HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կարեն Հարությունյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Կարեն Հարությունյանն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվողներից մեկն է: Մյուս երկուսի ինքնությունն իրավապահներն այդպես էլ չկարողացան պարզել: Իսկ Կ. Հարությունյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր դատապարտեց 5 տարվա ազատազրկման:

Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի «Խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել»):

Պաշտպանական ճառը հրապարակելիս փաստաբան Վահագն Մանուկյանը մատնանշեց նախաքննական մարմնի կողմից թույլ տրված տարբեր խախտումներ («Հետքն» առաջիկայում կանդրադառնա պաշտպանի ներկայացրած փաստարկներին) եւ դատարանին միջնորդեց «Կարեն Հարությունյանին արդարացնել` նրա մեղավորությունը կատարված հանցանքում ապացուցված չլինելու պատճառով»:

«Իսկապես, նախաքննությունը վատ է կատարված: Ես էլ եմ ուզում համոզվել, որ, իրոք, ինքն (Կ. Հարությունյան) է եղել: Չնայած, մենք պարզել ենք, որ կան բաներ, որոնք Կ. Հարությունյանը ճիշտ չի ասել: Նա նշել է, որ դեպքի օրը գտնվել է հիվանդանոցում` մոր մոտ, բայց այդ ժամին իրականում եղել է տանը եւ հեռախոսով մի քանի անգամ մտել ինտերնետ` «Ադնակլասնիկ» կայքէջ, զանգեր են եղել»,- ռեպլիկի կարգով դատարանում նկատեց Էդիկ Բաղդասարյանը:

Որպես նախաքննական մարմնի կատարած աշխատանքի էական բացթողում` Է. Բաղդասարյանը նշեց նաեւ այն հանգամանքը, որ դեպքի օրը` ժամը 22-ի եւ 23-ի սահմաններում, Կ. Հարությունյանի տան հեռախոսից մի քանի անգամ զանգահարել են Մոսկվայում գտնվող Վարդան Այվազյանին:

«Այս գործով հարցաքննվել է նաեւ Վարդան Այվազյանը, որը կապեր ունի Կարեն Հարությունյանի ընտանքի հետ: Բայց քննիչի մտքով չի անցել այդ զանգերի կապակցությամբ որեւէ հարց ուղղել նրան,- ասաց Է. Բաղդասարյանը,- հաջորդ օրը 6 անգամ նորից զանգ է եղել, եւ մինչեւ Կարենի կալանավորումը զանգերի պարբերականությունը քչացել է»:

«Հետքի» խմբագիրը հույս հայտնեց, որ գործից անջատված մասով, որով ընթանում է նախաքննություն, այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներ կբացահայտվեն:

Մեղադրող Հայկ Բալյանը շարունակեց պնդել, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, ինչը, ըստ նրա, ապացուցվել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ ոչ էլ վախենում եմ իրա (մեղադրողի) ուզած 5,5 տարվանից: Ուզում ա, թող 7 տարի պահանջի, մեկ ա, ես մեղավոր չեմ»,- վերջին խոսքում ասաց Կարեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter