HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքների մեծ մասը սատարում է Սերժ Սարգսյանին

ՀՀ-ում կա ազգային փոքրամասնությունների 11 համայնք` ասորական, բելառուսական, եզդիական, վրացական, գերմանական, հունական, հրեական, քրդական, լեհական, ռուսական և ուկրաինական:

Ռուսական համայնքը ներկայացնող «Ռոսիա» ՀԿ-ի նախագահ Յուրի Յակովենկոն «Հետքի» հետ զրույցում նշեց, որ առաջիկա նախագահի ընտրություններին համայնքը սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Բացի դա` այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Նա պարզաբանեց, որ համայնքի ներկայացուցիչների հետ տարվում են բացատրական աշխատանքներ, որի ժամանակ բացատրվում է, թե ինչու է կարևոր մասնակցել ընտրություններին: 

«Եթե մենք ձգտում ենք կառուցել ժողովրդավարական երկիր, քաղաքացիական հասարակություն, մենք պետք է սովորենք հարգել և մեզ, և օրենքը, և այն երկրի Սահմանադրությունը, որտեղ մենք ապրում ենք: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք: Մադրիկ պետք է իրենք կատարեն իրենց ընտրությունը և մասնակցեն ընտրություններին»,- ընդգծեց Յ. Յակովենկոն:

Վերջինս հավելեց, որ եթե ինչ-որ ժամանակ առաջ իրենք ունեցել են որոշ խնդիրներ, ապա այժմ դրանք այլևս չկան, քանի որ բոլոր խնդիրների լուծումները ներառված են նախագահի ծրագրի մեջ:

Ի դեպ, Ս. Սարգսյանի նախընտրական ծարգրում փոքրամասնությունների մասին նշվում է երկու անգամ. ծրագրի «մշակույթ» բաժնում. «Ստեղծելու ենք լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակութային լիարժեք դրսևորման համար» ու «կրթություն և գիտություն» բաժնում. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի բոլոր խմբերի երեխաների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնելու ենք որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական ծարգրում փոքրամասնությունների մասին նշում է մեկ անգամ` ծրագրի «Նոր Հայաստան, որ մենք կերտելու ենք միասին» բաժնում. «Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք՝ լինի էթնիկ հայ կամ փոքրամասնության ներկայացուցիչ, ինչպես նաեւ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը կապահովվեն քաղաքացիություն ստանալու հավասար պայմաններով եւ կօժտվեն դրանից բխող համապատասխան բոլոր պարտականություններով ու իրավասություններով՝ ներառյալ ընտրական, արժանապատիվ կյանքի եւ մահվան, պատշաճ ընթացակարգերի, օրենքի առջեւ հավասարության ու պաշտպանվածության իրավունքները»:

ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրերում փոքրամասնությունների մասին չի նշվում:

Ռուսական համայնքի ղեկավարը կարևորում է հատկապես այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն անցել են խաղաղ պայմաններում. պատերազմ չի եղել: Նրա խոսքով` գործող նախագահը ռուսական կողմնորոշում ունի և մեծ ուշադրություն է դարձնում ռուս ժղովրդին: Նա հույս ունի, որ ընտրություններից և նախագահի վերընտրվելուց հետո ռուսաց լեզվի դերը կմեծանա Հայաստանում:

«Բայց քանի որ մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել բարգավաճող, ժողովրդավար երկիր»,- հավելեց Յ. Յակովենկոն:

Ուկրաինական համայնքը ներկայացնող ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Ռոմանիա Յավիրը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ծանոթ է միայն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին: Նա կարծում է, որ վերջինս պետք է շարունակի իրականացնել այն ծրագրերը, որը վաղուց սկսել է:

Ինչ վերաբերում է համայնքում առկա խնդիրներին, Ռ. Յավիրը նշեց, որ իրենց կողմից բարձրացված բոլոր խնդիրները միշտ ստանում են իրենց լուծումը: Իսկ ընտրություններից հետո Ռ. Յավիրը հույս ունի, որ Հայաստանը կծաղկի, կաշխատեն բոլոր գործարանները, կզարգանա արդյունաբերությունը, աշխատատեղերը կլինեն շատ, և մարդիկ ավելի լավ կապրեն:

Հայաստանի վրացական «Իվերիա» բարեգործական համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն նշեց, որ իրենց մոտ չկա այնպիսի հարց, որը լուծում չստանա. ՀՀ նախագահի աշխատակազմին կից Հայաստանի ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում միշտ ներկայացվում և քննարկվում են իրենց հուզող հարցերը:

«Բոլորի անունից չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ բոլոր ազգային փոքրամասնություններն էլ հասկանում են, որ մեր նախագահի քաղաքականությունն ու դիրքորոշումը մեզ բավարարում է»,- ասաց Ս. Նամչևաձեն:

Նա նշեց, որ ինքը միշտ մասնակցում է բոլոր ընտրություններին, և իրենց համայնքը սովորաբար ակտիվ մասնակցություն է ունենում ընտրություններին: Իսկ այս ընտրություններից ակնկալում են, որ երկրի նախագահը կմնա նույնը. «Այս խաղաղ մթնոլորտն ու առաջընթացը պետք է շարունակվի»: Բացի այդ` վրացական համայնքի համար շատ կարևոր է, որ լավ կապեր են հաստատվում Վրաստանի հետ, և մի շարք խնդիրներ լուծվում են: Ս. Նամչևաձեի խոսքերով` բոլոր հարցերը միանգամից չեն լուծվում, բայց և դրական է գնահատում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան:

«Աթուր» ասորական ասոցիացիայի ղեկավար Արսեն Միխայլովը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ոչ ամբողջությամբ, բայց որոշակիորեն ծանոթ է ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին և դրանց բոլորին հավանություն է տալիս:   

«Իհարկե, մենք ոչ միայն նախագահի, այլև մյուս բոլոր թեկնածուների ծրագրերի հետ կապված ուզում էինք ավելի շատ ուշադրություն դարձվեր, բայց փորձը ցույց է տվել, որ իշխանություններն են միայն այդ հարցերով (ազգային փոքրամասնությունների) զբաղվում»,- ասաց Ա. Միխայլովը: Վերջինս հավելեց, որ մասնավորապես վերջին տարիներին կրթամշակութային հարցերում իշխանություններն իրենց միշտ սատարել են:

Չնայած ասորական համայնքի ներկայացուցիչների հետ դեռևս ժողովներ չեն եղել` պարզելու ընդհանուրի դիրքորոշումը, սակայն Ա. Միխայլովը նշեց, որ այդ ժողովները տեղի կունենան առաջիկա օրերին, և իրենք հանդես կգան հայտարարությամբ: Այնուամենայնիվ, իրենք հույս ունեն, որ գործող նախագահը կվերընտրվի:

«Մեր ակնկալիքները կապված են կրթամշակութային ոլորտի հետ, մենք Հայաստանում ուրիշ հարցեր չունենք` քաղաքական»,- հավելեց Ա. Միխայլովը:

ՀՀ-ում բելառուսական համայնքը ներկայացնող «Բելառուս» ՀԿ-ի նախագահ Իրինա Պողոսյանը ևս նշեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց համայնքը սատարելու է Սերժ Սարգսյանին: Ի. Պողոսյանն անձամբ է զանգահարել համայնքի ներկայացուցիչներին, հետաքրքվել է, և նրանց մեծ մասը պատրաստվում է մասնակցել ընտրություններին: 

Ի. Պողոսյանի խոսքով` իրենց շատ մեծ ուշադրություն է հատկացվում, և, բացի գործող նախագահից, ինքը չի տեսնում որևէ այլ թեկնածուի, ով կկարողանա փոխարինել նրան:

«Այսօր սրանից լավ լինել չի կարող: Իհարկե, միշտ կարելի է ցանկանալ ավելին, բայց դա կապված է երկրի ընդհանուր իրավիճակի հետ: Այսօր մեզ համար շատ բան է արվում»,- նշեց Ի. Պողոսյանը:

Վերջինս հուսով է, որ ընտրությունները կանցնեն Սահմանադրության շրջանակներում, ամեն ինչ բարեհաջող կլինի, իսկ արդյունքում Սերժ Սարգսյանը կղեկավարի նաև առաջիկա 5 տարիներին:

Հիշեցնենք, որ հուվարի 14-ին Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստի ժամանակ որոշվել է եզդիական համայնքին կոչ անել առաջիկա նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Մեկնաբանություններ (3)

MARUNE
UXXAKI 1 MEKNABANUTYAMB- MEZ PETG CHES PARON SERJ SARGSYAN....
lernik
Paron Serj ------- HRAJARAKAN TVEQ--------
qaj nazar
te che et inchqan haya mnacel Hayastanum , vor hayin poqramas. chen hamarel ete gyuxer@ datark en mard chka heracel en qaxaqner2 lqvac en ay mard marzernel krchateq, amena shat@ marzpetnerin krchateq axpor pes , mi qich irar uten vor imanan ba aroxj u angorc mardik vonc en yola gnum aranc ashxatanq, nor haskanan te es joxovurd@ xiya agresiv darcel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter