ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների զեկույցի արդյունքները և նրանց զարմանքը
ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում կայացած ընտրություններն ընդհանուր առմամբ գնահատում են դրական: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության դիտորդ Հայդի Թալիավինին (Heidi Tagliavini) ասում է, որ խախտումներ եղել են, բայց դրանք այն խախտումները չեն, որ ազդեն ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա:
Այս գնահատականը ակտիվիստ Լենա Նազարյանին առիթ տվեց, որ իր վրդովմունքն արտահայտի. առ այն, թե ինչպես է ստացվում, որ դիտորդները, որոնք ընդամենը մի քանի րոպե են լինում ընտրատեղամասերում և ամբողջական պատկերացում չեն ունենում տեղի ունեցած խախտումների մասին, միշտ լավ են գնահատում Հայաստանում կայացած ընտրություններն այն ժամանակ, երբ տեղացի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրում:
Լենա Նազարյանի ելույթը դիտորդների ասուլիսը ընդհատեց մոտ կես ժամով, խառնաշփոթ առաջացավ սրահում: Կես ժամ անց ասուլիսը շարունակվեց:
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին դժգոհեց, որ իրենք չհասկացան ակտիվիստի խոսքը, քանի որ հայերեն էր, սակայն հարգում են խոսքի և արտահայտվելու ազատությունը, և եթե ասելիք կա, լավ կլինի այդ ամենն իրենց գրավոր հղվի:
Այնուամենայնիվ, Հ. Թալիավինին հավելեց, որ իրենց 300 դիտորդներն այցելել են շուրջ 1000 տեղամասեր՝ հնարավորինս լայն պատկեր ստանալու համար: Նա զարմացավ, թե ինչպես են կարողացել արդեն իսկ պատկերացում կազմել իրենց եզրակացությունների սուտ կամ սխալ լինելու մասին, եթե դրանք նոր են հրապարակվում՝ ժամը 16:00 դրությամբ են:
«Մեր գնահատականը ընդհանուր առմամբ լավ է»,- ասաց Հ. Թալիավինին և նորից հիշեցրեց, որ խախտումներ եղել են, բայց ոչ այնքան լուրջ, որ ազդեցին ընտրությունների ընթացքի վրա:
Եվրախորհրդարանը ներկայացնող Միլան Քաբրոնխը (Milan Cabronch) հավելեց, որ ինքը շուրջ 10 տեղամասում եղել է, նկատել է որոշ խախտումներ, բայց դրանք այն քանակի չէին, որ փոխեին ընտրությունների ելքը: Դիտորդներն արձանագրել են խմբակային քվեարկության դեպքեր՝ շուրջ 6%, քվեախցիկների ոչ ամբողջովին փակ վիճակ՝ 5% և այլ խախտումներ, լցոնման դեպքեր, ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահում, հանրային ծառայողների մասնակցություն քարոզարշավներին, սակայն մի շարք այլ չափանիշներով էլ բարելավում են նկատել՝ հատկապես վարչարարական, ինչպես նաև ընտրացուցակների բարելավման մասով:
Դիտորդական առաքելությունը դեռևս 10 օր մնալու է Հայաստանում, և լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է՝ դիտորդների գնահատականները փոխվեն, եթե վերջիններս հասկանան իրավիճակը և ավելի շատ խախտումների մասին տեղեկանան, Հայդի Թալիավինին պատասխանեց, որ իրենք մեկ այլ զեկույց էլ հետո են հրապարակելու, որում հաշվի կառնեն նաև այդ խախտումները:
Մեկնաբանել