HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լեռնակերտցիների ամեն ինչ ունենալու ցանկությունը և համայնքի բազում անիրատեսական ծրագրերը

Լեռնակերտի մշակույթի տուն տանող ճանապարհն արդեն երկրորդ ամիսն է, չի մաքրվում: Մի քանի սենյակից բաղկացած միահարկ շինությունն անցյալ դարի 60-ականների կառույց է: Բարոյապես ու ֆիզիկապես մաշված շենքի միակ կենդանի ու շնչող հատվածում տեղավորված է համայնքի 4000 կտոր գրականության մի մասը:

«Մյուս մասն էլ մեր տանն է,- ասում է գրադարանի բազմամյա ու անդավաճան աշխատակցուհի Նազանի Սիմոնյանը:- 26 տարի է, աշխատում եմ, 37 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Ես գոհ եմ, որ էս տարիքում դեռ կարող եմ աշխատել ու ընտանիքիս օգնել, բայց պայմանները, որոնցում աշխատում եմ, հեչ բանի նման չեն, ոչ ջեռուցում կա, ոչ լույս, շենքն էլ խոնավության մեջ է»:

Նազանի Սիմոնյանը ճարահատյալ գրադարանավարի աշխատանքները սեփական տանն է կազմակերպում: Ոչ այնքան մեծ քանակությամբ, սակայն դպրոցականներին և ուսանողներին անհրաժեշտ գրականությունը տիկին Սիմոնյանը տեղափոխել է տուն: Ասում է, գոնե այդ կերպ գրքերի մի մասը կարող է փրկել խոնավությունից ու բորբոսից: Երկրաշարժից հետո Լեռնակերտի համայնքային գրադարանը նոր գրականությամբ չի համալրվել:

Լեռնակերտցի 13-ամյա Դավիթ Խաչատրյանը գրադարանից հաճախ է օգտվում:

«Ես շատ կուզեի, որ նորմալ գրադարան ունենանք, ավելի ճիշտ՝ կարգին մշակույթի տուն: Համակարգչային սենյակ կուզենայի ունենայինք, շախմատ խաղալու տեղ, լավ սպորտզալ կուզենայի, ամեն ինչ էլ կուզենայի՝ ունենանք, օր դասերից հետո զբաղվելու տեղ էղներ»,- ցանկություններն է թվարկում Դավիթը:

Նրան են միանում դասընկերներն ու միմյանց հերթ չտալով պատմում, որ ձմռանը, ձնագնդի խաղալուց և սահնակով սահելուց զատ, ուրիշ զբաղմունք չունեն, ամռանն էլ ծնողներին են օգնում, հորթերին են դաշտ տանում: «Խաղալու տեղ չունինք, մենակ մի հատ ֆուտբոլի դաշտ ունինք»,- իրար հերթ չտալով՝ ասում են երեխաները:

Չորսամյա Սուսաննայի և հնգամյա Մարտունիկի մտահոգություններն այլ են: Երեխաները 2-3 տարի է, մանկապարտեզ են հաճախում, սակայն ձմռան ամիսներին ստիպված են տանը մնալ: Երեխաների մոր՝ Թեհմինե Պետրոսյանի փոխանցմամբ՝ այս տարի արձակուրդները նախակրթարանում սկսվել են դեկտեմբերի մեկից:

«Ջեռուցում չկա մանկապարտեզում, դրա համար էլ ձմռան ամիսներին չի գործում, հետո մայիսին կամ հունիսին վերաբացվում է, էլի տանում ենք»,- ասում է Թեհմինեն: Ամսական երկու հազար դրամ են վճարում, երեխաները նորմալ սնվում են, ցերեկը քնում են: Թեհմինեն գոհ է, ասում է՝ այդպես կարողանում է հասցնել տնային բոլոր գործերը, երեխաներն էլ փողոցում չեն լինում, բանաստեղծություններ են սովորում, Մարտունիկն արդեն ճանաչում է տառերը:

Մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա գտնվող Լեռնակերտում Մուշից և Ալաշկերտից գաղթածների հետնորդներն են ապրում: Համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանն ասում է, որ ամեն ջանք գործադրում են գյուղացուն գյուղում պահելու համար: Գյուղից վերջին 10 տարում ընդամենը 10 ընտանիք է հեռացել:

«Ես հասկանում եմ, որ դրա համար առաջնահերթ պիտի մատաղ սերնդի մասին մտածենք: Եթե մեծերը տեսնեն, որ իրենց երեխան էդ մի վայրում հեռանկար, ապագա չունի, հաստատ կհեռանան: Փորձում ենք անել հնարավորն ու անհնարը, բայց դե գիտեք, շատ դեպքերում որոշիչը լինում է ֆինանսը»,- ասում է Մովսես Մովսիսյանը:

1980-ականներին կառուցված Լեռնակերտի մանկապարտեզի շենքը վերանորոգման կարիք ունի: Տարվա 6 ամիսներին մանկապարտեզի գործունեություն ապահովելու նպատակով համայնքային բյուջեից 5 մլն դրամ է տրամադրվում: Դրանով, բնականաբար, ոչ գույքն է հնարավոր թարմացնել, ոչ բակային նոր խաղեր ձեռք բերել, ոչ էլ առավել ևս կոսմետիկ նորոգումներ կատարել: Ընդամենը կարողանում են 8 աշխատակցի աշխատավարձն ապահովել ու հաճախող 35 երեխայի սնունդը:

«Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով մեկ անգամ կարողացել ենք մասնակի նորոգում կատարել: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը խոստացել է, որ 10-15 մլն դրամ կտրամադրի այս տարի, որ կարողանանք մանկապարտեզն ամբողջովին նորոգել: Բայց լոկալ ջեռուցման հարց էլի չի լուծվի,- ասում է Մ. Մովսիսյանը,-այդ հարցում դեռ աջակիցներ ենք փնտրում»:

Մշակույթի տան վերանորոգումն ու կահավորումը նույնպես համայնքի խոցելի կողմերից են: Համայնքապետի հաշվարկներով՝ կպահանջվի մոտ 50 մլն դրամ: «Սա մի գումար է, որ համայնքը չի կարող հայթայթել: Միակ հույսը մնում է պետությունը»,- ասում է Մովսես Մովսիսյանը:

2009-2012թթ. քառամյա ծրագրում մշակույթի տան առկա գույքի և գրքային ֆոնդի համալրում նախատեսել են, սակայն իրագործել չեն կարողացել: 2013-2016թթ. համար նախատեսված զարգացման ծրագրերում այդ կետը կրկին ներառված է, հույս ունեն, որ մինչև 2016թ. խնդիրը կլուծվի:

«Մշակույթի տունը որ վերանորոգվի, արվեստի դպրոց էլ կունենանք, կարող ենք խմբակներ բացել, գյուղի մշակութային կյանքը կաշխուժանա»,- նշում է համայնքապետը:

1541 բնակիչ ունեցող լեռնային այս գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղում կա 809 գլուխ խոշոր և 1000 գլուխ մանր եղջերավոր անասուն: Նախատեսված 850 հա արոտավայրը լիարժեք օգտագործվում է, անգամ պայմանագրային հիմունքներով որոշ տարածքներ տրվել են եզդի անասնապահներին: Համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի հավաստմամբ՝ իրենց պայմանները լիովին բավարար են անասնապահության զարգացման համար, սակայն իրացման խնդիրները շատ դեպքերում խոչընդոտ են:

Լեռնակերտցի Վաչիկ Հարությունյանը 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: Իրեն ֆերմեր է համարում, այն էլ բավական հաջողակ: Անասնագլխաքանակը մեծացրել է տարիների ընթացքում, բայց ամենամեծ խնդրի լուծումը դեռ չի գտել: «Կաթի իրացման խնդիր ունենք, մսի իրացումը նորմալ չէ: Անասունը չենք կարողանում վաճառել, առնող չկա, կամ էժան են գնում: Անասնակերն էլ թանկ է. տուկը 2000 դրամի կառնինք»,- դժգոհում է Վաչիկը:

Մսի իրացման վերաբերյալ համայնքապետը որևէ ծրագիր չունի, բայց ահա կաթի մթերման փոքրիկ ձեռնարկություն գյուղում հիմնելու մտադրություն կա: Այն պիտի իրագործեն 2013թ.-ին «Համայնքների գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման և մրցակցության» ծրագրի շրջանակներում:

«Դե, բնականաբար համաֆինանսավորում պիտի լինի, համայնքն էլ պիտի ներդրում կատարի,- բացատրում է համայնքապետը:- 20 մլն դրամի սահմաններում մեկ հատ «Գազել» մակնիշի բեռնատար մեքենա պիտի ձեռք բերենք՝ կաթը տեղափոխելու համար և մեկ սառնարան: Սա հնարավորություն կտա շրջանցել միջնորդներին և կաթը վերամշակող ձեռնարկությունների հետ անմիջական պայմանավորվածություն ունենալ: Ուզում ենք, որ ի վերջո գյուղացին իր արտադրածի օգուտը տեսնի»:

Անցած քառամյա ռազմավարական ծրագրում ներհամայնքային ճանապարհների բարեկարգման խնդիր էին դրել. իրագործել են առայժմ 40%-ով: Համաշխարհային պարենի ծրագրով գյուղի փողոցները տուֆապատել են: Այս ծրագրում համայնքի մասնակցությունն էր կարևորվում, հիմնական աշխատուժը լեռնակերտցիներն էին: Աշխատողները սնունդ էին ստանում կոնկրետ արժեքի սահմաններում, տեխնիկական և աշխատանքի համար հարկավոր պարագաներն ապահովում էր համայնքապետարանը:

«Ընդամենը 4 կմ հեռավորության վրա գտնվող Պեմզաշեն գյուղի տուֆի հանքերում խոտանված տուֆ քարի բավականին պաշարներ կան, որոնցից մենք օգտվել ենք: Դրանք շինարարության մեջ պիտանի չեն, սակայն ճանապարհաշինության մեջ լրիվ հնարավոր է օգտագործել: Արդեն 4-րդ տարին է, մեր փողոցների մի մասը տուֆապատ են ու դեռ դիմանում են: Հիմա էս ծրագիրը շարունակելու ենք հաջորդ քառամյայում»,- վստահեցնում է համայնքապետը:

2011թ. ծրագրել էին բարելավել միջնակարգ դպրոցի շենքային պայմանները, վերանորոգել մարզադահլիճը, ճաշարանը և նիստերի դահլիճը, սակայն որևէ ծրագրով չեն կարողացել իրականացնել և հիմա հույս ունեն, որ հաջորդ քառամյայում կհաջողվի կյանքի կոչել:

«Մեր սեփական եկամուտները 3 մլն 400 հազար դրամ է, 18 մլն 800 հազար դրամ դոտացիա տալիս է պետությունը: Մոտ 9 մլն դրամ աշխատավարձ ենք տալիս, 5 մլն-ը տրամադրում ենք մանկապարտեզին: Այլ ծախսեր էլ ունենք՝ սոցիալական օգնություն, միջոցառումների համար գումար և այլն: Մնում է շատ փոքր գումար, որն էլ կարողանում ենք տրամադրել, եթե համաֆինանսավորմամբ ծրագրեր են լինում»,- թվարկում է համայնքապետը:

2013-2016 թթ. համայնքապետարանում մշակել են բարերարների միջոցով Լեռնակերտում հանդիսությունների սրահ կառուցելու ծրագիր: Ծրագիրը կա՝ ֆինանսավորողն է անհայտ: Սեփական եկամուտների հաշվին պիտի շարունակեն գիշերային լուսավորության ցանցն ընդարձակելու գործընթացը: Ընդհատվել է նաև «Արոտների ջրարբիացում» ծրագիրը: Պիտի վերանորոգեն հեղեղատների հուների վրա կառուցված երկաթբետոնյա 2 կամուրջը:

«Ծրագրեր շատ կարելի է գրել, բայց որ նայում ես ունեցածդ ֆինանսին, զգում ես, որ որոշ մասն անիրատեսական է: 2012թ. դեկտեմբերին ավագանու նիստում նոր քառամյա ծրագիրը հաստատեցինք, բայց դե, որոշ ծրագրեր էլի նախորդից կրկնվում են, ու էլի պատճառը գումարն է»,- բացատրում է Մովսես Մովսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter