HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Չուրանանք, չզիջենք, ընդվզենք

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ինչպես հայտարարվել էր օրեր առաջ, այսօր Հանրապետության հրապարակում սկսեց իրականացնել հացադուլ եւ նստացույց: Կառավարության շենքի դիմաց «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք» և «Նախապայմաններին` ոչ» վերտառությամբ պաստառներով 50 հոգի նստել են շուրջօրյա նստացույցի, իսկ արտգործնախարարության շենքի մոտ 24 անձ` հացադուլի: Վերջիննես որոշակի պարբերականությամբ վանկարկում են «Ոչ մի զիջում թուրքերին. Նալբանդյան հեռացիր»:

«Պատգամավորները հացադուլին չեն մասնակցի. նստացույցին կմասնակցեն, որովհետև առանձին շատ գործեր էլ ունեն անելու»,- ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` նշելով, որ ակցիան կտևի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերով սահմանված 6 շաբաթների ընթացքում:

«Առաջին հերթին` սա զգոնության կոչ է մեր ժողովրդին, որպեսզի այս 6 շաբաթներն անտարբերությամբ չանցկացնի, շատ լավ ընկալի, որ սրանից շատ լուրջ բան է կախված»,- հավելեց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ Դաշնակցությունը զուգահեռ իրականացնելու է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նախաստորագրված արձանագրությունների «դեմն առնի»:

«Մասնավորապես, պետք է կազմակերպենք ԱԺ լսումներ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Անպայման կմասնակցենք սեպտեմբերի 17-ին երկրի նախագահի կողմից կազմակերպվող քննարկումներին և կներկայացնենք մեր տեսակետները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ժողովուրդն իմանա` ինչի մասին է խոսքը,- ասում է Ա. Ռուստամյանը: – Որովհետև ի՞նչ է նշանակում «ներքին քննարկումներ»: Եթե դրանք պետք է գնան այն տրամաբանությամբ, որ պարզապես պետք է ասվի «այո» կամ «ոչ», դա արդեն քննարկում չէ, այլ, ըստ էության, քվեարկություն: Մենք կարծում ենք, որ չպետք է գնալ այդ ճանապարհով, այլ պետք է փորձել տեքստը փոխել»:

Ըստ Արմեն Ռուստամյանի` մինչ օրս պարզաբանված չէ նաև, թե գործընթացում ինչ ձևով պետք է ներառվի այդ փաստաթղթերի կապակցությամբ արվող այս կամ այն առաջարկությունը. «Հենց առաջին օրը` դեսպանների հավաքի ժամանակ, ես հարցրի` ի՞նչ են ենթադրում քննարկումները, փոփոխություններ առաջարկելու մեխանիզմ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Միակ պատասխանն այն էր, որ առաջարկություններ անելուց առաջ պետք է մտածենք, որ մյուս կողմն էլ է առաջարկություն անում: Այո, մենք շատ լավ էլ տեսնում ենք, որ մյուս կողմը, ըստ էության, իրականացնում է քննարկումների ծրագիր և իրենց արտգործնախարարն արդեն հանդիպումների շարք է սկսել քաղաքական  ուժերի հետ: Հիմա գոնե լսումների մակարդակով մենք պետք է կարողանանք այս հնարավորությունը ճշտել»:

Պատգամավորի կարծիքով, եթե անգամ սեղանին դրված է «այո» կամ «ոչ» ասելու հարցը, ապա ժողովուրդը պետք է կարողանա լավ հասկանալ` ինչին է «այո» կամ «ոչ» ասում:

«Եվ այս նստացույցն այդ նպատակն ունի, որ այս ընթացքում մարդիկ ծանոթանան նյութերին, մոտեցումներին, տեսակետներին և ճշտեն իրենց դիրքորոշումը»,- ասում է պատգամավոր Ռուստամյանը:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter