոցներ կախել ծանոթ-ազգականների, մանավանդ քավորանց երդիկներից եւ աննկատելիորեն հեռանալ: Նշանված աղջիկներն այդ օրերին իրենց նշանածներին մետաքսյա, գույնզգույն թելերով նախշած խնձոր էին ուղարկում եւ սկեսրանց տանից ստանում արծաթյա տաս կոպականոցներով զարդարված խնձոր ու այլ նվերներ` չոր մրգեղեն, գլխաշոր, գուլպաներ:

Կանայք սրբազան համարվող ծառերի վրա կարմիր կտորներ էին ձգում ու կարմիր թելեր կապում` ի նշան գալիք տարվա ուրախության եւ «կարմիր» (ուրախ) օրերի: Կարմիր ժապավենով զարդարում էին տան գլխավոր սյունը, տան առաստաղին ալյուրից զարդանախշեր էին անում` աշխատանքային գործիքների, լուսատուների տեսքով` ապահովելով եկող տարվա առատությունն ու աշխատանքային հաջողությունները: Համշենահայերը տարեմուտի օրերին ձիթենու ճյուղ էին զարդարում, ընտանիքի յուրաքանչյուր անդամ ուներ եկեղեցում օրհնված իր ճյուղը, որն ամրացնում էր տան սյունին կամ դնում խմորի մեջ: Զանգեզուրում մաքրում էին գոմերը, անասունների տակ գարի ցանում, իսկ եղջյուրներին կարմիր թել կապում, որպեսզի տարին առատ լինի եւ «կարմիր օրերով անցնի»:

Նոր տարվա նախաշեմին հայերը միշտ աշխատում էին մոռանալ, հարթել նախորդ տարվա գժտություններն ու խռովությունները. հավատամք կար, որ ինչպես սկսվի Նոր տարին այնպես էլ կշարունակվի:

Դեկտեմբերի 30-31-ին բոլոր հայ օջախներում ջանասիրաբար սկսում էին նախապատրաստվել Կաղանդին: Մեր նախնիները համոզված էին, որ առատ ու ճոխ սեղանը նոր տարվա լիության, հաջողության գրավականն է:

Ամանորյա սեղանները լի էին բազմազան մրգաչրերով, պաստեղներով ու ընկուզերշիկներով, թարմ տանձ ու խնձորով, նռով, խաղողով ու սերկեւիլով, որոնք արգասաբերություն ու պտղաբերություն էին խորհրդանշում: Տոնական սեղանից անպակաս էր չամիչի, ընկույզի, նուշի ու բոված կանեփի խառնուրդը` աղանձը եւ Կաղանդ կոչվող անուշեղենը, որ պատրաստում էին հարած մեղրով ու բոված ընկույզով:

Տանտիկինները, հարսներն ու աղջիկները մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձեւով պիտի զարդարեին տոնական սեղանը: Ամենուր եփում էին ծեծած ցորենով, չամիչով, չոր ծիրանով, դոշաբով Անուշապուր (Մայրամապուր) եւ Կորկոտ (հարիսա), որպեսզի նոր տարում հանդն ու դաշտն առատ ու բերքատու լինեին: Զանգեզուրում, Սյունիքում պատրաստում էին մսով դոլմա, Այրարատում, Շիրակում` պասուց դոլմա, ընդունված էր նաեւ ոսպից, սիսեռից պատրաստված քյուֆթան: Այդ օրերին ամենուր հաց, գաթա եւ բազմապիսի խմորեղեններ էին թխվում: 8-10 տարեկան աղջնակները շաղում էին Նոր տարվա նոր հացի թթխմորը: Կանայք թխում էին տոնի կարեվորագույն Տարի հացը` (Կրկենի, Դովլաթ կրկենի, Կլոճ, Փուռնիկ) նրա մեջ քցելով նշան` մատանի, կոճակ, կոպեկ, ուլունք: Տարի հացը տարեմուտի ընթրիքին բաժանվում էր ընտանիքի անդամների, հարս գնացած դուստրերի ու պանդուխտ որդիների միջեւ, շատ հաճախ բաժին էին հանում նաեւ սիրելի կենդանիներին, արտին ու հանդին... Տարվա երջանիկն ու տան հաջողություն բերողը նա էր, ում բաժին էր ընկնում նշանը: Վատ նախանշան էր, երբ այն մնում էր դանակի տակ:

Թխվում էին նաեւ ցորենով ու գարիով զարդարված մարդակերպ, կենդանակերպ, աշխատանքային գործիքների, կնոջ ծամի, քսակի ձեւ ունեցող հմայական խմորեղեններ: Եթե նրանք թխվելուց ուռչում, հաջող էին ստացվում, ապա գալիք տարին հաջողություն էր խոստանում, իսկ հակառակ դեպքում` դժբախտություն: Մեր նախնիները համոզված էին, որ թխվածքները կօգնեն բարեկեցությանը, կովերի կաթի ու ցորենի առատությանը: Ընդհանրապես տարեմուտի գիշերն ընդունված էր բախտագուշակություններ անելը: Արբունքի տարիքի աղջիկները երեկոյան թոնրի պռնկին էին թողնում ածխի եւ հինայի մեջտեղը դրած ձուն, եթե առավոտյան այն կարմրում էր հինայից, ապա աղջկան բախտավորություն էր սպասվում, իսկ եթե սեւանում էր` աղջկա համար տարին անհաջող, սեւ էր լինելու: Կամ ավելով մաքրում էին թոնրի պատերն ու ավելի ճյուղերը դնում բարձի տակ, եթե նրանք ջարդվում էին, ապա նրանց բախտն էլ էր ջարդվելու, իսկ երջանիկ էին լինելու նրանք ում ճյուղերը անվնաս էին մնում: Մեր նախնիները հավատում էին նաեւ առաջին այցելուի հետ կապված ամանորյա գուշակությանը, նրանք անհամբերությամբ սպասում էին, որ տարեմուտի գիշերը իրենց դուռը առաջինը բացի «թեթեւ ձեռով, խերով ոտով» դրացի: Օջախի մեծը, տան առատությունն ու խաղաղությունն ապահովելու համար, առավոտ կանուխ սկուտեղի վրա շարում էր հաց, գինի, մեղր եւ չորս խնձոր, որոնց վրա չորս մեղրամոմ էր վառում: Սկուտեղը տանում էր տան չորս անկյունները, դուրս էր գալիս, աղոթում Աստծուն քաղցր տարվա համար եւ տան բոլոր անդամներին հրավիրում հաց ու մեղրի: Վերջում նա մեղրով խաչ էր անում տան դռան ճակատին, ապա վառած մեղրամոմի ծխով սեւացնում այն: Տան տղամարդն էլ մեղրով խաչ էր անում գոմի դռան վերեւը, գոմեշների աջ եղջյուրին Կլկալ (կլոր, մեջը ծակ թխվածք) էր անցկացնում ու բերաններին մի քիչ մեղր էր քսում:

Ամանորյա խնջույքը սկսվում էր տոնական ընթրիքով: Ընտանիքը բոլոր անդամները նոր ու գեղեցիկ զգեստներով պճնված` հավաքվում էին սեղանի շուրջ, տան ավագը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը եւ շնորհավորելով տանեցիների Նոր տարին` առաջարկում էր առաջին բաժակի հետ մեղր համտեսել, որպեսզի եկող տարում ամեն ինչ «անուշ, քաղցր» լինի: Զավակները շնորհավորում էին ծնողներին, չխոսկան հարսները` սկեսուր, սկեսրարներին, երեխաները` մեծերին: Բոլորն ավագության կարգով մոտենում էին գերդաստանի նահապետին, առաջին շնորհավորողը նրանից ընծա էր ստանում: Այս արարողակարգից հետո միայն սկսում էին օգտվել սեղանի ուտեստներից ու աղանդներից: Հարուստներն իրենց առատ սեղաններից անպայման բաժին էին հանում իրենց աղքատ բարեկամներին եւ հարեւաններին: Ընթրիքից հետո սկսվում էին փոխայցելությունները: Քեսապում միմյանց շնորհավորում էին հենց Ամանորի գիշերը, այլ վայրերում` վաղ առավոտյան. այդ օրերին ոչ մի դուռ չէր փակվում: Այցելում էին տոհմի ավագներին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարազատ կորցրած ընտանիքներին: Շնորհավորելու երբեք չէին գնում դատարկ ձեռքով, գոնե մեկ խնձոր էին ավելացնում տան սեղանին ու լցնում տունը իրենց բարի մաղթանքներով, օրհնանքով ու շնորհավորանքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter