HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Human Rights Watch-ի նամակը Արման Մկրտումյանին

«23 Հունվարի 2013

Արման Մկրտումյանին
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ
Վազգեն Սարգսյան փ. 5, 0010 Երևան, Հայաստան

Պատվարժան նախագահ, Խնդրում եմ ընդունեք իմ ողջույնը Human Rights Watch ի անունից: Ինչպես դուք հավանաբար գիտեք, Human Rights Watch-ը անկախ, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություն է, որը մարդու իրավունքների ջատագովն է աշխարհի ավելի քան 90 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Մենք գրում ենք ձեզ` արտահայտելու մեր խորին մտահոգությունը, որ 2011-ի օգոստոսին Երևանի ոստիկանությանհետ բախման ժամանակ անկարգության և պետական մարմնի ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործին առընչվող` նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վկայությունների կապակցությամբ արդյունավետ դատաքննություն չի իրականացվել:

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց այս չորս երիտասարդներին երկուսից վեց տարվա ազատազրկման` կոպիտ դիմադրություն կամ բռնության սպառնալիք պետական պաշտոնյայի նկատմամբ և խուլիգանության մեղադրանքով: Օգոստոսի 20-ին պաշտպանական կողմը հայցով դիմել է դատարան` ակտիվիստների գործով ընթացակարգային խախտումների վերաբերյալ: Նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը մերժեց դիմումը:

Մենք տեղյակ ենք, որ դուք այս պահին որոշում եք` արդյոք լսել այս գործերին առընչվող վճռաբեկ դիմումը, որը ներկայացվել է 2012թ. դեկտեմբերի 23-ին, և որ դուք կայացնելու եք ձեր որոշումը մինչև հունվարի 27: Անկախ այն բանից` կկայացնի արդյոք Վճռաբեկ դատարանը վերջնական որոշում` լսելու այս հայցադիմումները, մենք պնդում ենք, որ դուք հաշվի առնեք ձերբակալությանն անմիջապես նախորդած և 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունում գտնվելու ժամանակահատվածում այս չորս երիտասարդների նկատմամբ կիրառած դաժան վերաբերմունքին առընչվող լուրջ և վստահելի վկայությունները:

Ձերբակալություն և բռնությունների կիրառում

2011թ. օգոստոսի 11-ին Տիգրան Առաքելյանը և Արտակ Կարապետյանը մոտեցել են երկու ոստիկանի, ովքեր հարցաքննելիս են եղել երկու երիտասարդի Երևանի Տերյան փողոցում: Առաքելյանը և Կարապետյանը հարցրել են ոստիկաններին, թե ինչ են նրանք անում և ինչու: Կարապետյանը համոզված էր, որ երկու երիտասարդները վախեցած էին ոստիկանների վիրավորական խոսելաձևից: Ակտիվիստները հարցաքննվող երիտասարդներին առաջարկել են իրենց օգնությունը` հանդիսանալ նրանց համար որպես վկաներ: Առաքելյանի` իր փաստաբան Վահե Գրիգորյանին տված հայտարարության համաձայն, ոստիկանները ճանաչել են Առաքելյանին և Կարապետյանին որպես ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ: Ոստիկանների և ակտիվիստների միջև խոսակցությունը սաստկացել է, և ըստ վկայության, ոստիկաններից մեկն ապտակել է Առաքելյանին: Ավելի քան 30 այլ ոստիկաններ ժամանել են դեպքի վայր և ընդգրկվել վեճում:

Հինգ մյուս ակտիվիստները, այդ թվում գործով անցնող երկու ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը մոտեցել և փորձել են պաշտպանել Առաքելյանին և Կարապետյանին: Բոլոր 7 ակտիվիստները վկայում են, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց այնքան ժամանակ, մինչև որ ոստիկանական մի ավագ սպա հրամայել է ձերբակալել նրանց և տեղափոխել մոտակա ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածներից ոչ մեկը չի տեղեկացվել ձերբակալության պատճառի և նրանց տեղափոխման վայրի մասին:

Ըստ Գրիգորյանի` ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին, ոստիկաններից մեկը պահել է Առաքելյանին ծնկի վրա` մի քանի րոպե գլուխը սեղմած պահելով ոստիկանական մեքենայի առջևի նստարանին: Երբ ոստիկանը ազատել է Առաքելյանի պարանոցն ու գլուխը, Առաքելյանն արագ հետ է բարձրացրել գլուխը` շունչ առնելու համար: Հետագայում ոստիկանը դատավարության ընթացքում Առաքելյանի և մյուս ակտիվիստների դեմ վկայություն տալով ասել է, որ Առաքելյանը հարվածել է իրեն և կոտրել քիթը: Երբ երկու ամբաստանյալների փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Ստեփան Ոսկանյանը ժամանել են ոստիկանական բաժանմունք` հանդիպելու պաշտպանյալներին, նրանք ծեծի հետքեր են նկատել պաշտպանյալների մարմինների վրա: Նույն օրը` երեկոյան, երբ ոստիկանները ամբաստանյալներին պահել են առանձին սենյակներում, Հովսեփյանը հայտնում է, որ լսել է ճիչեր այն սենյակից, որտեղ ոստիկանները պահելիս են եղել Կարապետյանին:

Ոստիկաններից մեկը փորձել է Հովսեփյանին թույլ չտալ ստուգելու Կարապետյանի սենյակը: Երբ Հովսեփյանը ներս է մտել սենյակ, տեսել է, թե ինչպես է Կարապետյանը փորձում վեր կենալ հատակից: Ամբաստանյալները հետագայում բողոք են ներկայացրել դատախազություն այն մասին որ ձերբակալության ընթացքում իրենք ենթարկվել են դաժան վերաբերմունքի:

2012թ. հուլիսին դատավարության ընթացքում ամբաստանյալները դատարանի առջև վկայություն են տվել, որ իրենք դաժան վերաբերմունքի են ենթարկվել ձերբակալությունից անմիջապես առաջ և ձերբակալության ընթացքում: Առաքելյանը վկայություն է տվել այն մասին, թե ինչպես են դաժանորեն իր հետ վարվել ոստիկանական բաժանմունք տեղափոխելիս:

Գրիգորյանը պատմել է Human Rights Watch-ին, որ դատախազությունը չի վարել որևէ հետաքննություն դաժան վերաբերմունքի վկայությունների առընչությամբ: Ոչ ընդհանուր իրավասության դատարանը, ոչ էլ վճռաբեկ դատարանը չեն հարուցել հետաքննություն այս վկայությունների առիթով: Երկու դատարաններն էլ հայտարարել են, որ կտտանքների և դաժան վերաբերմունքի որևէ դեպք տեղի չի ունեցել, և որ ակտիվիստների վկայությունները պարզապես նպատակ ունեն խուսափելու քրեական պատասխանատվությունից:

Մենք շատ մտահոգ ենք 4 ամբաստանյալների նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի և այդ վկայությունների առնչությամբ արդյունավետ հետաքննության բացակայության կապակցությամբ: Միջազգային համաձայնագրերը, որոնց մասնակից է նաև Հայաստանը, դրանց թվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշինքը, ՄԱԿ-ի կոնվենցիան Կտտանքների և այլ դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ, բոլորը խստորեն արգելում են անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունք կամ պատիժ: Սա ներառում է նաև իրավունք ունենալ ժամանակին, անկողմնակալ, արդյունավետ հետաքննության, որի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել և պատժել իրական կատարողներին: Այս պահանջների իրականացման ձախողումը կնշանակի, որ Հայաստանը լրջորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները:

Պատվարժան նախագահ, մենք հույս ունենք, որ Վճռաբեկ դատարանը ուշադրությամբ կմոտենա վերը նշված գործին առընչվող տեղեկատվությանը և որ այն կվերանայի գործը բոլոր տեսանկյունից` ելնելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից:

Human Rights Watch- ը հավատում է, որ շատ կարևոր է, որ դաժան վերաբերմունքի մասին վստահելի վկայություններ ունենալով, և հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն այս հարցում, անցկացվի այս գործին առընչվող վկայությունների արագ և ամբողջական հետաքննություն:

Շնորհակալություն այս հրատապ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար:

Հարգանքներով` Ռաչել Դենբեր, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ Human Rights Watch»

Թարգմանությունը՝ Կարինե Դավոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter