HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու՞ է մուկ ծնում... ՀԱԿ-ի լեռը

Փետրվարի 7-ին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտարարում է, որ եկել է ՀԱԿ-ը ազատ դաշինքից մեկ միասնական կուսակցության վերածելու ժամանակը և որ այդ գաղափարի շուրջ վաղուց արդեն քննարկումներ են ընթանում  Կոնգրեսի «հավատարիմ մնացած» ուժերի շրջանում: Դրանից բառացիորեն 2 օր անց ՀԱԿ-ի մի խումբ անհատներ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ դիմում են ՀՀ արդարադատության նախարարություն նոր` «Հայ ազգային կոնգրես» անունով կուսակցություն գրանցելու համար: Ավելի ուշ հայտնի է դառնում, որ նոր կուսակցությունը ստեղծվում է ՀԱԿ դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունների միաձուլման և մի խումբ անհատ ակտիվիստների ներգրավման արդյունքնում, և որ ՀԱԿ կուսակցությունը լինելու է ոչ թե ՀԱԿ դաշինքից դուրս, այսինքն՝ նրա լուծարման հետևանք, այլ դառնալու է դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերից մեկը:

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակություն չենթադրող այս գործընթացները, սակայն, թաքցնում են երկու էական հանգամանք: Նախ` փաստացի ստացվում է, որ այն պահին, երբ Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարում էր ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ծրագրի և դրա շուրջ Կոնգրեսում ծավալված քննարկումների մասին, ըստ էության ամեն ինչ արդեն վճռված էր: Առաջնորդը ոչ թե ՀԱԿ-ում ստեղծված անկառավարելի, փակուղային իրավիճակից դուրս գալու օրակարգ էր առաջադրում իր գործընկեր ուժերին, այլ հանում էր այդ օրակարգը` բոլորի փոխարեն կայացնելով ՀԱԿ-ը կուսակցության վերածելու միանձնյա և վերջնական որոշում: Կոնսենսուսի մասին, որով, իբր, ՀԱԿ-ում ընդունվում են որոշումները, որևէ խոսք լինել չի կարող: Տեր-Պետրոսյանը բոլորի փոխարեն միանձնյա որոշումն ընդունել էր հենց այն պատճառով, որ հրաշալի գիտեր` ոչ կոնսենսուսային եղանակով և ոչ էլ պարզ մեծամասնության քվեարկության միջոցով այս ծրագիրն անցկացնել չէր կարող այն պարզ պատճառով, որ ՀԱԿ-ի հիմնական ու մեծամասնություն կազմող ուժերն այն մերժելու էին: Այլ կերպ ասած` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ փոքրամասնությունը դաշինքի հետագա ճակատագրի նման կարևորագույն որոշումն ընդունում է՝ անտեսելով մեծամասնության կարծքիը, փաստացի նրա փոխարեն: Եվ սա տեղի է ունենում մի քաղաքական ուժի ներսում, որն իր գոյության ողջ ընթացքում մատուցվում էր իբրև ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող և այդ արժեքները հասարակական-քաղաքական հարաբերություններում հաստատելուն, մշակույթ ձևավորելուն նպատակաուղղված կառույց: Իր այս որոշմամբ Տեր-Պետրոսյանը պարզապես ավելորդ անգամ ապացուցեց, որ ՀԱԿ-ը հայաստանյան այն շարքային քաղաքական կազմակերպություններից կամ ավելի ճիշտ ՍՊԸ-ներից է, որտեղ ամեն ինչ սկսվում ու վերջանում է «շեֆի» ընդունած միանձնյա որոշումներով: Եվ այդ տեսակետից այն նույնիսկ շատ ավելի վտանգավոր է, որովհետև եթե մյուսները գոնե ազնիվ են` իրենց այդ բնույթը չթաքցնելու առումով, ապա փակ խաղալով ՀԱԿ-ն ուղղակի փարիսեցիություն է հանդես բերել անցած ողջ ժամանակահատվածում:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ, ըստ էության, տեղի է ունենում ոչ թե Կոնգրեսի կառուցվածքային ու կազմակերպական փոփոխություն, ինչի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը վերոնշյալ հարցազրույցում, այլ դրա անվան տակ ընդամենը ստեղծվում է հայաստանյան հերթական կուսակցությունը: Ավելի ճիշտ` Հայոց համազգային շարժումը, փոխակերպվելով ՀԱԿ-ի, փորձում է ռեաբիլիտացվել քաղաքական նոր իրողություններին և, իր մեջ կլանելով երկու փոքր կուսակցությունների, ձգտում է կամուրջ ստեղծել նախագահական ընտրություններից հետո նորովի մեծ քաղաքականություն մտնելու համար: Ինչպես ասում են` լեռը երկնեց ու... մուկ ծնեց:

Բայց էականը, իհարկե, դա չէր: Ի վերջո, ակնհայտ էր, որ առանց կոնսենսուսի կայացված որոշումն այլ բանի չէր կարող հանգեցնել: Էականն այն է, որ փաստացի Տեր-Պետրոսյանը դրեց առնվազն ՀԱԿ-ի պառակտման հիմքը՝ այնտեղ ներգրավված ուժերին և անհատներին բաժանելով «Կոնգրեսին հավատարիմ մնացածների» և փաստորեն այս կատեգորիայից դուրս գտնվողների, այսինքն` հավատարիմ չմնացածների: Որովհետև եթե նման կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունն իրականացվում է երեք ուժերի շրջանակում, նշանակում է, ըստ Տեր-Պետրոսյանի, հենց նրանք էլ հանդիսանում են ՀԱԿ-ին հավատարիմ մնացածները: Նման բաժանումներ անցկացնելու չափորոշիչը, ըստ այդմ, դառնում է Տեր-Պետրոսյանի անձնական ընկալումը. նրանք, ովքեր կողմ են իր քաղաքական հայացքներին, որոշումներին ու ընտրած տակտիկային, հավատարիմներն են, իսկ նրանք, ովքեր կասկածում են դրանց, էլ չենք խոսում հակադրվելու մասին, անհավատարիմներն են, այսպես ասած` խորթ զավակները: Հետևաբար Տեր-Պետրոսյանն այսպիսով ՀԱԿ-ը նույնականացնում է անձնապես իր հետ` դրանից բխող բոլոր բացասական հետրանքներով և դրանով իսկ մյուս ուժերին դնում  է պարզ եռընտրանքի առջև: Կամ նրանք համալրում են հավատարիմների շարքը` ընդգրկվելով ՀԱԿ կուսակցությունում, կամ համակերպվում են անհավատարիմների կարգավիճակով հնազանդորեն ընդունել Տեր-Պետրոսյանի հետագա բոլոր միանձնյա որոշումները, որոնք կայացվելու են ամբողջական ՀԱԿ-ի անունից, կամ պետք է այնքան ինքնահարգանք ունենան, որ դուրս գան դաշինքից:

«Խորթ զավակների» շրջանում, սակայն նման միտումներ առայժմ զգալի չեն: Նրանք երևի առայժմ փորձում են հասկանալ` ինչի է ձգտում հասնել Տեր-Պետրոսյանը: Սակայն միառժամանակ ակնհայտ է նաև հարմարվողականության հակումը, ինչին այս ուժերը աստիճանաբար սովորել են ՀԱԿ-ի հնգամյա գործունեության ընթացքում: Եթե այդպես է, ապա այս ուժերն ուղղակի զբաղված են գիտակցված ինքնախաբեությամբ: ՀԱԿ-ի պահպանումը անգամ այն պարագայում, երբ դրանից միայն անունն ու արտաքին շերտը, ձևն է մնացել, ընկալում են իբրև ամենահիմնական արժեքը, և փորձելու են պարզապես չնկատելու տալ Տեր-Պետրոսյանի իրականացրած յուրօրինակ այս դիվերսիան սեփական դաշինքի նկատմամբ:

Խնդիրն, իհարկե, ՀԱԿ-ից դուրս գալը չէ, որը ստեղծված իրավիճակում թվում է ամենաբնական ելքը: Որովհետև այս տեսակետից ՀԱԿ կուսակցությունն ստեղծողները պարզապես պրովոկացիայի են ենթարկում մյուսներին: Այլ` գոնե անձնակենտրոնությունն ու անձնապաշտությունը պաշտոնականացնելու, լեգիտիմացնելու այս ձգտումների կանխումը: Համակերպվել պարտադրվող իրողություններին, նշանակում է ընդունել ձայնազուրկ և կամակատար լինելու պարտադրվող խաղի նոր կանոնները:

Բայց ամենադրամատիկը, նույնիսկ ողբերգականն այն է, որ այս ամենի հետևանքով ՀԱԿ-ը ինքնաբերաբար գլորվում է անդունդը, չնայած զուտ ատաքուստ թվում է, թե նրանում ներգրավված ուժերն այս կամ այն կերպ ձգտում են հենց դրանից ապահովագրել ՀԱԿ-ը: Որովհետև տեղի է ունենում արժեքների պարզ խեղաթյուրում. ներքին անձնիշխանությունը մատուցվում է ժողովրդավարության ու բազմակարծության քողի ներքո, ՀԱԿ-ի ձևը պահպանելն ավելի կարևոր արժեք է դարձել, քան դրա առանցքը կազմող հիմնանպատակներն ու իդալները, հարաբերությունները` որպես բովանդակություն, հարմարվողականությունը, դիմազրկումը պաճուճապատվում է բանավեճի, երկխոսության մշակույթի գաղափարների ծխածակույթով:

Ուղղակի կարելի է ափսոսալ ժողովրդավարական շարժումից ծնված մի դաշինքի` այս աստիճան դեգրադացվելու համար, որը դեռ ոչ վաղ անցյալում այնքան հույսեր էր արթնացնում հասարակության մոտ:

Մեկնաբանություններ (1)

GB
LTP and his disastrous policy about Artsakh put all Armenian nation in a hole, that even himself is in puzzle for the mess he created for Armenia. All oligarchy system, and corruption in Armenia started with this well educated, weak multilingual individual, who knew nothing about world politics! He should accept a position in Yerevan State University, and start his teaching job ASAP.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter