HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուրաբյան. «Տիգրան Առաքելյանին պահելով բանտում՝ դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում»

Հունվարի 25-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը և տրամադրել 20 օր նոր բողոք ներկայացնելու համար: Եթե Վճռաբեկ դատարանը, կատարելով Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանությանը իջեցրած հրամանը, ուժի մեջ թողնի վերոհիշյալ ակտիվիստներին համապատասխանաբար 6, 3, 2 և 2 տարով ազատազրկելու որոշումը, մենք Հայաստանում կունենանք չորս քաղբանտարկյալ:

Ազատազարկված Տիգրան Առաքելյանը և դեռ ազատության մեջ գտնվող երեք մյուս տղաները, ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք:

Հարցը արդեն պաշտոնապես բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է Հյուման Ռայթս Ոտչը (Human Rights Watch), և տղաների անունները արդեն հնչում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում որպես ապացույց որ Հայաստան խախտում է մարդու իրավունքները և քաղբանտարկյալներ ունի:

Տղաների ազատությունն են պահանջում նաև Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները: Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու համար, որ Տիգրան Առաքելյանին պահելով բանտում՝ դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում և ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախնդիր և ողորմելի մի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համարձակ ակտիվիստներից:

Հանուն այդ քինախնդրության դուք պատրաստ եք թուլացնել Հայաստան միջազգային վարկը և դիրքերը կարևորագույն միջազգային կառույցներում: Սթափվեք, ազատեք տղաներին այդ բռնաճնշումներից և վերջ դրեք պատանդների առևտրի այս խայտառակ քաղաքականությանը:

Լևոն Զուրաբյան
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն
5 փետրվարի, 2013թ.
Ազգային ժողով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter