HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Եթե հանցագործության պատվիրատուներին չպետք է գտնեն, անիմաստ է Կ. Հարությունյանին դատապարտելը»

Այսօր դատարանում ասաց 2008 թ. նոյեմբերի 17-ին հարձակման ենթարկված «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը

Իրավապահներն այդպես էլ չպարզեցին, թե 20-ամյա Կարեն Հարությունյանից բացի, ովքեր էին մյուս երկու անձինք, որոնք անցյալ տարվա նոյեմբերի 17-ին հարձակվել էին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա, եւ ո՞վ էր այդ հանցագործության պատվիրատուն:

Կ. Հարությունյանը ոչ միայն ժխտել է միջադեպին իր մասնակցությունը, այլ ընդհանրապես հրաժարվել է ցուցմունք տալուց: Այնուամենայնիվ, նախաքննական մարմինն ապացուցված է համարել նրան առաջադրված մեղադրանքը («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»), եւ գործը հայտնվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Այսօր, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց գործի դատաքննությունը: Հարցաքննվեցին տուժող Էդիկ Բաղդասարյանը, նրա որդին` Տիգրան Բաղդասարյանը եւ Բուզանդի 1/3 շենքի (որտեղ տեղակայված է նաեւ «Հետքի» խմբագրությունը) պահակ Կարապետ Աթոյանը: Վերջին երկուսը գործում ներգրավված են որպես վկաներ, սակայն նրանց ցուցմունքները, ըստ էության, քրեական գործի հետ էական առնչություն չունեն:

Դատակոչված վկաներից Սաթենիկ Ամիրբեկյանն այսօրվա նիստին չէր ներկայացել, ինչի պատճառների մասին դատարանն ուղղակի տեղյակ չէր: Իսկ մյուս վական` ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչ Նորայր Ավետիսյանը, դատարանին գրավոր տեղեկացրել է, թե «ընտանեկան դրությունից ելնելով` հունիսի 2-ից բացակայում է հանրապետությունից, ուստի չի կարող մասնակցել դատավարությանը»: Նա դատարանին խնդրել էր հարգելի համարել իր բացակայությունը եւ հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Հիշեցնենք, որ հիշյալ վկան պատահաբար ականատես էր դարձել միջադեպին, եւ նրա օդ արձակած կրակոցից հետո էին հանցագործները դիմել փախուստի: Հենց այդ տեսուչն էլ փախչողների մեջ ճանաչել էր իրենց բակի նախկին բնակչին` Կարեն Հարությունյանին:

Վերջինիս պաշտպան Վահագն Մանուկյանը միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվի, իսկ անհրաժեշտության դեպքում` բերման ենթարկվի «այս գործի գլուխգործոց» վկան` տեսուչ Նորայր Ավետիսյանը, քանի որ պաշտպանական կողմը, իր «կասկածները փարատելու համար», նրան ուղղելու շատ կարեւոր հարցեր ունի:

Դատարանը որոշեց չներկայացած երկու վկաներին կրկին պատշաճ կարգով ծանուցել` հաջորդ նիստի ժամանակ վկայություն տալու համար:

Էդիկ Բաղդասարյանի հարցաքննության ժամանակ դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք նա կարող է ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը քիչ թե շատ դատարանին կկողմնորոշի` կոնկրետ ո՞ւմ նախաձեռնությամբ է հանցագործությունն իրականացվել:

«Կարեն Հարությունյանի կալանավորումից հետո նրա մայրը եկել էր մեր տուն եւ ասաց, թե «տղայիս գլխին սարքում են»: Պատասխանեցի, որ ես այն մարդը չեմ, որի միջոցով կարողանան ինչ-որ մեկի գլխին սարքել: Հետո Կարենի մայրը պատմեց, որ ինքը Վարդան Այվազյանի որդու բժիշկն է, պարբերաբար, ինչքան գիտեմ` գրեթե ամեն օր նրանք հանդիպում են: Դրանից հետո ինձ մոտ կասկածներ առաջացան, որովհետեւ ես բազմաթիվ հրապարակումներ եմ ունեցել, այդ թվում` դեպքից մի քանի օր առաջ հոդված եմ գրել Վարդան Այվազյանի բիզնեսի մասին:

Եթե Կ. Հարությունյանը Վարդան Այվազյանի շրջապատից է, վերջինիս որդու հետ շատ մոտ է, հնարավոր է, որ Այվազյանը միջադեպի հետ կապ ունի»,- ասաց Է. Բաղդասարյանը:

Դատավորը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք տուժողը չի՞ պատրաստվում ներկայացնել որեւէ գումարային պահանջ:

«Ես ամբաստանյալի նկատմամբ քաղհայց չեմ ներկայացրել, եւ ընդհանրապես, գտնում եմ, որ եթե հանցագործության պատվիրատուներին չպետք է գտնեն, անիմաստ է Կ. Հարությունյանին դատապարտելը, եթե նույնիսկ հարձակվողներից մեկը նա է»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը:

Դատավարությունը կշարունակվի հունիսի 10-ին, ժամը 15:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter