HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մի քանի րոպեից քվեաթերթիկների վերահաշվարկը կսկսվի

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ մասնավորապես թիվ 8/05 ընտրատեղամասում  քվեարկվել են  կեղծ քվեաթերթիկներ: Նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որի շրջանակներում փորձագետներն այսօր` ժամը 14:00-ին, կկատարեն նշված ընտրատարածքի քվեաթերթիկների վերահաշվարկ եւ զննում:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացի թափանցիկությունը՝ քվեաթերթիկների պարկի բացումը տեղի կունենա հրապարակային, որին կարող են ներկա գտնվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ ԶԼՄ-ների, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների, կուսակցությունների, նախընտրական դաշինքների ներկայացուցիչները»,- հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Տվյալ գործընթացը տեղի կունենա գլխավոր դատախազության վարչական շենքում:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ձերբակալվել են հիշյալ ընտրատարածքի (թիվ 8/05) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը:
Մեր տեղեկություններով` Նորայր Եղիազարյանն ԱԺ պատգամավոր, Հանրապետական Սամվել Ալեքսանյանի (մականունը` Լֆիկ Սամո) մարդն է: Երկու օր է` «Հետքին» չի հաջողվում կապ հաստատել պատգամավոր Ալեքսանյանի հետ: Վերջինիս բջջային հեռախոսն անջատած է, իսկ պատգամավորի օգնական ասում է, թե ինքը «ոչ մի բանից տեղյակ չէ»:

Ձերբակալված Նորայր Եղիազարյանը Վահան Զատիկյանի անվան դպրոցում տեղակայված 8/05 ընտրատեղամասում մայիսի 31-ի ընտրությունների ժամանակ «տիրություն է արել»` որպես ՀՀԿ-ի վստահված անձ: «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը նախօրեին հրապարակված իր հոդվածում նկարագրել է, թե ինչպես է Նորայր Եղիազարյանը հանձնաժողովի կնիքը վերցրել եւ վազելով մտել զուգարան: Նրան հետեւել է պատգամավոր Ս. Ալեքսանյանի քրոջ որդին` 23-ամյա Վարդան Հովհաննիսյանը, ու զուգարանի դուռը ներսից փակել է: «Երկու-երեք րոպե անց «վրա հասավ» հանձնաժողովի նախագահ Պետրոս Ավետիսյանն ու, իբր թե բարկանալով` նրանց դուրս հանեց»:

Մոտ կես ժամ անց Վարդան Հովհաննիսյանը փորձել է մի տրցակ քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ, ինչին խոչընդոտել են տեղամասում գտնվող լրագրողները եւ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հ/կ-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Երիտասարդը սկսել է վերջիններիս համոզել, որ մաղարիչի, թեկուզ` դոլարի դիմաց, նրանք որոշ ժամանակով ընտրատեղամասը լքեն:

Արդյունքի չհասնելով` Վարդան Հովհաննիսյանն օգնության է կանչել ընկերներին` մոտ 20 ամրակազմ տղաների: Նրանք բռնություն են գործադրել ընտրակեղծարարությանը խոչընդոտողների, այդ թվում` Արմինե Ավետյանի նկատմամբ, ինչի «շնորհիվ» Վարդան Հովհաննիսյանը մեկ այլ երիտասարդի հետ լցոնել է երկու կապոց քվեաթերթիկ: Իսկ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, տեղեկանալով միջադեպի մասին, լրագրող Արմինե Ավետյանին ասել է. «Բա որ այս տարածքն էիր գալիս, շուտ ձեն հանեիր, որ ասեի` քեզ ձեռ չտան»:

Այս ամենի արդյունքում «պատասխան է տալու» միայն Նորայր Եղիազարյանը: Չնայած մամուլում արդեն հնչել են կարծիքներ, որ նրան եւ Արմեն Օհանյանին ձերբակալել են պարզապես կրքերը հանդարտեցնելու համար, ինչը «թամաշայի բաղկացուցիչ մասն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter