HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Էսսե Բարեկենդանի, Հելլոուինի ու Դիոնիսի մասին

Ի՞նչ կապ ունի էս ամենն ինձ հետ

Ի՞նչ կապ ունեմ ես էս ամեն ինչի հետ

Ի՞նչ կապ ունի էս ամենն ինձ հետ

Ի՞նչ կապ ունեմ ես էս ամեն ինչի հետ

Ի՞նչ կապ ունի էս ամենն ինձ հետ                

Ի՞նչ կապ ունեմ ես էս ամեն ինչի հետ:

*******

Վերջին շրջանում Հայաստանում մեծ (մեծ ոչ թե մասշտաբների, այլ չափսերի տեսանկյունից) տեղ է տրվում տոներին: Մեծ շուքով (շուք = աղմուկ) նշվում են Բանակի, Սահմանադրության ու Երեխաների իրավունքների պաշտպանության օրերը, Կանանց, Հանրապետության ու Անկախության տոները: Շարքն ավարտուն է դառնում Սուրբ ծնունդ, Սուրբ Սարգիս, Տրընդեզ, Սըբխեչ ժողովրդական ու եկեղեցական տոներով, իսկ շուտով շատերի կողմից սպասվող Ամանորն է:

Եթե պատմեցի, որ եկեղեցու ու քաղմասի արանքում գիտեմ, որ իմ տեղը տունս է, ապա այս բոլոր տոների արանքում ճզմվելով  շարունակում եմ ինձ տալ նույն հարցը.  

- Ի՞նչ կապ ունի էս ամենն ինձ հետ:

( «էս ամեն»-ը, բնականաբար, տոների անցկացման ձևին է վերաբերում)

***

Վերջին շրջանում ակտուալ են դարձել ազգային տոների վերականգնման մասին քննարկումները, ինչն ինքնին վկայում է, որ գոյություն ունի խնդիր, կա բաց տեղ, որն էս անգամ էլ որոշել ենք լցնել պատմության փոշով՝ ինչպես միշտ: Բայց հարցի մյուս կողմն է, թե ի՞նչում է  իրականում խնդիրը, ի՞նչն ենք ուզում փոխել կամ վերահաստատել:

Խոսակցությունների մեծ մասն ինքնին դատարկ փուչիկներ են, քանի որ ազգային սովորության համաձայն հարցը քննարկվում է տոնել մեր, թե՞ օտարների տոները, մերն է ավելի լավ, թե՞ նրանցը, առաջ է քաշվում մեր-ձեր անիմաստ, մանկապարտեզ հիշեցնող սպիտակ աղմուկը:

Նման մոտեցման դեպքում մենք կորցնում ենք տոնի ֆունկցիոնալ, թատերական, ավանդական նշանակությունը ու այն վերածում հնուց եկած ինքնանպատակ հուշարձանի:

***

Թեմայի շրջանակներում ամենթարմ  խոսակցությունների հերթական առիթ դարձավ Հելոուինը: Այս մասին խոսեցին հոգևորականները, ահազանգեցին կոմպետենտ մասնագետներ, խոսք հասավ ընդհուպ Դիվան Բաշուն ու մարդիկ անգամ առաջարկեցին սրա փոխարեն վերականգնել նույն կառնավալային մշակույթի տարրեր պարունակող հայկական, ազգային, տնական Բարեկենդանը (կամ Փորեկենդան): Երբ փորձում էի հիմնավորումներ գտնել, թե ինչու՞ պետք է Բարեկենդանը վերականգնել, ծանոթանում էի կարծիք հայտնողների տեսակետներին, ամենաաբսսուրդայինն այն էր, որ նրանցից որևէ մեկը չէր հիմնավորում, թե ինչու մենք ունենք բարեկենդանի կարիքը ֆունկցիոնալ տեսանկյունից: Բոլորի հիմնավորումներն ավարտվում էին «մեր-ձեր» սահմանաբաժանին՝ «…եթե նման շուքով նշում ենք օտարինը, եկեք փոխարնեը նշենք մերը»:

Մարդիկ, ովքեր կողմ էին վերականգնել մեր կառնավալային մշակույթը, ենթադրում եմ կողմ էին գոնե առանց հասկանալու, որ այսօր խոսել կառնավալի վերականգնման անհրաժեշտության մասին, նույնն է, թե խոսել օրինակ՝ ասպետական մշակույթի վերականգնման անհրաժեշտության մասին:  Եթե ներկայացնում ենք նման պահանջ, ստացվում է, որ մենք կամ տեղյակ չենք կառնավալի ֆունկցիաներից կամ ասում ենք, որ մենք ապրում ենք «թագավորական ժամանակներում» :

Կառնավալային մշակույթը , հարկե, շատ ծավալուն է ու չեմ պատրաստվում վերաշարադրել հանրագիտարաններն ու դասագրքերը, բայց եթե փորձեմ ընդհանրացնել, ապա բոլորիս հայտնի է, որ կառնավալի գլխավոր սիմվոլներից մեկը դիմակն է:

-Ի՞նչ դեր կարող է ունենալ դիմակը, ե՞րբ ենք մենք ունենում դիմակով ներկայանալու պահանջ, ո՞ր իրավիճակներում է դիմակը մեզ փրկում...

Մշակույթում դիմակի սիմվոլը ակտիվ է այն ժամանակ, երբ կա «թագավոր» ու  «ծառաներ» կան, և տարվա մեջ մեկ տոն օր կա ՝ կառնավալ, որտեղ բոլորը դառնում են հավասար, որովհետև ոչ մեկի ինքնությունը պարզ չէ, բոլորը կարող են ասել «թագավորին» այն, ինչ մտածում են, քանի որ խոսքը դառնում է անոնիմ ու հետևաբար ասողը չի պատժվի դրա համար, մարդիկ կարողանում են անոնիմ խախտել հասարակական նորմերն ու բարքերը, «մոխրոտիկը» կարող է պարել « արքայազնի» հետ, քանի որ հանրույթը խիստ հիերարխիկ է և մարդկանց տարվա մեջ պետք են օրեր, երբ նրանք կազատվեն այդ հիերարխիայից ու կընկնեն կառնավալային թվացյալ հավասրաության երանելի թմբիրի գիրկը: 

                                     ՓՈՐԵԿԵՆԴԱՆ

Երբ ծառան վիզը ծռում էր տիրոջ առաջ, իսկ քյոխվան էլ միշտ ճիշտ էր:

Շարունակելով Բարեկենդանի թեման, քանի որ այն շատ ծավալուն է, նշեմ միայն տոնի՝ թեմայի հետ առնչվող բնութագրական կողմերից մի քանիսը.

Տոնի տևողությունը երկու շաբաթ էր և այդ երկու շաբաթների ընթացքում ծառայող, ստորին խավի ներկայացուցիչներին իրավունք էր տվում իրենց տերերին,  չինովնիկներին, կամ հնում գյուղի քյոխվային (գյուղապետ), անգամ հոգևորականներին ցույց տալ իրենց կատարած սխալները, ծաղրել և այլն: Տոնի ժողովրդական ավանդույթի համաձայն, այս օրերին հարսները հնարավորություն են ունեցել հրամայել իրենց սկեսուրներին, փոքրերը` մեծերին, իսկ ծառաներն էլ` տերերին: Աղջիկներ տղաների հետ հարաբերություններում ազատվում էին շփման սահմանափակումներից, կանայք իրավունքներ էին ստանում տղամարդկանց նկատմամբ, երեխաները կարող էին չենթարկվել ծնողներին և այլն: Բայց տոնի ավարտից անմիջապես հետո ամեն ինչի ընկնում էր իր տեղը, մարդիկ անցնում էին նախկին սովորույթներին, տղամարդիկ նախկինի պես գերիշխում էին կանանց, ծնողները ճնշում երեխաներին, ծառան վիզը ծռում էր տիրոջ առաջ, իսկ քյոխվան էլ միշտ ճիշտ էր:

Տոնի առավել ընդունելի կոնցեպցիայի հեղինակ Բախտինը տոնը բնութագրում է որպես աշխատանքային օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա՝ առօրեա կյանքի հակապատկեր, որի ժամանակ գործում են խաղի բացարձակ հակառակ կանոններ, քան «ստանդարտ ժամանակի» կանոններն են, մարդիկ տոնի ընթացքում լիցքաթափվում են կյանքի ստանդարտ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ու միևնույն ժամանակ նախապատրաստվում հաջորդ բնականոն ցիկլին: 

Տարածությունը, ազատվելով առօրեա կյանքի պատկենելությունից, վերածվում է սիմվոլիկ ու ծիսական գործողությունների վայրի: Իրականությունը վերածվում է տոնի մասնակիցների իդեալական պատկերացրած իրականության: Սա կապված է նաև այն բանի հետ, որ Տոնի ժամանակ մասնակիցները հրաժարվում են ընդունված նորմերից ու վարքականոններից, գերիշխող սոցիալական հարաբերություններն ու հիերարխիան շուռ են տալիս գլխիվայր: Տոնը մարդու աշխարհի մի վիճակ է կապված սոցիալ-մշակութային տիրող սահմաններից դուրս գալու հետ, երբ հերքվում են իրենց իսկ կողմից ստեղծված ու ընդունված նորմերը:

Փաստորեն, եթե տոնի Բախտինյան մեկնաբանությունն ընդունում ենք, ապա ստացվում է , որ բարեկենդանի տոնի նման տոն ունեցող բնակչությունն ապրել է ծայրահեղ ռեպրեսիվ ու ճնշված մշակութային համակարգում, իսկ քանի որ նման կենսակերպը կարող է հանգեցնել լուրջ պայթյունների, կարիք է եղել ինչ-որ ճանապարհով մեկ տարվա ընթացքում կուտակված էներգիայից ազատվել: Իսկ դրա համար ամենաբնական ճանապարհը տոնն է, քանի որ տոնն ամենահսկայական դիապազոն ունեցող մշակութային երևույթներից մեկն է՝ սկսած արխայիկ միֆական ժամանակներից մինչ մեր օրերը: Այն բոլոր քաղաքակրթություններում առկա պարտադիր ֆենոմեն է՝  մարդու ֆումդամենտալ վիճակներից մեկը, ինչպին են սերը, երազը, հիվանդությունն, ծնուննդը և այլն: 

                                              « ի՞նչ կապ ունի էս ամենն ինձ հետ »

Փաստորեն, տոները ինքնանպատակ ու երազում տեսած, անհիմն սյուժե ու ֆաբուլա ունեցող իրադարձություններ չեն: Հենց սրանով է տոնը տարբերվում կամայական հիմքի վրա կառուցվող միջոցառումից: Տոնը հանրության շրջանում իշխող բարքերի հայելային արտոցուլումն է, իսկ մենք այսօր, եթե շարունակենք կառչել անցյալի նման տոներից, կստացվի որ կամ ասում ենք, որ մեր հանրային վիճակն էլ է այսօր նույնը, ինչ այն ժամանակ, կամ էլ սեփական չիմացության պատճառով ստում ենք ու հայելու փոխարեն մարդկանց փորձում ենք հրամցնել ինչ-որ նկար ու մեջը նայողին համոզել, որ դա հայլեի է, պատկերն էլ իրենը: Հիմա վերադառնամ տեքստիս նախաբանում հնչեցրած հարցին:

- Ի՞նչ կապ ունի էս ամենն ինձ հետ:

Ստացվում է, որ ներկա՝ «օտար»  (սովետական, արևմտյան, արևելյան և այլն) ու «ազգային» ( հարյուր տարի առաջ արդիականություն ունեցող տոների հարություն առած տարբերակները)  տոները ինձ կանգնելու հող չեն տալիս, քանի որ ոչ առաջինները, ոչ առավել ևս երկրորդներն իմ ներկա մշակույթի հետ քիչ առնչություններ ունեն:

Անկախացման հաստատումից հետո պետական մակարդակով նոր տոներ ձևավորելուն ուղղված քայլեր հատկապես վերջին շրջանում արվում են: Կարծում եմ ճիշտ ուղու վրա ենք, եթե միայն օրինակ՝ կոմպետենտ մասնագետները փորձեն օգնել ձևավորելու արդի մշակույթին ու կենսակերպին համպատասխան տոներ՝ փորձված մածունի գովքով զբաղվելու փոխարեն: Հակառակ պարագայում նրանց առաջարկած փորձված մածունին, իհարկե, ոչ մեկ չի էլ մոտենա, իսկ այդ ընթացքում պետությունը ինքը կձևավորի պետական տոնացույցն այնպես, ինչպես կարողանում է՝ սովետականի, մասսայականի  ու դաարկ սիմվոլների բուլվարային հիմքի վրա:  Իսկ ես նորից կգոռամ.

- Ի՞նչ կապ ունի էս ամենն ինձ հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter