HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արզումանյանը եւ Սիրունյանը հանդես եկան պաշտպանական ճառով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Այսօր վերջիններս հանդես եկան պաշտպանական ճառով, որը տեւեց մոտ 5 ժամ:

Սուրեն Սիրունյանը նշեց, որ նախկինում եղել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը եւ, «քանի որ այս իշխանությունները վրեժի ծարավով են լցված Սիրադեղյանի հանդեպ», հետապնդում են նաեւ իրեն:

«Ինչ որ դատարանի դահլիճում ասելու եմ, չեմ փորձելու իմ անմեղությունն ապացուցող որեւիցե փաստ ներկայացնել, այլ, ընդհանուր առմամբ, խոսելու եմ մարտի 1-2-ի դեպքերի մասին, քանի որ գործը վերաբերում է դրան: Չնայած ամբողջ դատավարության ընթացքում այդպես էլ չհասկացա, թե ում դատավարությանն եմ մասնակցում»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով` դատաքննության ընթացքում ավելի շատ խոսվել է Նիկոլ Փաշինյանի եւ Շանթ Հարությունյանի մասին, քան իր, այն դեպքում, երբ Շ. Հարությունյանի մասով քրեական գործը կարճվել է, իսկ Փաշինյանի դեպքում` գործից առանձնացվել է առանձին վարույթ:

«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար մեղադրվող 7 անձինք, մինչ Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածի փոփոխությունը, դատվում էին միասին` «Յոթի գործով»: Խոսելով մյուս 6 անձանց մասին` Ս. Սիրունյանը նշեց, որ նրանցից սերտ հարաբերություններ է ունեցել միայն Ալեքսադր Արզումանյանի հետ:

«Ես հպարտ եմ, որ այսօր կանգնած եմ Ա. Արզումանյանի կողքին, ոչ թե, ասենք, «Տեցի կռուգի» որեւիցե անձնավորության: Քանի որ Արզումանյանն այս երկրի հիմնադիրներից մեկն է, իմ կուսակցության ղեկավարն է եղել, իմ երկրի արտգործնախարարը»:

Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը եւ Սասուն Միքայելյանը, Սուրենյանի բնորոշմամբ` ազգի հերոսներ են, եւ ինքը վերջիններիս հետ 1998 թ. հետո որեւէ շփում չի ունեցել ու հանդիպել է դատարանի դահլիճում: Գրիգոր Ոսկերչյանին վերջին անգամ տեսել է 2004 թ., իսկ Շանթ Հարությունյանին` 2006-ին:

«Այս յոթիս միացնելով իրար ու սարքելով մի գործ` դատախազությունը դրանով ապացուցեց, որ իր նպատակը 10 զոհերից ազատվելն է»,- ասաց Ս. Սիրունյանը:

Նա նշեց, որ նախաքննության փուլում իր հետ որեւէ առերեսում չի կազմակերպվել, ավելի, իր նկատմամբ չի իրականացվել նույնիսկ քննչական գործողություն. «Անցյալ տարվա մայիսի 3-ին ինձ մեկուսարանից տարան դատախազություն: Բայց ես անակնկալի եկա, այնտեղ տեսնելով ոչ թե քննիչին, այլ կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանին: Նա փորձում էր ինձ համոզել, որ ասեմ` այսինչ մարդու մոտ զենք է եղել, մյուսի մոտ` բենզին եւ այլն: Տեսնելով, որ արդյունքի չի հասնում, նա հեռացավ: Արդյունքում մայիսի 6-ին կալանավորվեց իմ եղբայրը»:

Անդրադառնալով մեղադրական եզրակացության մեջ գրված այն տողերին, թե համաժողովրդական շարժման ղեկավարներն «Ազատության հրապարակում տարբեր ֆիլմեր ցուցադրելով փորձում էին ժողովրդին տրամադրել բռնությունների», Ս. Սիրունյանը մանրամասնեց, որ ցուցադրվել են, օրինակ` «Գլադիատոր» եւ «Անվախ սիրտը» ֆիլմերը, որոնք կարեւորում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են «արժանապատվությունը, ընտանիքը եւ ազատությունը»:

«Եթե ցուցադրվեր, ասենք, «Տիտանիկը», մեղադրական ճառում պետք է գրված լիներ, որ ժողովրդին տանում էին ջուրը խեղդվելո՞ւ,- տարակուսեց Ս. Սիրունյանը, – կամ, ասենք, ցուցադրվեր «Ռուստամը եւ Զոհրաբը», ասելո՞ւ էին` Լեւոն Տեր-Պետրոսյանն իրար դեմ է հանում հայրերին ու որդիներին»:

Սուրեն Սիրունյանն այս ամբողջ պատմությունը որակեց իբրեւ աբսուրդի թատրոն է եւ մեղադրողներին հորդորեց մեղադրանքի հիմքում ինչ-որ բան դնելու առաջ «խորը մտածել»:

«Ուղղակի ես կոչ կանեի, որ ոչ թե արդարացնեիք ինձ եւ պարոն Արզումանյանին, այլ խորհրդակցական սենյակում վճիռ կայացնեիք եղած ապացույցների հիման վրա»,- դատավոր Մնացական Մարտիրոսյանին դիմելով` ասաց Սիրունյանը:

Ալեքսանդր Արզումանյանը ավելի երկար խոսեց եւ նրա ճառն ավելի շատ կրում էր քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին, նա նշեց, որ ինչպես գիտաֆանտաստիկ գրական ժանրի դեպքում պատմության 1/3-ը հիմնված է լինում հեղինակի կենսափորձի (տեսածի եւ լսածի), 1/3-ը` երեւակայության եւ երազների արտացոլանքի, իսկ մնացածը բացարձակ ստի վրա, այնպես էլ «այս գործը գրված է ճիշտ նույն կանոններով»:

Արզումանյանի խոսքով` չնայած ինքը լիովին պաշտպանում է իր պաշտապաների ներկայացրած այն միջնորդությունը, որ գործում ներառված տեսանյութերը եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն ապօրինաբար ձեռք բերված ապացույցներ են եւ դատարանի կողմից չպետք է դիտարկվեն որպես այդպիսին, այնուամենայնիվ, նա նշեց, որ «վերցնում է մեղադրող կողմի ապացուցողական ամբողջ բազան եւ որպես հիմք ներկայացնում իր անմեղության համար»:

«Համարեք իրենց ներկայացրած մեղադրական ապացույցներն իմ կողմից ներկայացվող պաշտպանական ապացույցներ»,- ասաց Արզումանյանը եւ մանրամասն անդրադարձավ գործում որպես ապացույց ներառված նյութերի «անհեթեթությանը», միաժամանակ նշելով, թե իրավիճակն այնքան աբսուրդային է, որ ոչ թե դատախազությունն է իր մեղավորությունն ապացուցում, այլ ինքն է ապացուցում իր անմեղությունը:

«Եթե դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնի, առանց մեկ վայրկյան իսկ վարանելու, պետք է արդարացնի մեզ, պետք է լրագրողներին ասի, որ զարմանում է նման անհիմն, շինծու մեղադրանք ներկայացնելու, մեր իրավապահ մարմինների անգրագիտության վրա»,- ասաց նախկին արտգործնախարարը:

Անդրադառնալով վերջերս քննարկվող համաներման խնդրին` նա նշեց, թե իրականում պետք է լինի հակառակը եւ իրենք` այսօր մեղադրվողներն են, որ պետք է հանդես գան ներողի դերում. «Աստված կարող է ներել իմ մեղքերը: Ես, իհարկե, մեղավոր եմ Աստծո առջեւ. շատ բաներ եմ արել: Բայց գողը չի գնում եւ տանտիրոջն ասում` ես քեզ ներում եմ»:

«Ես արդարություն եմ ուզում, 10 տարի էլ անցնի, ինձ արդարացնելու են: Բայց ես ուզում եմ, որ Մարտիրոսյան ազգանունով մարդն ինձ արդարացնի, ոչ թե Ջոնսոնը: Սա է իմ ցանկությունը»,- ասաց Արզումանյանը եւ նշեց, որ չի ուզում արդարանալ դրսում կամ հեղափոխության միջոցով, այլ ուզում է արդարանալ այնպիսի Հայաստանում, որի տեսլականի համար ինքը պայքարել է:

Դատավարությունը կշարունակվի վաղը: Սիրունյանը եւ Արզումանյանը հանդես են գալու վերջին խոսքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter