HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ընդմիջվել են բոլոր դատական նիստերը

Այսօր ընթանում են «Յոթի գործ»-ով անջատված գրեթե բոլոր քրեական գործերի դատաքննությունները: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միաժամանակ նշանակված է Գրիգոր Ոսկերչյանի, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի դատական նիստերը: Իսկ Սասուն Միքայելյանի դատաքննությունն այս պահին ընթանում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում:

Փաստաբան Հովիկ Արսենյանը միաժամանակ ներգրավված է որպես Սասուն Միքայելյանի և Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան: Այսօր փաստաբանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել տեղեկանք, որ ինքը մասնակցելու է Սասուն Միքայելյանի դատական նիստին, ըստ այդմ` չի կարող մասնակցել Մյասնիկ Մալխասյանի դատավարությանը:

Իսկ Մյասնիկ Մալխասյանի մյուս պաշտպան Մելանյա Առուստամյանը, որը նաև պաշտպանում է Հակոբ Հակոբյանի շահերը, Մ. Մալխասյանի գործը քննող դատավոր Արմեն Խաչատրյանին ներկայացրել է իր և Մյասնիկ Մալխասյանի միջև կնքված պայմանագրի լուծարման մասին վկայող համապատասխան փաստաթուղթ:

Մ. Մալխասյանը միջնորդել է դատարանում իր շահերը պաշտպանելու համար գործում ներգրավել փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին: Դատավորը ընդմիջում է հայտարարել և հեռացել` միջնորդոըթյունը քննարկելու:

Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանին, հիշեցնենք, որ նրա շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը  նախորդ դատական նիստին միջնորդություն էր ներկայացրել` Հ. Հակոբյանի նկատմամբ անհիմն իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել և վերջինիս ազատ արձակել: Միջնորդությունը դատավոր Գագիկ Ավետիսյանը մերժել է: Նա մերժել է նաև դատախազ, մեղադրանքը պաշտպանող Հովսեփ Սարգսյանի նկատմամբ փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Մ. Առուստամյանը գտնում է, որ անցած տարվա մայիսի 13-ին, երբ հերթական անգամ քննարկվել է Հակոբ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին միջնորդությունը, դատախազ Հովսեփ Սարգսյանը նշել է, թե մեղադրանքն անհասկանալի է, սակայն, չգիտես ինչու, միևնույն ժամանակ պնդել է, որ Հակոբյանի նկատմամբ կիրառվի կալանքի սանկցիան:

Ավելին նախաքննության նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս 2008 թ.-ի հոկտեմբերի 15-ին թիվ 74 հրամանով վերահսկղության իրականացումը լիազորել է Կորյուն Փիլոյանին, որն էլ «Յոթի գործով» գլխավոր մեղադրողն էր: Իսկ դատախազ Հովսեփ Սարգյանը, ըստ պաշտպանի, նման լիազարություն չուներ: «Եթե նույնիսկ նրան նման լիազորությամբ օժտեն, Սարգսյանը դատարանում մեղադրանքը պետք է պաշտպանի Կորյուն Փիլոյանի եւ Աղվան Հովսեփյանի հետ միասին»,- ասում է փաստաբան Առուստամյանը: Այնուամենայնիվ, դատավոր Գագիկ Ավետիսյանն այս միջնորդությունը եւս մերժել է` անհիմն լինելու պատճառով:

Մելանյա Առուստամյանն այսօր դատարանին ներկայացրեց նոր միջնորդություն` Հակոբ Հակոբյանի նկատմաբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխարինել գրավով: Որպես գրավ առաջարկվեց գումարի աննախադեպ ծավալ` 5 մլն դրամ և 99 մլն դրամ գնահատված Մալաթիա-Սեբաստիա համայնքում սեփականության իրավունքով Հակոբ Հակոբյանին պատկանող գործարանը (Անուշ ՍՊԸ):

Դատավորը նկատեց, որ գործարանը քրեական գործով վերցված է արգելանքի, մինչդեռ Մելանյա Առուստամյանը փաստեց, որ դա ոչ թե այս գործով էր, այլ «Յոթի գործ»-ի շրջանակներում: «Իսկ սույն գործով ոչ ոչ քաղհայց կա, ոչ էլ տուժող»:

Պաշտպանը հավելեց, որ Հակոբ Հակոբյանը պատրաստ է գրավադրել նաեւ Ձորափում եւ Սեվանի ափին գտնվող իր երկու ամառանոցները:

Դատախազ Հովսեփ Սարգսյանը միջնորդության դեմ առարկեց` նշելով, որ, լինելով ԱԺ պատգամավոր, Հակոբյանն ունի մեծ հեղինակություն և, գտնվելով ազատության մեջ, կարող է անօրինական գործողություններ կատարել ու ճնշումներ գործադրել վկաների նկատմամբ:

«Գործով դատակոչված են 17 վկաներ, որոնցից 6-ը ոստիկաններ են, իսկ մյուսները գլխավոր դատախազության կողմից մինչ օրս ենթարկվում են ճնշումների, որպեսզի հանկարծ չփոխեն նախաքննությանը տված իրենց ցուցմունքները»,- ասաց Մելանյա Առուստամյանը` անտրամաբանկան համարելով դատախազության կողմից «վերահսկվող» վկաներին, առավել եւս` ոստիկաններին ճնշելու հավանականությունը:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննարկելու:

Նույն հիմքով` մեղադրողի պատշաճ լիազորությամբ օժտված չլինելու հիմնավորմամբ, մեղադրող-դատախազներ Աշոտ Նադոյանին եւ Հարություն Հարությունյանին բացարկ հայտնեց նաեւ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանը` Ստեփան Ոսկանյանը: Սակայն մեղադրողները բացարկի միջնորդության կապակցությամբ նշեցին, որ գլխավոր դատախազի անցյալ տարվա հոկտեմբերի 15-ի որոշումով իրենք ևս լիազորվել են մեղադրանքը պաշտպանելու:

Ուշագրավն այն է, որ Գ. Ոսկերչյանի նկատմամբ հարուցված քրեական գործի 4 հատորանոց նյութերում գլխավոր դատախազի հիշյալ հրամանը բացակայում է:

Դատախազների բացարկի միջնորդությունը քննարկելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter