HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Մելքումյանը 3-րդ անգամ հետաձգեց Ծառուկյանի դեմ գերմանացի ներդրողի գործով վճռի հրապարակումը

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանն արդեն երրորդ անգամ է հետաձգում գերմանացի ներդրող, «Իստինվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցով վճռի հրապարակումը: Երեկ նա պետք է հրապարակեր Ստեֆան Լաքսհուբերի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի գործով դատական ակտը, սակայն դատավորը որոշել է վերսկսել դատաքննությունը և կրկին հետազոտել որոշ ապացույցներ: 

«Իստինվեստորի» ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը «Հետքին» տեղեկացրեց, որ չնայած կողմերին ներկայացնող փաստաբաններրը չեն մասնակցել դատական նիստին, Արայիկ Մելքումյանը հետազոտել է ապացույցները և կրկին՝ արդեն չորրորդ անգամ նշանակել վճռի հրապարակման օր: Մարտի 6-ին Ա. Մելքումյանը պետք է հրապարակի այն: 

Նշենք, որ արդեն երրորդ ամիսն է՝ դատավոր Մելքումյանը ձգձգում է վճռի հրապարակումը՝ յուրաքանչյուր անգամ վերսկսելով դատաքննությունը:

Հիշեցնենք նաև, որ բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը' դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերը որոշել է դատական կարգով վերականգնել իր սեփականության իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter