HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մեղադրողը պահանջեց 5,5 տարվա ազատազրկում

«Էդ պահին բջջային հեռախոսիս քարտը կորցրել էի. մոտ 1 ամիս չեմ ունեցել»,- ի պատասխան «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցին` դատարանում հայտարարեց Կարեն Հարությունյանը: Նա մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին երկու անհայտ անձանց հետ Բաղդասարյանի վրա հարձակվելու համար:

«Կարեն Հարությունյանի եղբոր (մոր երկրորդ ամուսնու որդու) անունով երեք բջջային հեռախոսահամար է գրանցված: Առայժմ քրեական գործում եղած այդ վերծանումներն եմ ուսումնասիրում: Այնտեղ զանգեր կան, որոնցով պետք է քննիչները զբաղվեին: Խոսքը հատկապես դեպքին նախորդող եւ հաջորդող մի քանի ժամերի հեռախոսազանգերին է վերաբերվում: Ես համոզված եմ, որ եղբոր անունով եղած այդ հեռախոսահամարներից մեկը միջադեպի օրը եղել է Կարեն Հարությունյանի մոտ: Սակայն սրանով առանձնապես չեն զբաղվել քննիչները: Բաներ կան, որոնք քննչական գործողություններով պիտի պարզվեին, մեզ` լրագրողներիս համար դժվար է դա անել եւ հնարավոր է` ամիսներ պահանջվեն դա անելու համար»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:

Կարեն Հարությունյանը նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց: Բայց այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նա պատասխանեց կողմերի բոլոր հարցերին` պնդելով, որ ինքը մեղավոր չէ:

«Ես տանն եմ եղել եւ կարող եմ դա ապացուցել: Ինձ ոստիկանությունում ասել են` դու ես եղել, պատմիր` ո՞նց է եղել: Ես էլ ասել եմ` ես չեմ եղել. բան չունեմ պատմելու»,- ասաց Կ. Հարությունյանը:

Մինչ այդ դատարանը հարցաքննեց միջադեպին պատահաբար ականատես դարձած ոստիկանության տեսուչ Նորայր Ավետիսյանին: Նա պատմեց, որ այդ օրը փորձել է ազատ ժամանակն անցկացնել «Վերնիսաժի» հարեւանությամբ գտնվող բիլիարդի ակումբում: Մեքենան կայանելիս պատահաբար նկատել է իրենց բակի նախկին բնակիչ Կարեն Հարությունյանին` երկու անծանոթ տղաների հետ շատրվանների ուղղությամբ գնալիս:

«Մեքենան կանգնեցրի եւ նայեցի նրանց կողմ: Մոտ 50 մ հեռավորության վրա նկատեցի, որ կռիվ է: Վազելով գնացի այդ ուղղությամբ` այդ ընթացքում բարձրաձայն գոչելով, որ ոստիկանության աշխատակից եմ, կռիվը դադարեցնեն: Չլսեցին: Ես իմ անձնական գազային ատրճանակով կրակեցի օդ: Դրանից հետո փախուստի դիմեցին»,- դատարանում պատմեց Նորայր Ավետիսյանը:

Վկայի խոսքերով` ինքը վազել է հանցագործների ետեւից, սակայն չի կարողացել երկար հետապնդել, քանի որ «ավելի շատ մտահոգվել է տուժողի վիճակով»: Հենց հանցագործներին հետապնդելիս էլ նա վերջիններիս մեջ ճանաչել է Կ. Հարությունյանին:

Նկարագրելով կռվի մանրամասները` Ն. Ավետիսյանը նշեց, որ հանցագործներից երկուսը ձեռքերով եւ ոտքերով Բաղդասարյանին հարվածել են առջեւից, իսկ երրորդը` ետեւից «ինչ-որ ծանր գործիքով խփում էր գլխին»: Վկայի պատմելով` Բաղդասարյանը դիմադրել է, փորձել բարձրանալ, սակայն հանցագործները, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալով, անընդհատ հարվածել ու թույլ չեն տվել բարձրանալ:

«Սուտ է: Այդ մարդն (Նորայր Ավետիսյանն) ինձ թշնամի է, դրա համար էլ էսօր ըտենց ա ասում,- հայտարարեց Կ. Հարությունյանը եւ մանրամասնեց թշնամության պատճառը, – ես քուր ունեմ (Խոսքը Կարենի մոր երկրորդ ամուսնու դստեր մասին է – «Հետք»), մոտ 6-7 տարի առաջ ինքն էդ աղջկան ա սիրել: Հետո իմ քուրն ընկեր ա ունեցել, ասել ա` էդ աղջիկը քո համար չի, էդ օրվանից մենք էլ ենք իրան ասել, որ էդ աղջիկը քո համար չի»:

Ամբաստանյալը նշեց, թե միջադեպի օրը ժամը 3-ից 4-ի սահմաններում ինքը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատված մորը տեղափոխել է տուն եւ ամբողջ օրը տնից դուրս չի եկել: Նրա խոսքերով` դա կարող են հաստատել բնկարանում մորը` Մարինե Մարկոսյանին խնամած բժշկուհին` Լուսինե Թովմասյանը, եւ բուժքույրը` Նաիրա Մուրադյանը: Վերջինս Կարենի մոր մտերիմ ընկերուհին է:

Պաշտպան Վահագն Մանուկյանը միջնորդեց հիշյալ երեք անձանց դատարանում հարցաքննել: Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը մերժեց` պատճառաբանելով, որ Մարինե Մարտիրոսյանը եւ Նաիրա Մուրադյանը գործի ելքով շահագրգռված անձինք են, բացի այդ` ողջ դատաքննության ընթացքում գտնվել են դահլիճում:

«Իսկ Լուսինե Թովմասյանը նախաքննության ժամանակ որպես վկա ցուցմունք է տվել, որ Կ. Հարությունյանը դեպքի օրը բնակության վայրում է եղել մինչեւ ժամը 19-ի սահմանները: Տվյալ պարագայում որեւէ կերպ չի հերքվում կամ հաստատվում ամբաստանյալի կողմից ժամը 19:50-ի սահմաններում իրեն վերագրվող արարքը կատարելու կամ չկատարելու հանգամանքը»,- ասաց դատավորը:

Ավարտելով դատաքննությունը` դատարանը հայտարարեց, որ անցնում է վիճաբանությունների փուլին: Մեղադրող Հայկ Բալյանն իր ճառում նշեց, որ Կ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է («Խուլիգանություն») եւ միջնորդեց նրան դատապարտել 5,5 տարվա ազատազրկման:

Պաշտպանը, ճառը նախապատրաստելու համար, միջնորդեց դատավարությունն ընդմիջել: Այն կշարունակվի հունիսի 19-ին, ժամը 14:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter