HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ իշխանությանը լեգիտիմացնում է... ընդդիմությունը

Ընտրություններին որևէ ձևաչափով մասնակցելուց հրաժարվելը, որն իբրև մարտավարություն ընտրեցին հայաստանյան երեք խոշոր քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, կոնկրետ գործողություն էր, քաղաքական դիրքորոշման արտահայտում: Սակայն այն ձևը, որը նրանք ընտրեցին դա անելու համար, մղում էր ոչ թե այդ գործողության շարունակման, այլ անգործության, դրանով հանդերձ՝ ինքնամեկուսացման և մարգինալացման:

ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ոչ միայն հրաժարվեցին սեփական թեկնածուով մասնակցել ընտրություներին կամ սատարել առաջադրվողներից որևէ մեկին, այլև փաստացի քաշվեցին իրենց բները՝ առանց հստակեցնելու սպասվող ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքրոշումը և հատկապես ընտրություներից հետո իրենց հնարավոր քայլերը: Այս երկու ուժերը, որոնք հանրային տրամադրություների վրա ազդելու, առանց չափազանցության, ամենամեծ ներուժն ունեին, հասարակությանը տեղյակ պահեցին, որ ոչ միայն պատրաստ չեն այս ընտրություններին ու հետագա քաղաքական պայքարին, այլև ընդհանրապես իրենց վրա որևէ պատասխանատվություն վերցնելուն:

ՀՅԴ-ի պարագան մի փոքր այլ է: Չնայած Դաշնակցությունը ևս հայտարարեց թեկնածու չառաջադրելու մասին, սակայն բաց թողեց իր ընտրազանգվածին հընթացս ուղղորդելու հարցը՝ փաստացի խուսափելով իրեն ամբողջությամբ խաղից դուրս դնելուց: ՀՅԴ-ն թեև մեկուսացած, սակայն ինքն իր համար հստակեցրեց խաղի որոշակի կանոններ: Առաջին՝ ընտրություններում որևէ պարագայում չսատարել գործող նախագահին և երկրորդ, որ շատ ավելի կարևոր է՝ նա, ի տարբերություն ԲՀԿ-ի, չհրաժարվեց քաղաքական ընդհանրական պլատֆորմ մշակելու ու դրանով առաջնորդվելու ուղեգծից և դա հռչակեց իր հիմնական անելքը՝ անկախ ընտրությունների ելքից:

Խնդիրն այստեղ բացարձակապես այն չէ՝ որքանով է այս գաղափարների և սկզբունքների առաջադրումը ձևական կամ իրական, որքանով է ՀՅԴ-ն անկեղծ և որքանով է հետագայում հետևողական լինելու այս հարցում: Էականն այն է, որ նա այդպիսով որոշակիորեն ապահովում է քաղաքականության մեջ իր մնալն արդարացնելու հիմքերը: Այլ հարց է, որ ՀՅԴ-ն այս ընթացքում չի կարողանում գտնել իրացվելու բավարար կռվաններ, և ներկա պահին ինքն իրեն դրել է ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին հավասար պասիվ դիտորդի կարգավիճակում: Նույնիսկ դժվար է ասել՝ ընտրություններից հետո կուսակցությունը որքանով կկարողանա հաղթահարել այդ վիճակը:

Բոլոր դեպքերում ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի կողմից ամբողջական, ՀՅԴ-ի կողմից մասամբ ինքնամեկուսակցման այս ակտը իրենց կանգնեցրել է այնպիսի փակուղու առջև, որից դուրս գալը նորմալ հասարակական-քաղաքական միջավայրերում չափազանց դժվար է: Որևէ ձևաչափով չմասնակցելով ընտրություններին՝ նրանք ուղղակիորեն իրենց զրկեցին դրանց արդյունքները վիճարկելու հեռանկարից՝ այն պարզ պատճառով, որ փաստացի հրաժարվեն ընտրությունների ընթացքը վերահսկելու գործառույթից: Իսկ սա, ուզեն, թե չուզեն, նշանակում է, որ նրանք լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի ընտրությունը՝ անկախ ընտրակեղծիքների կամ խախտումների ծավալից:

Իշխանությունների անօրինականության գործոնը արդեն դադարում է քաղաքական օրակարգի մաս լինելուց: Ընտրությունների գործոնը հետագայում քաղաքական պայքարի լեյտմոտիվ դարձնելու ցանկացած փորձի դեպքում թե իշխանությունը և թե հասարակությունը նրանց հիշեցնելու են, որ ինքնամեկուսացման, ձեռքերն ամբողջությամբ լվանալու պիղատոսյան այս կեցվածքով նրանք իրենց զրկել են դրա բարոյական իրավունքից: Իսկ դա նշանակում է, որ անգամ մեծագույն ցանկության պարագայում նրանք առաջիկա գոնե մեկ-երկու տարվա կտրվածքով չեն կարողանալու հասարակական լայն զանգվածների կոնսոլիդացմանն ուղղված որևէ արդյունավետ քայլ ձեռնարկել: Նրանց պարզապես չեն հավատալու:

Ընտրությունները քաղաքական իրավիճակի փոփոխման, իշխանափոխության հասնելու օրինական, սահմանադրական միակ ճանապարհն են: Ըստ էության, նրանք հրաժարվեցին հենց այդ ճանապարհից: Սակայն նրանք ունակ չեն նաև գնալու հեղափոխական լուծումներին, որովհետև ինքնամեկուսացման քաղաքականությունը նրանց զրկում է դրա կոնկրետ հիմքերն ապահովելուց: Նրանք չեն կարողանալու ապացուցել, որ Սերժ Սարգսյանն անօրինական նախագահ է: Իսկ առանց դա հիմնավորելու՝ որևէ հեղափոխական կամ շարժումային գործընթաց ծավալելն առաջին հերթին հակասահմանադրական հարթության վրա է դնելու հենց նրանցից յուրաքանչյուրին: Իշխանությունը լիարժեք իրավունք է ստանալու բնում խեղդելու նման ցանկացած զարգացում և դրա համար եթե ոչ աջակցություն, ապա գոնե լոյալություն ստանալ դրսից:

Այսինքն՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այս քաղաքական ուժերի գոյությունը սկսի դառնալ ինքնանպատակ: Բայց ամենավտանգավորն այն է, որ նրանց փակուղուց հանելու, վերջնական մարգինալացումից փրկելու բանալին աստիճանաբար հայտնվելու է իշխանության ձեռքին: Դա եղել է նմանատիպ վիճակներում հայտնված քաղաքական այնպիսի ուժերի դեպքում, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», Հայկ Բաբուխանյանի «Սահմանադրական իրավունք միությունը», Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը», Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիրը» և այլն:

Ահա թե ինչու է իրատեսական թվում նախագահական ընտրություններից հետո իշխանության նախաձեռնությամբ ներկայիս ընդդիմադիր համարվող, ինքնամարգինալացվող ուժերից ոմանց հետ կոալիցիա կազմելու, առնվազն իշխանության հետ վերջիններիս կողմից համագործակցություն ծավալելու հեռանկարը:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանը քաղաքական ու քաղաքագիտական ոչ մի ստանդարտի, ոչ մի չափման չի ենթարկվում, և հնարավոր չէ ոչինչ բացառել, նույնիսկ ամենաֆանտաստիկ շրջադարձերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter