HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լրագրող Գոհար Վեզիրյանը դատապարտվեց

Հենց նոր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց «Չորորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի դատավճիռը: Նա մեղավոր ճանաչվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ և դատապարտվեց նվազագույն աշխատավարձի 350-հազարապատիկի չափով (350 հազար դրամ):

Մինչ այդ` վիճաբանությունների փուլի ժամանակ, մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը, հրապարակելով մեղադրական ճառը, միջնորդել էր Վեզիրյանին դատապարտել նվազագույն աշխատավարձի 400-հազարապատիկի չափով (400 հազար դրամ) տուգանքի: Ըստ մեղադրողի` լրագրողի հանցանքն ապացուցվել է նաեւ դատարանի կողմից արված ձայնագրության վերծանման հետազոտմամբ, որում առկա է «Գ. Վեզիրյանի կողմից դատարանի հասցեին արված «ա… կարգին մարդ որ գա աշխատի» եւ «էս չմո, անտաշ…» վիրավորական արտահայտությունները»:

Պաշտպան Հովիկ Արսենյանը, մատնանշելով հենց դատարանում հետազոտված ապացույցները, հայտարարեց, թե Գոհար Վեզիրյանի գործողություններում հանցակազմ գոյություն չունի եւ չի եղել ի սկզբանե:

«Խնդիրը նրանում, որ դատարանում հրապարակվեց որպես ապացույց ճանաչված 2008 թ. օգոստոսի 6-ին դատարանի կողմից արված ձայնագրառման կրիչի վերծանումը, որը օբյեկտիվորեն գոյություն ունեցող ապացույց է: Այնտեղ իմ պաշտպանյալի կողմից որեւէ վիրավորական արտահայտություն դատարանի կամ նիստը նախագահողի հասցեին գոյություն չունի:

Մեղադրողի հիշատակած «չմո», «անտաշ» արտահայտությունները միայն ենթադրություններ են, թե իբր ուղղված են եղել դատարանի հասցեին»,- նկատեց պաշտպանը:

Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վարույթն իրականացնող մարմինը դատախազական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ցուցում ստանալուց հետո, վկա-կարգադրիչներին լրացուցիչ հարցաքննել է:

«Բոլոր վկաների ցուցմունքները ծայրից ծայր, առանց ստորակետի փոփոխության, մեկը մյուսից արտագրված են: Եվ դա չպետք է դիտվի որպես արժանահավատ ապացույցներ»,- ասաց փաստաբան Արսենյանը եւ միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել քրեական գործը եւ արձակել արդարացման դատավճիռ:

Գոհար Վեզիրյանը պաշտպանական ճառը սկսեց անցյալ տարվա օգոստոսի 6-ին «Չորորդ իշխանություն» օրաթերթում տպագրված իր հոդվածի ընթերցմամբ:

«Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի դատավարությունը, որն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ դատավոր Գագիկ Ավետիսյանն իր սադրիչ գործողություններով տապալեց դատական նիստը: Սույն դատավարության առաջին իսկ նիստին անդրադառնալիս մենք արձանագրել էինք, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը, ով եղել է հոկտեմբերի 27-ի գործով պետական մեղադրող, վերջին շրջանում մշտապես գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում եւ անընդհատ փորձում է նիստերի դահլիճում արհեստական լարվածության մեջ պահել հավաքվածներին… »:

Դատավորն ընդմիջեց լրագրողին եւ հայտնեց, թե «դատավարության կողմերն իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ընթացքում»: Իսկ Վեզիրյանի ընթերցած հոդվածը գործի նյութերում ներառված չէ:

Լրագրողը միջնորդեց վերսկսել դատաքննությունը եւ այդ հրապարակումը դիտարկել իբրեւ ներկայացված լրացուցիչ ապացույց:

«Ես այդ հոդվածում գրել եմ, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը շիզոֆրենիկ է եւ խնդրել եմ, որպեսզի հոգեբուժարանից տեղեկանք ներկայացնի համապատասխան ատյաններին: Միաժամանակ գրել եմ, որ դատական կարգադրիչներից պետք չէ նեղանալ, որովհետեւ իրենք վարժեցված շներ են եւ վեցնոցներ»,- ասաց Գոհար Վեզիրյանը:

Նա դատարանում իր հետ տեղի ունեցած միջադեպն ուղղակիորեն կապեց նշյալ հոդվածի հետ, քանի որ «վկաների կեղծ ցուցմունքների մեջբերումներն արված են այս հրապարակումից, ինչն ապացուցվել է դատարանի դահլիճում սղագրության վերծանվամբ»:

«Որովհետեւ ոչ «շիզոֆրենիկ», ոչ «վեցնոց» բառերը ձայնագրության մեջ չկան: Իսկ քննիչը, երբ այդ մարդկանց ցուցմունք է թելադրել, թերթը դրել է դեմներն ու ասել` արտագրեք (որովհետեւ բառացի արտագրված է)»,-ասաց նա:

Մեղադրող Լ. Չարխիֆալակյանը նշեց, թե ասվածը զուտ ենթադրություն է Ավելին, ըստ նրա` կարգադրիչների վկայությամբ` Գոհար Վեզիրյանի կողմից դատարանում հնչեցված մյուս վիրավորական բառերը` «չմո», «անտաշ», հոդվածի մեջ չկան: «Դրա համար գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման»:

Դատարանը լրագրողի միջնորդությունը մերժեց, քանի որ «այն պատճառաբանված եւ հիմնավորված չէ», երկրորդ` «նման բառի իմացությունը եւ օգտագործելը միայն ամբաստանյալին չի վերապահված: Մարդիկ կարող են այդ բառերն իմանալ` առանձ Ձեր (Գ. Վեզիրյան) խորհրդի կամ սովորեցնելու»:

Գոհար Վեզիրյանը հայտարարեց, թե հայկական արդարադատությունից վաղուց արդեն սպասելիներ չունի: Պարզապես նրան անհրաժեշտ է Հայաստանում անցնել դատական բոլոր ատյանները, եւ գործը հասցնել Եվրադատարան:

«Ես ցավում եմ, որ արդարադատությունը ոչ թե այս երկրի շրջանակներում է հաղթանակ տանում, այլ դրսում, որը հետո պարտադրվում է երկրին ու մեր պետության բյուջեից սկսում են անընդհատ փողեր վճարվել,- ասաց լրագրողը: – Իսկ դատախազին էլ ուզում եմ ասել` մի պահ կանգ առեք: Դատարան գործեր բերելուծ առաջ շարժվեք խղճի մտոք: Ամոթ Ձեզ: Ընդամենն այսքանը»:

Դատախազը լրագրողին կոչ արեց կոնկրետ քրեական գործի քննությունը չմասնավորեցնել իր անձի հետ եւ «բարոյախրատական ճառեր արտասանելուց առաջ ավելի շատ մտածել կատարվածի մասին»:

Երբ Վեզիրյանը փորձեց ռեպլիկի կարգով պատասխանել, դատավոր Գ. Պողոսյանը միջամտեց` նշելով, թե անհանգստացած է, որ նա կարող է «նորից հանրորեն վտանգավոր արարք կատարել»:

«Պարոն դատավոր, Ձեզ մանիպուլյացիայի են ենթարկել. ես երբեւէ անհարգալից վերաբերմունք չեմ դրսեւորել դատարանի նկատմամբ, եւ Դուք ինքներդ շատ լավ գիտեք դրա մասին»,- ասաց Գ. Վեզիրյանը եւ հույս հայտնեց, որ «ամոթ ձեզ» արտահայտությունը հետագայում չի որակվի որպես սեռական բնույթի հայհոյանք:

Վեզիրյանին տուգանելու հետ միաժամանակ դատարանը որոշել է` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը, թողնել անփոփոխ, մինչև դատավճիռը կստանա օրինական ուժ: Պաշտպանական կողմը պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter