HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ավետիք Իշխանյանի համոզմամբ` լրագրողին փորձել են սպանել

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Փաստաբանների պալատը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս` «ARMENIA Today – http://armtoday.info» եւ «BAGIN -http://bagin.info» լրատվական կայքերի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լուսաբացին Նալբանդյան 9 հասցեում` իր տան մուտքում, Կիվիրյանը երեք անձանց կողմից ենթարկվել էր դաժան ծեծի: Հնչել են նաեւ կրակոցներ:

«Ես չեմ ուզում ասել, որ Արգիշտի Կիվիրյանի հետ կատարվածն աննախադեպ էր, որովհետեւ այդպիսի դեպքեր Հայաստանում հենց այս տարի արդեն եղել են: Ես ինքս ամեն դեպքից հետո հիմնականում այցելել եմ բռնության ենթարկվածներին, բայց այս անգամ կատարվածը երեւի իր դաժանությամբ գերազանցում է մնացած դեպքերին: Իմ համոզմամբ` սա եղել է սպանության փորձ»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա կարծիքով` հանցագործները Արգիշտի Կիվիրյանի հետ որեւէ անձնական թշնամություն չեն ունեցել: «Դա, թերեւս, եղել է պատվեր, հավանաբար` քաղաքական»:

Գործադրված դաժանությունից ելնելով` բանախոսը հանգել է այն հետևության, որ «Հայաստանում ապրելը, իսկապես, վտանգավոր է»:

«Ես ինքս առայժմ որեւէ վարկած չունեմ: Կարելի է ասել, որ Կիվիրյանը երկու մասնագիտություն ունի` փաստաբանի եւ լրագրողի, որոնց փայլուն տիրապետում է: Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում նա փաստաբանությամբ առանձնապես չէր զբաղվում, ապա, ամենայն հավանականությամբ, այս հաշվեհարդարը կապված է նրա լրագրողական գործունեության հետ»,- ասաց Ավետիք Իշխանյանը` դժվարանալով նշել, թե միջադեպը կոնկրետ որ հրապարակման «արդյունքն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter