HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է ուզում ասել Իվանիշվիլին Հայաստանին

Վրաստանը Հայաստանի նկատմամբ վարում է ինչ-որ տեղ մեծապետական կամ ագրեսիվ պահանջատիրական քաղաքականություն: Այս կարծիքին է վրացագետ Հայկազուն Ալվրցյանը: Ըստ փորձագետի` սա արտաքին հայացքից չնկատվող քաղաքականություն է, բայց այս մասին վկայում են Վրաստանում հրատարակված և պետության կողմից հաստատված պատմության դասագրքերը, որտեղ հստակ երևում է, որ Վրաստանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի: Պատմության դասագրքերում այնպիսի քարտեզներ են գծվում, որոնց համաձայն` Վրաստանի սահմանակից Հայաստանի շատ տարածքներ, նաև պատմական Հայաստանի տարածքներ, օրինակ` Անին, Վրաստանի քարտեզի մեջ են ընդգրկված:

«Դրանք քաղաքական ստորջրյա հոսանքներ են, որոնք ժամանակի ընթացքում կարող են դրսևորվել»,- կարծում է Հայկազուն Ալվրցյանը:

Դրան գումարած, ըստ փորձագետի, Վրաստանի ողջ ազգայնական մամուլը հակահայկական քարոզչությամբ և քաղաքականությամբ գերազնցում է նույնիսկ Ադրբեջանին և Թուրքիային: Եվ այս բոլորը Հայաստանի համար լուրջ սպառնալիքներ է պարունակում: 

Հայկազուն Ալվրցյանն ասում է, որ իրական հիմքեր չկան կարծելու, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը Հայաստան կփոխի հայ-վրացական հարաբերությունները: Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հարաբերություններն այնքան խորացված են, տնտեսական և ռազմական համագործակցությունից անմիջապես հրաժարվել և կտրուկ հետ քայլ կատարել Վրաստանը, անգամ շատ ցանկանալու դեպքում, չի կարողանա, քանի որ ինքն էլ տնտեսապես կայուն վիճակում չէ, և ադրբեջանական ու թուրքական հսկայական ներդրումները Վրաստանի համար խիստ կարևոր են:

«Ես չեմ ակնկալում, որ Իվանիշվիլու այցը կարող է շատ լուրջ փոփոխությունների հեռանկար ստեղծել տարածաշրջանում»,- ամփոփեց վրացագետը: 

Փորձագետը կարծում է, որ Հայաստան կայանալիք Իվանիշվիլու այցի շրջանակներում Վահագն Չախալյանի հարցը երկու իշխանությունների միջև քննարկման առարկա չի դառնա: Մինչդեռ
Վահագն Չախալյանի ազատ արձակումը կլիներ ազդանշան Ջավախքի հասարակական և քաղաքական կազմակերպություններին, որ նոր իշխանությունները բարյացակամ են տրամադրված և չեն խոչընդոտելու Ջավախքի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, նրանց մշակութային կյանքի զարգացմանը, լեզվական, կրոնական, համայնքային այլ իրավունքների պաշտպանությանը:

Այս խտրական ներումով, Հ. Ալվրցյանի ասելով, որը չվերաբերեց Վահագնին (որպես քաղբանտարկյալի-հեղ.), մի ազդանշան էր Ջավախքի ՀԿ-ների և այնտեղ բնակվող հայությանը, որ Ջավախքի նկատմամբ Սահակաշվիլու օրոք որդեգրված քաղաքականությունը Իվանիշվիլին փոխելու մտադրություն չունի, և այդ վիճակը այսօր պահպանվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter