HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատարանը բավարարվեց միայն վկա-կարգադրիչների ցուցմունքներով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պսոսյանի նախագահությամբ, շարունակվում է Գոհար Վեզիրյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրողը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 6-ին` Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ, «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսեւորելու համար:

Այսօրվա նիստում պետք է ցուցմունք տար Գոհար Վեզիրյանը: Սակայն վերջինս, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց ոչ միայն ցուցմունք տալուց, այլեւ հարցերին պատասխանելուց:

«Որովհետև մեղադրանքը շինծու է և արհեստածին, իսկ քրեական գործում առկա են բոլոր ապացույցները, որոնք փաստում են, որ ես որևէ վիրավորական արտահայտություն թույլ չեմ տվել դատարանի հասցեին »,- ասաց լրագրողը:

Մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը միջնորդեց, որպեսզի դատարանում, որպես Վեզիրյանի հանցանքը հիմնավորող ապացույցներ, հետազոտվեն նաեւ մեղադրական եզրակացությունում չներառված մի քանի փաստաթղթեր, որոնք են` ոստիկանության Կենտրոնի բաժնում հանցագործության մասին հաղորդում ընդունելու, լրագրողին բերման ենթարկելու և դատարանում արգելանքի տակ վերցնելու արձանագրությունները:

Պաշտպան Հովիկ Արսենյանն առարկեց այս միջնորդության դեմ` նշելով, որ Սմբատ Այվազյանի դատավարության ձայնագրության վերծանման հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը լրագրողին արգելանքի տակ վերցնելու որոշում չի կայացրել, և դա կարգադրիչների կամայական գործողությունների արդյունքն է: Ավելին` կարգադրիչները, ինքնակամ արգելանքի վերցնելիս, Վեզիրյանի նկատմամբ գործադրել են բռնություն, ինչը ապացուցվել է նաև դատաբժշկի փորձագիտական եզրակացությամբ:

Դատավորը հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել: Փաստաբան Արսենյանն էլ պարզաբանեց, որ նախաքննական մարմինը կարգադրիչների գործողությունները համարել է իրավաչափ:

Մյուս կողմից, Գ. Վեզիրյանը նկատեց, որ դատախազ Չարխիֆալակյանն անձամբ իրեն բառացիորեն ասել է, թե կարգադրիչների գործողությունների իրավաչափ լինել-չլինելու հանգամանքը այս գործում չի կարող քննվել, քանի որ դա մեղադրանքի ծավալից դուրս է: Հետեւաբար, լրագրողը տարակուսեց, թե ինչպես է այժմ դատախազը միջնորդում, որպեսզի դրանք, որպես լրացուցիչ ապացույց, ներառվեն գործում:

«Ինձ ոչ թե բերման են ենթարկել, այլ շատ են խնդրել, որ իրենց հետ այցելեմ ոստիկանական բաժանմունք: Ավելին` մինչ այդ նույնիսկ հրավիրել են սուրճ խմելու, և դրանից հետո միասին գնացել ենք ոստիկանություն»,- ասաց Գոհար Վեզիրյանը` զարմանալով, որ կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն:

Դատարանը, լսելով կողմերին, մեղադրողի միջնորդությունը բավարարեց մասնակի եւ որոշեց հետազոտել հանցագործություն կատարելու մասին հաղորդումը եւ Վեզիրյանին բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը: Դատախազի կողմից հրապարակվեցին հիշյալ փաստաթղթերը:

Այնուհետեւ պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվեն եւ որպես վկա հարցաքննվեն առնվազն երեք անձ`Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, «Հայք» թերթի լրագրող Արտակ Եղիազարյանը և «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հովհաննես Շողիկյանը:

«Այս մարդիկ նախաքննության ընթացքում իբրեւ վկա հարցաքննվել են: Սակայն, չգիտես ինչու, նրանք չեն դատակոչվել»,- պարզաբանեց փաստաբանը:

Մեղադրողը ներկայացրեց առարկություն` շեշտելով, որ «նախաքննական մարմնին տվյալ անձանց տված ցուցմունքները չեն առնչվում մեղադրանքին, ապացուցողական նշանակություն չունեն, ուստի իմաստ չկա նրանց դատարանում հարցաքննել»:

Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց, թե «արդյոք պաշտպանական կողմը կարո՞ղ է դատարանին հայտնել նշյալ անձանց բնակության հասցեները, որպեսզի հնարավոր լինի նրանց հրավիրել»:

«Ձեր առջեւ` սեղանին դրված քրեական գործում, նրանց հասցեները գրված են»,- հակադարձեց պաշտպանը:

Այնուամենայնիվ, դատարանը միջնորդությունը մերժեց` «նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը ո´չ նշեց տվյալ անձանց բնակության հասցեները, ո´չ էլ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ հանգամանք է պարզվելու նրանց հարցաքննությամբ»:

Ի պատասխան` Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ Սմբատ Այվազյանի դատավարությանը ներկա են եղել 50-ից ավելի անձինք, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրվել են միայն «վկա-կարգադրիչների շատ սուբյեկտիվ ցուցմունքները»: Ուստի պաշտպանը միջնորդեց դատավարությունը հետաձգել, որպեսզի ինքը ներկայացնի գրավոր միջնորդություն` մի շարք անձանց, որպես միջադեպի ականատես-վկա, դատարան հրավիրելու համար:

Դատավորի կոնկրետացման պահանջով` Արսենյանը թվարկեց չորս հրավիրյալի անուն-ազգանուն` Ռաֆիկ Մկրտչյան, Գագիկ Ներսիսյան, Լյովա Եղիազարյան և Լյովա Սիսակյան:

«Գրավոր միջնորդության մեջ ես կնշեմ նրանց բնակության հասցեները,- ասաց փաստաբանը եւ հավելեց: – Նրանց հարցաքննությունն անհրաժեշտ է գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար: Նրանց հարցաքննությամբ եւս մեկ անգամ կփաստվի, որ Գոհար Վեզիրյանը կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ»:

Դատավորը հարցրեց, թե պաշտպանական կողմը կարո՞ղ է ներկայացնել այնպիսի ապացույցներ, որոնք կհիմնավորեն, որ փաստաբանի կողմից հրավիրվող մարդիկ ներկա են եղել Սմբատ Այվազյանի դատավարությանը, իսկ Գոհար Վեզիրյանի դատավարություններին չեն մասնակցի:

«Այո, ես կարող եմ ներկայացնել լուսանկարներ, որ նրանք միջադեպին ականատես են եղել: Ինչ վերաբերում է Վեզիրյանի դատավարությանը ներկա չլինելուն, նրանց տեսնելով` բոլորդ էլ կհամոզվեք, որ այս դահլիճում նրանք չեն եղել»,- վստահեցրեց Հ. Արսենյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հավելեց, որ ինքը լուսանկարահանել է Գոհար Վեզիրյանի բոլոր դատական նիստերը, այդ թվում` նիստերի դահլիճը, ուստի այդ լուսանկարների միջոցով շատ հեշտ հնարավոր կլինի պարզել` հրավիրվող անձինք երբեւէ Վեզիրյանի դատավարությանը ներկա եղե՞լ են, թե՞ ոչ:

Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց նաեւ այս միջնորդությունը` գտնելով, որ «տվյալ հանգամանքը հիմնավորել օբյեկտիվորեն հնարավոր չէ»: Դատարանը հայտարարեց, թե անցնում է վիճաբանությունների փուլին, ուստի մեղադրող Չարխիֆալակյանի խնդրանքով` նիստը հետաձգեց, որպեսզի վերջինս պատրաստի մեղադրական ճառը:

Դատավարությունը կշարունակվի մայիսի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter