HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ստեղծագործական թիմը պատարագ չի բեմադրել. բեմադրել է ռոք-օպերա

Վերջերս առաջին հայկական ռոք-օպերա ֆիլմի պրեմիերան էր: «Թափառում» անունով ֆիլմն ընդամենը մի քանի ցուցադրություն ունեցավ, բայց քննարկումների պակաս չզգացվեց` թե թեմայի, թե սյուժեի, թե երաժշտության վերաբերյալ: Քննարկումները կինոթատրոնից շարունակվեցին մինչեւ սոցիալական ցանցեր: Ֆիլմի մասին զրուցել ենք ռոք-օպերայի հեղինակ` Արամ Սուքիասյանի հետ: Օպերան նա գրել էր դեռ 2004-ին` այն վերնագրելով «Վերջ»: Ֆիլմի վերնագիրն ավելի խորհրդանշում է երկու տառապյալների թափառող կարգավիճակը, մեկը` երկնքում, մեկը` երկրում:

Ինչու՞ եք ընտրել հատկապես Մուշեղ Իշխանի ստեղծագործությունը:

Ինձ թեման դուր է գալիս, ես ուզում էի, որ այն լիներ ֆարսի մեջ` մի քիչ անսպասելի զարգացումներով, եւ տվյալ գործը թույլ էր տալիս նաեւ ճկունություն ցուցաբերել: Այսինքն` Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսը հիմքում է միայն ընկած, անշուշտ, չափազանց շատ բաներ փոփոխվել են, այդ թվում նաեւ կերպարներ են ավելացվել, ավարտն է փոխվել: Ամեն գործ չէ, որ կարող է այսքան ճկուն լինել, եւ սա մի հնարավորություն էր, որ երեւակայությունը կարող էր ավելի լայն սպեկտրի մեջ օգտագործվել: Երեւակայության տեղ շատ էր տալիս, նույնիսկ ժանրը` ռոք-օպերա, թույլ է տալիս մի քիչ էլ ավելին, քան սովորական օպերաների կամ թատերականացված նյութերի պարագայում: Ինձ թվում է, որ այն ամենահետաքրքիր գործերից մեկն է, ցավոք, քիչ հայտնի: Թեպետ հայ թատրոնը այն բեմադրելու առիթ ունեցել է. Խորեն Աբրահամյանն է բեմադրել ժամանակին Սունդուկյան թատրոնում:

Շոշափվող թեմաների մեջ նաեւ ցեղասպանության տարրը կա. կարելի՞ է, արդյոք, ասել, որ եւս մեկ ֆիլմ է ցեղասպանության մասին:

Չէ, չի կարելի, ֆիլմն անձանց մասին է, մարդու ճակատագրերի մասին է, կլոնավորման, մարդու` բարոյականությունից կամաց-կամաց հեռանալու եւ կյանքի անարդարությունների մասին է: Ցեղասպանության թեման այստեղ ակնարկի սկզբունքով է, եւ ես ուրախ եմ, որ մեզ մոտ ստացվեց մի ֆիլմ, որտեղ ուղղակիորեն չի խոսվում դրա մասին, եւ ճակատային լուծմամբ չէ, այլ ակնարկներով է: Եւ կարծում եմ` միջազգային հանրույթին ավելի հետաքրքիր է որպես տեղեկատվություն, քան երբ ֆիլմը նվիրված է լինում տվյալ թեմային, ու շատ ավելի դաժան տեսարաններ է պատկերում: Երբեմն իմ տպավորությամբ հոգնեցուցիչ են այդպիսի անդրադարձները, այդ թվում եւ մենք ենք տեսակի առումով հոգնել, մենք ուզում ենք ուրիշ տեսակ մատուցել: ֆիլմում, ըստ էության, շատ էր հայրենասիրությունը, բայց այս ֆիլմն անվանել ազգային կինեմատոգրաֆ չենք կարող: Սա ազգային կինեմատոգրաֆ չէ, նման հավակնություն չունի, բայց այստեղ ազգային թեմաները հստակ են, հայ մարդու, հայի ճակատագրի: Բա սրանք ազգային չե՞ն, ազգայինը հո պոզով, պոչով չի՞ լինում:

Ֆիլմում օգտագործվել է համակարգչային գրաֆիկա, որն այս մասշտաբներով նորույթ էր մեր ֆիլմարտարդության մեջ:

Շուրջ 40 տոկոսը համակարգչային գրաֆիկա է: Մենք նկարահանել ենք ամբողջը Հայաստանում, սարքել ենք հատուկ տաղավար` կանաչ ինկրուստով: Այդ նյութը` կտորը, մենք բերել ենք Հոլիվուդից եւ այստեղ հավաքել ենք տաղավարը, այնուհետեւ արել նկարահանումները: Դրանից հետո Անդրանիկ Թորոսյանի ղեկավարությամբ անիմատորների գործող թիմը կարողացավ ստեղծել բավական հետաքրքիր, նաեւ զարմանալի անիմացիոն պատկերներ, նաեւ եռաչափ գրաֆիկա:

Ինչո՞ւ չի խոսվում ֆիլմի բյուջեի մասին:

Ես չեմ ուզում խոսել բյուջեի մասին: Բյուջեի մասին կարող եմ ասել այն, ինչ արդեն հայտարարված է: Ֆիլմը ստեղծվել է «Ասք» մշակութային կենտրոնի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրությամբ: Պետության կողմից հատկացում արվել է 80 միլիոն դրամ: «Ասք» մշակութային կենտրոնն էլ մի ուրիշ չափով է մասնակցել, որը չի հրապարակվում: Այսօրինակ ֆիլմի համար այն, ինչ ծախսվել է, չափազանց քիչ է: Ընդհանրապես ֆիլմը թանկ արվեստի տեսակ է, մյուզիքլը` առավել, եւ շատ հաճախ հարուստ պետությունների արգասիք է: Չներկայացնելը որեւէ ամբիցիայի խնդիր չէ, ուղղակի դա սկսվեց Կաննից, որի կինոշուկայում ներկայացնում էինք ֆիլմը: Քանի որ դա մեր իրավունքն էր գրել կոմերցիոն գաղտնիք, մենք այդպես գրեցինք: Որովհետեւ եթե ես իրականում գրեմ, թե ինչ արժե այս ֆիլմը, այդօրինակ բարձր շուկայում գուցե կասկած առաջանա: Հասկանալի է, որ մարդիկ չգիտեն` Հայաստանի աշխատուժը ինչ արժե, հոնորարը ինչ է նշանակում: Իսկ չափանիշներն ու չափորոշիչները պայմանավորվում են նաեւ բյուջեով, եւ բյուջեն ֆիքսված ամենաէժան ֆիլմը, որ ես այնտեղ հանդիպել եմ, դա կես միլիոն դոլար է արժեցել:

Մարդիկ մինչ այսօր էլ հիշում են 2001 թվականին Կասկադ համալիրում ներկայացված «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերան: Այն ժամանակ էլ, ինչպես այսօր, ստեղծվեց մի նյութ, որը շոշափում է քրիստոնեության թեման:

Ես հաճելիորեն զարմացած էի եւ ոգեւորված, որ հայ եկեղեցին բավական առաջադեմ է, եւ կարող է երիտասարդական հավաքին, ուխտագնացությանը այսօրինակ պրոեկտով մասնակցություն ցուցաբերել: Ցավոք, մեկ անգամ այն կատարվեց, միջոցները չբավականացրեցին: Չեմ բացառում, որ գուցե առաջիկայում նաեւ անդրադառնանք դրան` արդեն որպես թատերական բեմահարթակի համար նյութ: «Գրիգոր Լուսավորչի» լինելիությունը ծառայում էր որպես լավ օրինակ այս ֆիլմի համար: Այն ժամանակ համոզված էինք, որ մենք ուզում ենք լավ բան անել, մենք ուզում ենք մեր քրիստոնեության սկզբի պատմությունը ներկայացնել այս ժանրի մեջ: Իսկ արդյոք մենք չե՞նք ձանձրացել, երբ ձիով Տրդատը գալիս է, հետո Գրիգորը` ստադիոններում եւ այլն: Ես, օրինակ, ձանձրացել եմ: Կարծում եմ, որ այդ վախենալու, խորախորհուրդ ձայներով, թատերականացված իրար հետ խոսելը իրեն չի արդարացնում, համոզիչ չէ, տեղ-տեղ նաեւ ծիծաղելի է: Այո՛, Տրդատը կարող է այդպիսի բան հագած լինել, որովհետեւ ինքը ժամանակաշրջան չի ներկայացնում, ինքը թեմա է ներկայացնում: Գրիգորը կարող է այսպիսին լինել: Հեչ էլ հանաք բան չի եղել «Գրիգոր Լուսավորչի» ստեղծումը, բոլորովին, այն էլ եկեղեցու հովանու ներքո: Այն ժամանակ էլ եղել է հոգեւորական, որ ասել է` ռոքը սատանիզմ է: Եվ ճիշտ հակառակը, եղել է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան, ով տվյալ հանձնաժողովն էր ղեկավարում, ջատագովն էր, աջակիցն էր, ուզում էր, որ ստացվի դա:

Կարծում եք, որ ռոք-օպերայի ժանրը մարդկանց քրիստոնեության հարցերին ավելի մոտենալու հնարավորությու՞ն է տալիս:

Այո, թեւ սա դեռ ոչ մեկին թույլ չի տալիս ավելի շոշափելի զգալու Գաբրիել հրեշտակապետին: Բայց այս անունը, կարծեմ, վախի զգացում է առաջացնում մարդկանց մոտ: Հիմա ի՞նչ վատ է, որ այս տեսակով մի անգամ էլ տեսնեն: Պարզվում է` առանձնապես վախենալու էլ չէ, գուցե հեշտացնում է մարդուն ապրելը, երբ ինքը տեսել է արդեն մեկ անգամ էս ժանրի մեջ, էս տեսակով, ոնց որ կոստյումով սովարական տղա է: Պարզապես այդ մարդու գործն էլ այդ է: Եվ ինչ լավ է, որ այդ ամենը հումորի մեջ է արվում: Ինչո՞ւ ենք մենք ուզում հաճախ այդքան մռայլ ներկայացնենք այն, ինչ որ կարելի է թեթեւ նայել, մեկ է` լինելու է: Դերենիկ Դեմիրճյանը ասում էր, Աստված ստեղծեց մարդուն, մահը դրեց քթին, եւ անընդհատ մարդը նայում էր ու դժվար էր ապրում: Տեսավ, որ մարդը շատ է ճնշվում, վերցրեց քթից, գցեց ականջի հետեւը: Շատ հայկական ու սիրուն է հնչում: Ամենը սահմռեկցուցիչ կերպով կարիք չկա ներկայացնելու:

10 տարի անց` այս ֆիլմում էլ հավանաբար համարձակություն է պահանաջվել: Չէ՞ որ նորից անդրադառնում եք աստվածաշնչյան թեմաների:

Ողջ թիմն է համարձակ գտնվել, երաժշտության առումով էլ` սիմֆոռոքի մեջ, թեմայի առումով էլ, քանի որ դու գործ ունես վտանգավոր թեմայի հետ, որոշակի ստերեոտիպերի հետ, հնարավոր է` խախտում ես մարդու ունեցած սուբյեկտիվ ընկալման տարրը: Ամենաշատը քննարկումներ եղել են այդ ստերեոտիպերի հետ կապված, բայց հաշվի առնելով, որ ոչ մեկն այնտեղից հետ չի եկել եւ պատմել, թե ինչ տեսավ, ինչպիսին էր, դա ինձ թույլ է տալիս շատ ազատ լինելու, եւ ասելու, որ ես կարծում եմ, որ Գաբրիել հրեշտակապետը մոտավորապես այդպիսի մեկն է, Միքայել զորապետի զորքն այդպիսին է, հրեշտակները այսպիսի պատկերացման մեջ են: Իսկ ո՞վ է ասել, որ հրեշտակները պետք է բավական լայն թեւեր ունենան, սեռը հայտնի չլինի: Այո̒, կա այդ մոտեցումը, բայց երբ նայում են, հենց սկբում էլ պարզ է դառնում, որ սա հրեշտակ է: Ամենակարեւորը, որ ֆիլմում սրբապիղծ տարր չկա, իսկ ֆինալն առավել քան քրիստոնեական է: Պետք է նկատի ունենալ, որ ստեղծագործական թիմը պատարագ չի բեմադրել, բեմադրել է ռոք-օպերա: Եւ այն ծայրահեղական մոտեցումները, որոնք շատ քիչ են, նախեւառաջ այդ թեմայի հետ կապված իրենք խնդիր ունեն Մուշեղ Իշխանի հետ: Եթե որեւէ կառույց, անձ, կազմակերպություն ունի որեւէ դժգոհություն, պիտի սկսի այդտեղից, թե ինչու երբեւէ հրատակվել է այդ գիրքը: Ամենակարեւորը, որ ժանրային առումով` ռոք լինելով հանդերձ, այն շատ մատչելի ռոքի մեջ է: Ժանրային շատ տարբեր է, եւ ջազ-ռոք կա, եւ հարդ-ռոք կա եւ այլն, բայց ռոքն այստեղ չի ճնշում մարդուն:

Հոգեւորականի կերպար կար դժոխքում: Ենթատեքստ դրված չի՞ եղել:

Այո, դժոխքում առկա էր հոգեւորականի կերպարը, այո, ենթատեքստ է: Դա մի հետաքրքիր տեսարան է, որտեղ դժոխքում Ջեյմս Արամյանը` գլխավոր կերպարը, հանդիպում է այն հոգեւորականին, ով կնքել էր իրեն եւ հանդիպում է իր ուսուցչին: Մարդ արարածի համար երկու ամենասրբազան, ամենամաքուր կերպարներ: Այնքան ենք վատ դառնում, եւ այնքան է տիրում խնդիրք աշխարհում, որ այս մարդիկ էլ են հայտնվում դժոխքում, ուրեմն լավ չեն դրսեւորել իրենց, ուրեմն իրենց կոչմանը հավատարիմ չեն եղել, ազնիվ չեն եղել, իսկ այդպիսիք անշուշտ կան: Ուսուցիչների մեջ կան, հոգեւորականության դասում չկա՞ն, կան: Եւ ակնարկ, այո, կա: Այսօր մենք լիովին գոհունակ ե՞նք մեր հոգեւորականության դասից: Այո, այն հոգեւորականը, ով իր կոչմանը, մեղմ ասած, համապատասխան չէ իր վարքագծով, եթե մտածելու տեղիք է տալիս, թո՛ղ տա: Վեղար հագնելով չէ, սքեմ հագնելով չէ: Չեմ խորշում, այո, թեման կա: Այս ֆիլմն ընդհանրապես այնքան բազմաբովանդակային է, այնքան շերտերը շատ են, եւ յուրաքանչյուր ոք նայելիս, ընկալում է իր իմացական դաշտի, իր ինտելեկտի չափանիշներով: Այս ֆիլմն այդ առումով բավական յուրօրինակ է: Եվ ես հակված եմ մտածելու, որ սա մի քիչ ինտեելեկտուալ մարդու համար ֆիլմ է: Բոլորը կհասկանան, բայց նայած` ում ինչ շեշտ է հետաքրքրում: Դիտող բժիշկներ են եղել, ովքեր մտահոգված էին բժշկի կերպարի հետ կապված: Բայց եկե՛ք նայենք` քանի մեղքերի, քանի մասնագիտությունների մասին էր խոսքը: Հյութեղ, բարդ, մտածված ֆիլմ է, եւ կարծում եմ` երկար ասելիք ունի: Այսօր շատ ակտուալ է, եւ շարունակելու է մնալ ակտուալ, որովհետեւ գաղափարներ կան, որոնք մարդկությանը միշտ ուղեկցել են:

Հոգեւորականների կողմից ի՞նչ արձագանքներ են եղել:

Ով գալիս նայում է, թո՛ղ նայի որպես քաղաքացի, որպես մարդ: Կարծիք կա, անշուշտ, հոգեւոր դասի կողմից, ե՛ւ բացասական, ե՛ւ դրական, բայց այնպես չէ, որ անհանդուրժողականության տարր կա: Նայել են ե՛ւ քննադատողներ, ե՛ւ հոգեւորականներ, ովքեր խորապես գոհունակ են դուրս եկել: Ֆիլմում քննվում է կյանքի առաջընթացն ընդհանրապես, որ պետք է լինի բարոյականության սահմաններում եւ հոգեւորի ընկալման մեջ, աստվածավախության դրսեւորումներում եւ աստվածահաճո գործունեությամբ: Բայց ես հակված չեմ ասելու, որ այս գործը քարոզի նշանակություն ունի: Ես ուզում եմ, որ մարդիկ նայեն թեթեւ, մտածելու տեղիք, անշուշտ, թեման տալիս է, բայց ես կուզեի որ մարդիկ ավելի ֆիլմին մոտենային, քան բուն թեմային: Այն ֆարս տրագիկոմեդիա է, այդ տրամադրության մեջ որ նայեն, այնտեղ կենսուրախ տեսարաններ կան:

Օրինակ` թաղման տեսարանը, երեւի. ոոք-օպերայի մեջ օգտագործել ռաբիս երաժշտությու՞ն:

Երբ մի այդպիսի կերպար է լինում, այդ կերպարի համար պիտի երաժշտություն լինի: Իսկ այդ կերպարը շատ պայմանական եւ պատահական կերպար էր, որ հայտնվել էր ֆիլմում: Նա շատ ճոխ մահախոսական կարդաց: Այդպես լինում է, մեկ էլ անսպասելի ինչ-որ մեկը այնպիսի բոցաշունչ ճառ է ասում հուղարկավորությունների ժամանակ, որ ապշում ես: Եվ շատ հաճախ լինում է, որ կարծես, մեջներից ոչ ամենակիրթն ու գրագետն է խոսում, այլ խոսում է նա, ով ոչ մի դեպքում չպիտի խոսեր: Երաժշտական առումով, գործիքային իմաստով պահպանված է ռոքը, ավելի վոկալ առումով է շեղումը, 1 ժամ 23 րոպեանոց ֆիլմում ընդամենը 1 րոպեի չափ է տեւում, բայց չգիտես ինչու, մարդիկ շատ տպավորվում են այդ հատվածից:

Դեռ պրեմիերայից առաջ մտավախություն ունեիք երգարվեստի այս ժանրի հետ կապված` կընդունվի այն, արդյոք, թե չի ընդունվի: Բայց ռոք օպերաներ մենք ունեցել ենք, եթե միայն «Գրիգոր Լուսավորիչը» հաշվի առնենք, 2001-ից մինչեւ հիմա ոչինչ չի՞ փոխվել:

Այսօր ես գոնե գիտեմ, որ քաղաքում կա գրված  4-5 ռոք-օպերա, ցավոք, չբեմադրված: Ափսոսում եմ, ես չեմ մտածում որ հետաքրքիր չէ, պահանջված չէ, դրա համար չկա: Այստեղ շատ կարեւոր է` մենք ունե՞նք մարդկային պոտենցիալը, թե՞ չէ: Մենք խնդիր ունենք: Այստեղ միայն կատարում չէ, նաեւ դերասանի վարպետություն է, հեշտ չէ սիմֆոռոք ճիշտ հնչեցնել, սա մի արվեստի տեսակ է, որտեղ սինթեզվում է նկարչություն, թատերարվեստ, երգարվեստ, գրեթե բոլորը: Այո, սա ֆիլմի ժանրում առաջինն է: Կարծեմ, այս 10 տարվա ընթացքում էլ չի եղել: Ինձ թվում է, որ այս ֆիլմը կսկսի նաեւ ինչ-որ առումով  ճանապարհ հարթել ժանրի համար: Ինչո՞ւ ֆիլմ, որովհետեւ ֆիլմը ավելի երկար կյանք կունենա, քան ներկայացումը: Ես խորապես ափսոսում եմ այն ջանքն ու միջոցները, որ Կասկադ համալիրում եղավ եւ ավարտվեց: Մտածում եմ, որ այսպիսի պոտենցիալ ունեցող երկիրը պիտի իր կադրերին շարունակի տեր կանգնել, որովհետեւ երբ նայում եմ, թե 2001-ին ինչ ռեսուրս ունեինք, եւ ինչ ժամկետներում ինչ ենք արել, եւ որքան երիտասարդ էինք ամենքս, ես կարծում եմ, որ այսօր մենք պոտենցիալ ենք կորցրել, կադրային ռեսուրս ենք կորցել: Եթե այս ֆիլմը չլիներ, չէ՞ որ չէինք իմանա, որ այսպիսի երգիչներ ունենք, տեսե՛ք` ինչ ձայներ կային այդ ֆիլմում: Իսկ այսօր մենք ի՞նչ ձայներ ենք լսում, իսկ գուցե այս ֆիլմը եկել է ասելու` մի քիչ ավելի լայն բացե՛ք ձեր աչքերը, էկրաններից, հեռուստաեթերից դու՛րս նայեք, տեսե՛ք` այդ ինչ պոտենցիալ կա: Բա մենք խաբար ե՞նք մեր պոտենցիալից, մենք այդպես լավ գիտենք, հա՞, Անահիտ Շարյաններ, Արման էլբերտներ: Մենք գիտեի՞նք, որ Հայաստանը ի վիճակի է իր ուժերով այդքան գրաֆիկա անել: Այս մարդիկ, արդյոք ռեալիզացված ե՞ն մեր երկրում: Եթե որեւէ մեկին թվում է, որ չէի կարող երկու աստղի հրավիրել եւ նկարահանել ֆիլմում, սխալվում է: Բայց ես այդպիսի խնդիր չեմ դրել, ես խնդիր եմ դրել իսկապես ռոք վոկալի, իսկ ո՞վ կարող էր. այդպես կարող էր Արման Էլբերտը, Սարգիսը Մանուկյան, կարող էր Արմենը Ադամյանը:

Դրվագներ ֆիլմից. նկարահանված է մեծ էկրանից


Մեկնաբանություններ (1)

Aram
Անկեղծ ասած թե կղերականները ինչ են ասում կարելի է թքած ունենալ......իսկ որպես աշխատանք՝ հրաշալի երաժշտական ստեղծագործություն է, այլ բան է , որ գրեթե անթերի օպերատորական ու մոնտաժային աշխատանքի կողքին ապաշնորհ ռեժիսորական լցնոցի է ստացվել, այս կարգի գործերը պետք է նկարեն այնպիսի մարդիկ, ովքեր իրոք ռեժիսոր են ու տիրապետում են իրենց արվեստին, ցավոք, հիմա ռեժիսորներ գրեթե չկան հայաստանում, ով էլ կա չգիտես ինչու գլուխերը քաշել են մի կողմ ու զզվել ամեն ինչից, ինչևէ կեցցեն բոլորը բացի ռեժիսորից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter