HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կուսակցությունների առճակատում. քրեական գործ չի հարուցվել

Ոստիկանության լրատվության բաժնից «Հետքին» պարզաբանեցին, որ երեկ երեկոյան ընդամենը վիճաբանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունի համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի որդու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ անդամների միջև: Սակայն «ոստիկանության միջամտության անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ քաշքշուկ եւ ծեծկռտուք տեղի չի ունեցել»:

Այսօր որոշ լրատվամիջոցներ գրել են, թե նախօրեին Քանաքեռ-Զեյթունի համայնքի հանրապետականները, ՀՀԿ-ական թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդու գլխավորությամբ, մահակներով զինված` հարձակվել են նույն համայնքում գործող ԲՀԿ-ի նախընտրական շտաբի վրա: Ժամեր անց ԲՀԿ-ականները, հակահարված տալու համար, գրոհել են «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ տեղակայված ՀՀԿ-ի նախընտրական շտաբի վրա: Բայց հանրապետականներն անմիջապես դիմել են ոստիկանությանը:

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայր է ժամանել այն պահին, երբ ՀՀԿ-ի հիշյալ շտաբի մոտ խմբված են եղել ոստիկաններ: Ֆոտոլրագրողը ֆիքսել է շտաբի մոտ կայանած 3-4 արտասահմանյան շքեղ մեքենաները, այդ թվում` տարածքում գտնվող ՊՆ Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության պետ Գրիշա Սարգսյանի 22 ԼԼ 600 պետհամարանիշով «Մերսեդես-Բրաբուսը» եւ Արայիկ Քոթանջյանի 100 ՏԼ 08 համարներով «Ֆոլցվագեն-Տուարեջը»: Ֆոտոթղթակիցը նկատել է, որ Արայիկ Քոթանջյանը կաղում է, ինչը, ըստ թերթերի, առճակատման հետեւանքն է:

«Ոստիկանության Քանաքեռ-Քեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեցին ոստիկանությունից` միաժամանակ նշելով` «ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունները նույնպես հավաստիացնում են, որ իրենց նախընտրական գրասենյակների վրա հարձակումներ եւ ծեծկռտուքի միջադեպեր տեղի չեն ունեցել»:

Սա, թերեւս նշանակում է, որ քրեական գործ չի հարուցվի:

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter