HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞րն է զինվորի մահվան իրական պատճառը. էլեկտրահարո՞ւմը

«Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով զորամասի հրամանատար Սմբատ Սիմոնյանը, զորամասում օրվա պատասխանատու Ստյոպա Կարախչյանը եւ հերթապահ Նվեր Մարգարյանը ստացել են նկատողություն: Բայց 2 ամիս չանցած` բարձրացրել են ոչ միայն այս սպաների պաշտոնները, այլեւ կոչումները` կապիտանից դարձնելով մայոր, մայորից` միանգամից գնդապետ: Նրանք պարգեւատրվել են որդուս սպանությունը լավ թաքցնելու համար»,- ասում է բանակում զոհված զինվորի հայրը` Սուրեն Օհանջանյանը (Տես հոդվածը ՝ «Թող գտնեն մարդասպաններին»,- պահանջում է զոհված զինվորի հայրը):

Օհանջանյանների ընտանիքը երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում: Նրանց ավագ որդին` Տիգրանը մարզվել է ձյուդոյով, դարձել քաղաքի չեմպիոն: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ընդունվել է պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսների եւ էկոնոմիկայի ֆակուլտետ: Սակայն 2-րդ կուրսում, չանսալով ծնողների հորդորներին, 18-ամյա Տիգրանն ուսումը կիսատ է թողել եւ վերադարձել Հայաստան` իր տարեկիցների հետ ազգային բանակ զորակոչվելու: Նա սկզբում ծառայել է Լուսակերտի, այնուհետեւ` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում:

2007 թ. օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, Ռուսաստանում ապրող ծնողներին հայտնել են, որ Տիգրանը զորամասում մահացել է:

Հետագայում հարուցված քրեական գործի նյութերով` օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, զորամասի ընդունարանում (ККП) հերթապահող ժամկետային զինծառայող Արմեն Գալստյանը 3 անգամ ձայն է լսել: Գնալով ձայնի ուղղությամբ` ռադիո-ռելսային տելեսկոպիկ կայմի մոտ տեսել է Տիգրանին` մեջքի վրա գետնին պառկած: Գալստյանն օգնություն է կանչել, եւ փորձել են ընկածին օգնել: Ըստ ցուցմունքների` մահվանից առաջ Տիգրանը նույնիսկ փսխել է:

Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի (ԴԲԳԳԿ) փորձագետ Վիգեն Ադամյանը եզրակացրել է, որ հանգուցյալի մահվան պատճառն օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է:

Հերձումից առաջ Տիգրանի հարազատները հասցրել են դիակը լուսանկարել: Դրանք էապես տարբերվում են ԴԲԳԳԿ-ի կողմից արված լուսանկարներից: Հարազատների լուսանկարներով` Տիգրանի մարմնի վրա առկա են բռնության բազմաթիվ հետքեր (Այդ լուսանկարները խմբագրության տրամադրության տակ են, սակայն հասկանալի պատճառներով չենք հրապարակում:), որոնք փորձագետ Վ. Ադամյանը չի «նկատել», թեեւ եզրակացությունը կազմելիս ստորագրությամբ հաստատել է, որ նախազգուշացված է «ակնհայտ կեղծ եզրակացության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին»:

Հարուցված քրեական գործով անցել են 70-ից ավել վկաներ: Գրեթե բոլորն ասել են նույն բանը, ըստ որի` Տիգրանը մահացել է ժամը 23-ի սահմաններում:

«Դեպքի հաջորդ օրը մի կին եկավ մեր տուն եւ ասաց, որ իր տղան` Գագիկ Ավագյանը, ծառայում է Տիգրանի հետ: Նա պատմեց, որ նախորդ օրը դեռ ժամը 21-ին Գագիկը զանգել է տուն եւ հայտնել Տիգրանի մահվան լուրը»,- հիշում է որդեկորույս հայրը:

Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Վովա Գասպարյանի անունով գրված դիմում-բողոքների արդյունքում ՌՈ աշխատակիցները Գագիկին հարցաքննել են: Այս անգամ նրա պատմածներն էականորեն տարբերվել են գործի շրջանակում քննիչին տված ցուցմունքից: Գագիկը նշել է, որ Տիգրանի մահվան մասին լսել է զորամասի ճաշարանում օգոստոսի 30-ին, ժամը 20-ից 21-ի սահմաններում:

Այս ցուցմունքը կարող էր էականորեն փոխել գործի ընթացքը, սակայն այդպես էլ հետեւանք չի ունեցել: Առաջին իսկ օրվանից իրավապահների առաջ քաշած «հոսանքահարման» վարկածն փոփոխություն չի կրել: Չնայած նրան, որ տուժողի իրավահաջորդները մի քանի անգամ բացարկ են հայտնել քննիչ Հարություն Շահնազարյանին` «ապօրինություններ գործելու եւ իրականությունը խեղաթյուրելու համար», նա «հաջողությամբ» նախաքննությունն ավարտել է եւ գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

«Ես նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամներ ասել եմ, որ գեներալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների հանգստյան սենյակը գտնվում է դեպքի վայրից 3-4 մ հեռավորության վրա: Ինձ միշտ ասում էին, որ նման բան չկա. այդ սենյակում երբեք թիկնապահներ չեն եղել,- ասում է Սուրեն Օհանջանյանը,- գեներալ Բաղմանյանի թիկնապահները պրոֆեսիոնալ հանցագործներ են: Ես նույնիսկ կասկածում եմ, որ նրանք էլ կարող են կապ ունենալ որդուս սպանության հետ, որովհետեւ նրանց մասին քրեական գործում ոչ մի բառ չկա: Եթե թաքցնում են, ուրեմն կոծկելու լուրջ պատճառներ ունեն»:

Այն, որ թիկնապահների հանգստյան սենյակի գոյությունը նպատակադրված թաքցվում է, փաստվել է նաեւ դատավարության ընթացքում: Հետագայում որպես վկա դատարանում հարցաքննվելիս Ավետիք Բաղրամյանը (փոխգնդապետ) եւ զորամասի բուժաշխատող Դավիթ Մելիք-Նաբարյանը, տուժողի իրավահաջորդի հարցերին ի պատասխան` հաստատել են, որ «թիկնապահների սենյակը գտնվում է դեպքից 3-4 մ հեռավորության վրա»:

«Հենց նրանք այդ մասին ասացին, մեղադրող Հարություն Հարությունյանը եւ դատավոր Յուրի Իսկոյանը խառնվեցին իրար: Դատախազ Հարությունյանը հայտարարեց, որ նման բան չկա, սկսեց ուղղորդող հարցեր տալ, ինչից հետո երկուսն էլ հերքեցին իրենց ասածները` նշելով, թե սխալվել են, դա ոչ թե թիկնապահների սենյակն է, այլ կապի հանգույցը: Բայց դատական նիստն արձանագրվել է, եւ նրանց սկզբի ասածները` թիկնապահների սենյակի մասին, հստակ ֆիքսվել է»,- ասում է զոհված զինվորի մայրը` Գոհար Սարգսյանը:

Որդեկորույս ծնողներին անհանգստացնում է համառորեն անտեսված մեկ այլ հանգամանք եւս: Զորամասում Տիգրանը շատ լարված հարաբերություններ է ունեցել երկու երիտասարդ սպաների հետ: Այդ մասին նա անձամբ պատմել է հարազատներին: Իսկ երբ վերջիններս դեպքից մեկ շաբաթ առաջ այցելել են Տիգրանին, նրա հոնքը վնասված, աչքի տակ կապտած է եղել:

Բացի այդ 2007 թ. օգոստոսի 27-ին` Տիգրան Օհանջանյանի մահվանից 3 օր առաջ, զորամասում «տեղի ունեցած դեպքի կապակցությամբ» անցկացվել է ծառայողական քննություն:

«Այդ օրը զորամասում մեծ կռիվ է եղել, հետո հսկողություն չեն սահմանել, եւ 3 օր հետո տղայիս սպանել են»,- ասում է զինվորի հայրը:

Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը փորձաքննության մեջ եզրակացրել է, որ էլեկտրական հոսանքն անցել է Տիգրան Օհանջանյանի պարանոցով եւ դուրս եկել աջ ոտնաթաթի միջով: Իսկ դատաքննության ժամանակ, մինչ զինվորի ծնողների մասնակցությունը, նա դատարանում պնդել է, որ Տիգրանի ոտնաթաթին առկա վերքը հոսանքի ելքի պատճառով առաջացած էլեկտրանիշ է եւ հերքել է այն փաստը, որ Օհանջանյանի դեպքից մի քանի օր առաջ վնասել էր ոտնաթաթի նույն մատը: Մինչդեռ դատարանում ցուցմունք տված զորամասի բուժաշխատող Դավիթ Մելիք-Նաբարյանը հայտնել է, որ «դեպքից 3 օր առաջ` օգոստոսի 27-ին, բուժօգնություն է ցույց տվել Տիգրանին` մշակելով աջ ոտքի առաջին մատի ծայրային ֆալանգի շրջանի պատռված վերքը»:

Դատավարությունը սկսվել է 2008 թ. հունիսի 2-ին: Տուժողի իրավահաջորդները ծանուցագիրը պատշաճ կարգով չեն ստացել: Սուրեն Օհանջանյանի հավաստմամբ` առաջին անգամ ծանուցագիրը ստացել են առաջին նիստը նշանակվելուց 17, իսկ երկրորդ ծանուցագիրը` հերթական նիստից 24 օր անց: Երրորդ ծանուցագրով Տիգրանի ծնողները տեղեկացվել են, որ դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել իրենց բացակայությամբ:

«Դատարանն առանց մեզ հարցաքննել էր դատակոչված 20-ից ավելի վկաներից 14-ին եւ դրանով բավարարվել: Հիմնականում ում որ պետք չէ, նրանց են դատակոչել: Մենք դիմեցինք Գեղարքունիքի մարզի դատարանների նախագահ Աղվան Պետրոսյանին եւ, ի վերջո, եկանք այն համաձայնության, որ վկաները պետք է նորից հարցաքննվեն,- պատմում է Սուրեն Օհանջանյանը: – Մեր բացակայությամբ դատարանը հրապարակել էր ամենակարեւոր վկայի` դեպքից հետո որդուս առաջինը տեսած Արմեն Գալստյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ քրեական գործի` այդ զինվորին էլ է հոսանքը խփել: Նա ասել է` ձեռքով անտենայի ձգալարը բռնեցի, ինձ թափ տվեց, ընկա գետնին: Դատաբժիշկն էլ գրել է, որ նրա ձեռքին հոսանքի հետքը մնացել է: Բայց ես անձամբ դեպքից հետո նրան տեսել եւ հատուկ ասել եմ` ձեռքիդ ափը ցույց տուր, եւ ոչ մի հետք չկար»:

Տուժողի ծնողները միջնորդել են Արմեն Գալստյանին ենթարկել բերման: Սակայն դատարանը սկզբում պարզել է, որ նա Հանրապետությունում չէ, այնուհետեւ հայտարարել է, որ Գալստյանները Երեւանում գտնվող բնակարանը վաճառել են եւ հնարավոր չէ նրանց գտնել:

«Մենք հետաքրքրվել ենք. Արմենը քաղաքում է, ապրում է Ռայկոմում գտնվող իրենց տանը»,-ասում է Ս. Օհանջանյանը: Նրա կինն էլ ավելացնում է, որ մի անգամ նույնիսկ հեռախոսով խոսել է Արմեն Գալստյանի հետ եւ վերջինս ասել է` «ինձ հետ գործ չունեք»:

Դատարանը հարցաքննել է նաեւ դատաբժիշկ Վիգեն Ադամյանին: Բայց վերջինս հրաժարվել է կրկնակի հարցաքննությունից` նշելով, որ չի ուզում տուժողի իրավահաջորդների ներկայությամբ ցուցմունքներ տալ, քանի որ վերջիններս իրեն ահաբեկում են:

Այս տարվա մարտի 30-ին Օհանջանյանների շահերի ներկայացուցիչներ Մոնիկա Մարգարյանը եւ Սեդա Սաֆարյանը դատարանին միջնորդել են նշանակել համալիր` կրկնակի դատաէլեկտրատեխնիկական եւ դատաբժշկական փորձաքննություն` կատարելով արտաշիրիմում:

«Որովհետեւ էլեկտրատեխնիկական փորձաքննություն անցկացրած Գենադի Հարությունյանին դատարանում հարցնում եմ` Դուք հայտնաբերել եք, թե որտեղից է հոսանքը մտել այդ անտենայի մեջ, ասում է` այո, անտենայի վերեւից: Հարցնում եմ` անտենայի վերեւը տեսե՞լ եք, պատասխանում է` ոչ, Սեւանի կայազորի դատախազ Գնել Մանուկյանին խնդրեցի անտենան իջեցնել, բայց չիջեցրին: Այսինքն` առանց հոսանքի աղբյուրն հայտնաբերելու, նա եզրակացություն է տվել, թե դրանում հոսանք է եղել»,- ասում է Ս. Օհանջանյանը:

Մյուս կողմից` դատարանում ցուցմունք տված վկա Խաչատուր Երիցյանը հայտնել է, որ հիշյալ անտենային ամրակցված ձգալարերի վրա «հոսանքի առկայությունը բացառվում է», և այդ կայանը բարձր հոսանքի դեպքում ուղղակի վառվելու էր: Իսկ իր ստուգման ժամանակ` դեպքից մեկ շաբաթ անց, այն աշխատում էր և իրենք «Արթուր Մելքոնյանի պարանոցին ձգալարը դնելուց հետո պարզել են, որ բարձր լարում չկա, քանի որ վերջինս չի էլեկտրահարվել: Առավել ևս` ձգալարերն ինքնին հողանցված էին, և եթե անգմա հոսանք լիներ, պիտի պարպվեր»:

Դատարանը մեկ ամիս անց միջնորդությունը բավարարել է, սակայն Դատաբժշկանան գիտագործական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը գրություն է ուղարկել դատարան, որում նշված է, թե «ԴԲԳԳԿ-ն չի կարող հանդես գալ արտաշիրինմանը` որպես առաջատար հիմնարկություն, քանի որ լրատվական միջոցներից հայտնի է, որ բազմիցս անվստահություն է հայտնվել ԴԲԳԳԿ-ի փորձագետներին, ինչպես նաև հնչել են զրպարտանքներ և ահաբեկումներ»: Ուստի, Շոթա Վարդանյանը խնդրել է, որպեսզի արտաշիրիմումն իրականացնի այլ կազմակերպություն, իսկ «ԴԲԳԳԿ-ի փորձագետներին տվյալ փորձաքննությանը մասնակից դարձնեն ներկայացուցչի կարգավիճակով»:

«Հայաստանում միայն Շոթա Վարդանյանի դատաբժշկական կենտրոնն է կատարում արտաշիրիմում. ուրիշ ոչ մի հիմնարկ նման փորձաքննություն չի կատարում: Իրենք էլ հրաժարվում են, որովհետեւ գիտեն, թե ինչեր են արել: Դատարանն էլ փոխանակ ԴԲԳԳԿ-ին պարտադրի իր որոշումը կատարել, իբր ման է գալիս, թե ուրիշ ով կարող է արտաշիրիմում անել: Դատավարությունն էլ անընդհատ հետաձգվում է. մյուս նիստը նշանակվել է հունիսի 23-ին: Այսինքն` առանց փորձաքննության, ուզում են դատավարությունը շարունակել, ու այդ անմեղ մարդկանց դատել»,- ասում է Սուրեն Օհանջանյանը:

Տիգրան Օհանջանյանի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել կապիտան Ռուստամ Ասատրյանին եւ ենթասպա Կարեն Թովմասյանին` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել, իսկ մեղադրանքի հաստատման դեպքում վերջիններիս սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում:

«Մենք շատ լավ գիտենք, որ չենք կարող մեր երեխային հետ բերել, եւ ընդամենն ուզում ենք, որ գոնե իրական մեղավորը պատժվի»,- ասում է Տիգրանի մայրը:

«Մոտ 2 տարի է` բողոքում ենք: Ոչ մեկը չի կարողանում մեզ օգնել: Մի օր առավոտյան 10:30-ից մինչեւ իրիկունը 10-ը կանգնել ենք կառավարության շենքի մոտ եւ վարչապետին բարձրաձայն անպատվել: Ժամը 10-ին վարչապետը մեզ ընդունեց եւ ասաց, որ լծակներ չունի: Մի խոսքով` ում մոտ գնացել ենք, ասում են` գնացեք Սերժ Սարգսյանի մոտ: Նախագահն էլ ոչ մի բան չի լսում»,- հավելում է զոհված զինվորի հայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter