HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչանքները թափվում են Դեբեդ գետը. որտե՞ղ են «վերահսկողների» աչքերը (վիդեո)

«Հետքը» 2012 թ.-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրության կազմակերպման անբավարար վիճակի,  արտադրական վտանգավոր պոչանքների անթույլատրելի հոսքերով Ախթալա գետակն ու Դեբեդ գետը աղտոտելու և այլ հիմնախնդիրների մասին հրապարակել է շուրջ 10 հոդված:

Այդ հրապարակումներից հետո  կոմբինատում  կատարվել են կադրային որոշ տեղաշարժեր, որոնք, սակայն ոչինչ չեն փոխել  կոմբինատի արտադրության կազմակերպման գործում: Հանքահումքային ոլորտից անտեղյակ ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանը այդպես էլ անհրաժեշտ հետևություն չի արել, որ կոմբինատի արտադրության գործի կազմակերպման  լավագույն ճանապարհը կոմբինատի հնացած տեխնոլոգիաներից հրաժարվելն ու մասնագետ կադրերի ճիշտ ընտրությունն է: Նրա անհեռատես կադրային քաղաքականության արդյունքում  այսօր կոմբինատի տնօրեններից ոչ մեկը հանքահումքային ոլորտի մասնագետ չէ, իսկ ինքը` տիկին Մադլենը, մասնագիտությամբ բուժքույր է:

Փետրվարի 1-ն  Ախթալայի ԼՀԿ-ի «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ Մադլեն Թաշճյանի կողմից վերջերս ԼՀԿ-ի տնօրեն նշանակված Սեյրան Նիկողոսյանը մասնագիտությամբ ագրոնոմ է: Ստեղծված իրավիճակում ԼՀԿ-ի արտադրության պատասխանատուները   չեն կարողանում վերահսկել արտադրական թունավոր պոչանքները: Դրանք  մշտապես ուղղում են դեպի Դեբեդ գետ: Հունվարի 31-ի ամբողջ օրը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները թափվել են Ախթալա գետակ, այդտեղից էլ՝ Դեբեդ գետը: Պոչանքային հոսքերը Դեբեդ են լցվեցին նաև փետրվարի 1-ին` մինչև ժամը 17:00:  

Ախթալայի Բարիտ թաղամասի երկաթգծի կամրջից ներքև (Ախթալա գետակի՝ Դեբեդին հատվելու տեղանքում) պոչանքային հոսքերի մեր նկարահանումների մասին Դեբեդի հարևանությամբ գտնվող պոմպակայանի աշխատողը  անմիջապես ահազանգեց  ԼՀԿ-ի անվտանգության աշխատողներին: «Սեյրանին ասեք՝ գետի մոտ նկարահանում են»,- հայտնեց նա: Սեյրան Նիկողոսյանը  ԼՀԿ-ի պետն է: Ահազանգին անմիջապես հաջորդեց  կոմբինատի անվտանգության աշխատողների  անհանգիստ շարժը մեր շուրջ, իսկ  30 րոպե անց պոչանքային հոսքերը սկսեցին նվազել: Փետրվարի 1-ին Դեբեդ էին լցվում նաև ԼՀԿ-ի պոչանքաջրերի մեծ հոսքեր, որոնց խողովակները պայթել էին Ախթալա բարձրացող ճանապարհահատվածի լանջերից մեկում:  ԼՀԿ-ից  դեպի  Ճոճկանի պոչամբար գնացող  խողովակները Ախթալայի Բարիտ թաղամասում երկաթե կամրջակով անցնում են  Ախթալա գետակի վրայով: Այն տեղադրվել է Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից: Կամրջակով անցնող խողովակների վրա փական է տեղադրված, որի բացելու  դեպքում բաց խողովակներից մեկով կոմբինատի արտադրական պոչանքների  մեծ քանակություն  է թափվում Ախթալա գետակ:

ԼՀԿ-ի «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ պետի ցուցումով Ախթալա գետակի վրայով անցնող Ճոճկանի պոչամբարի խողովակի  փականը սիստեմատիկաբար բացվում է: Կամրջակին հարող  լանջերը, Ախթալա գետակի ափամերձ  տարածքները ամբողջությամբ ծածկված են պոչանքներով: Այնպես որ ԼՀԿ-ի ղեկավարները այն  հերքելու հիմքեր չունեն:

Զավեշտալին այն է, որ ԼՀԿ-ի տնօրինությունը և սեփականատերերը կոմբինատի  արտադրական գործունեության հետևանքով  Ախթալա քաղաքի շրջակա միջավայրի, այդ թվում նաև՝ Ախթալա գետակի և Դեբեդ գետի  հասցված աղետալի վնասների համար  իրենց մեղավոր և պարտավորված չեն զգում: Հանքահումքային արտադրությամբ գերբեռնված Թումանյանի տարածաշրջանում ընկերությունների  բնապահպանական  պարտավորությունների վերահսկումը փաստացի մատնված է անտերության:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter