HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հանքարդյունաբերություն ունեցող բոլոր մարզերում գերակշռում է թոքի քաղցկեղը

Հայաստանի այն բոլոր մարզերում, որտեղ կա հանքարդյունաբերություն, գերակշռում է թոքի քաղցկեղը: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, որովայնային և էնդովիրաբուժության բաժնի վարիչ, ուռուցքաբան Արմեն Տանանյանը՝ հղում անելով ՀՀ բոլոր մարզերի, Արցախի բնակչության՝ քաղցկեղով հիվանդացության իրենց վերլուծությանը:

«Հետքի» այն հարցին, թե արդյոք թոքի քաղցկեղի պատճառը մարդկանց՝ հանքարդյունաբերական գործարանների արտանետած թունավոր նյութերը շնչե՞լն է՝ Արմեն Տանանյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ թոքի քաղցկեղի առաջացման մեջ դեր են խաղում նաև ծխելը, սթրեսը, ժառանգականությունը:

Ուռուցքաբանի խոսքով՝ Հայաստանում քաղցկեղով առաջնակի հիվանդների թիվը 100 հազար բնակչի հաշվով 240 է, ինչը համապաստախանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արձանագրած տվյալներին: Ըստ ԱՀԿ-ի՝ Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև Հայաստանում առանջնակի հիվանդների թիվը կազմում է 180-240:

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես քաղցկեղով հիվանդների շրջանում 1-ին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Հայաստանում կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը գրեթե հավասար են թոքի քաղցկեղի ցուցանիշին: 3-րդ և 4-րդ տեղերում տարբեր տարիների փոփոխաբար ստամոքսի կամ հաստ աղիքի ուռուցքներն են: Հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը:

Արմեն Տանանյանն անհրաժեշտ է համարում, որ մարդիկ հնարավորինս շուտ դիմեն բժշկի: «Ինչքան վաղ մենք հայտնաբերենք այդ քաղցկեղը, այդքան հետագայում բուժումը և ապրելիությունը կլինեն շատ ավելի լավ և բարձր ցուցանիշների վրա»,- ասաց նա:

Ուռուցքաբանը կանանց խորհուրդ տվեց ինքնազննել իրենց կրծքագեղձը և որևէ բան հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել բժշկի: 35-40 տարեկանում կինը պետք է անպայման անցնի պրոֆիլակտիկ ուլտրաձայնային հետազոտություն: 40 տարեկանից հետո կինը պետք է տարին մեկ անգամ անցնի մամոգրաֆիական հետազոտություն:

Տղամարդիկ ևս պետք է 45-50 տարեկանից հետո պարտադիր հետազոտություններ անցնեն: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մշակել է ձեռնարկ, որում ներկայացված է, թե որ խնդրի, գանգատի դեպքում որ տարիքում ինչ հետազոտություն պետք է անցնել:

Եթե որևէ օրգանի քաղցկեղը հայտնաբերվում է 1-ին, 2-րդ փուլում, հիվանդի ապրելիությունը լինում է 80-95 տոկոս դեպքերում: Եթե քաղցկեղը հայտնաբերվում է 3-րդ, 4-րդ փուլերում (իսկ Հայաստանում քաղցկեղը հիմնականում հայտնաբերվում է հենց այդ փուլերում), ապրելիությունը շատ ավելի ցածր է, և բուժման արդյունքները՝ ավելի վատ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան կատարվում է 4,5 հազար վիրահատություն: Մահացությունը 1-3 տոկոս է: Կենտրոնում տարեկան 4-5 հազար հիվանդ ստանում է քիմիաթերապիա, 2-3 հազար հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Քաղցկեղով հիվանդ այլ մարդիկ էլ բուժում են ստանում Հայաստանի այլ բուժհաստատություններում:

Այս ցուցանիշը, Արմեն Տանանյանի խոսքով, փաստում է, որ հիվանդների մեծ մասը նախընտրում է բուժվել Հայաստանում: Նրա հավաստիացմամբ՝ այն, որ հիվանդներից որևէ մեկը բուժում ստանալու համար արտասահման է գնում, չի նշանակում, թե Հայաստանում չկան համապատասխան մասնագետներ: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ հիվանդը կարող է բուժվել արտասահմանում, մանավանդ չարորակ ուռուցքներով հիվանդ այն մարդիկ, որոնց բուժման որևէ փուլ (վիրահատություն, քիմիաթերապիա, տարբեր դիագնոստիկ ծառայություններ) չի ստացվել հայրենիքում:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կառուցվել է 1980 թ. և վերանորոգման կարիք ունի: Այժմ կառուցվում է ուռուցքաբանության նոր կենտրոն: «Հուսանք, որ 2-3 տարվա ընթացքում նոր կենտրոնը, որը պետք է ստեղծվի, կլինի շատ ավելի բարձր մակարդակի»,- ասաց Արմեն Տանանյանը:

Մեկնաբանություններ (1)

Tigran
Հարգելի Սոնա Մինչև հարցազրույցի մեկ նախադասությամբ հոդված վերնագելը բարի եղեք ճշտել թե գերակշռուը ինչի համեմատ է: Եվ ընդհանրապես համամատեք նույն ԱՀԿ- տվյալներով թե արդյոք Հայաստանում են քաղցքեղից մահացության դեպքերը շատ թե զարգացած եվրոպական երկրներում: Եթե մասնագիտական հետաքրքրություն բավականացնի ապա այս է հասցեն-http://whqlibdoc.who.int/publications/2011/9789241502283_eng.pdf

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter