HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական բանավեճի ձեռնոց

Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին խոսակցությունները մասամբ իրականացան սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առիթով ՀՀՇ-ի հրավիրած ընդունելության ժամանակ։

Ընդունելության հազարից ավելի մասնակիցների համար անսպասելի Տեր-Պետրոսյանը քաղաքական ելույթ ունեցավ՝ տալով նաեւ փետրվարյան նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին հարցի պատասխանը. «Ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, դեռ կշռում եմ, դեռ քննում եմ. իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին»: 

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո (1998 թ., փետրվար 3) առաջին այս ելույթն, ըստ էության, քաղաքական մարտահրավերի ձեռնոց էր՝ նետված գործող իշխանությանը, որն անցած տասը տարում ամեն ինչ արել է բոլոր տեսակի ընտրություններն առանց լուրջ քաղաքական բանավեճի անցկացնելու համար։ 

Գրեթե միաժամանակ Անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն կար ՀՀ նախագահի նստավայրում։ Ռոբերտ Քոչարյանը նույնպես դիմել է ներկաներին։ 

Հայաստանի առաջին եւ ներկա նախագահների ելույթներից քաղված այս պատառիկներն ընդամենը ուրվագծում են սպասվելիք քաղաքական բանավեճը։ Մեջբերումների մեծ կամ փոքր լինելը պայմանավորված է ոչ թե մեր վերաբերմունքով, այլ նախագահների խոսքի ծավալային տարբերությամբ եւ այն հանգամանքով, որ առաջին նախագահի ելույթը եղել է բանավոր։

Ռոբերտ Քոչարյան - Պետականության վերականգնումը պատմական բացառիկ իրադարձություն էր հայության կյանքում։ Ազատ, ժողովրդավարական ու ծաղկուն երկիր կառուցելու մեր ժողովրդի կամքն արտահայտվեց անկախության հանրաքվեի ժամանակ: Այն իր զարգացումն ապրեց հետագա տասնվեց տարիների ընթացքում, եւ այս ճանապարհին պատվով հաղթահարվեցին բազմաթիվ փորձություններ։ 

Լեւոն Տեր-Պետրոսյան - Լուծվում էր ոչ միայն քաղաքական անկախության խնդիրը, այլեւ հասարակարգի բոլոր համակարգերի փոփոխության խնդիրը` կոմունիստական գաղափարախոսությունից անցում դեպի դեմոկրատիա, կենտրոնացած պլանային տնտեսությունից անցում դեպի ազատ շուկայական տնտեսություն, բացարձակապես զրոյական արտաքին հարաբերություններ ունենալուց՝ արտաքին հարաբերությունների նոր համակարգ ստեղծելու մի փոփոխություն: Էլ չեմ ասում՝ սեփական բանակ, սեփական պետական կառույցներ ունենալու մի ճանապարհ: … Մենք ունեինք նաեւ Ղարաբաղյան պատերազմ, 300.000 փախստական, մենք ունեինք աղետի գոտի, որից տուժել էր 500.000 մարդ: Ես չեմ պատկերացնում մեզնից շատ ավելի հզոր մի պետություն, որ այսպիսի դաժան բեռի տակ կարողանար հասնել այն բանին, ինչին հասավ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը: 

Ռոբերտ Քոչարյան - Ներկայիս Հայաստանը կայուն զարգացման փուլում է: Կարելի է վստահությամբ ասել, որ տնտեսությունը սրընթաց վերելք է ապրում. ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, զգալիորեն աճում են ազգաբնակչության եկամուտները, նվազում է աղքատությունը, բարելավվում է կյանքի որակը, վերադառնում են մեր հազարավոր քաղաքացիները…: 

Լեւոն Տեր-Պետրոսյան - Ունենք երկու ճանապարհ. մեկը` պահպանել այն, ինչն այսօր գոյություն ունի, այսինքն` պետության, ավելի շուտ՝ իշխանության` վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ժողովրդի կամքով, քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով: 

Ռոբերտ Քոչարյան - Մենք պարտավոր ենք կրկնապատկել ժամանակակից եւ արդյունավետ պետականության կառուցմանն ուղղված մեր ջանքերը: Դրա համար անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները` խորացնելով դրանց սոցիալական ուղղվածությունը: 

Լեւոն Տեր-Պետրոսյան
 - Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը, եւ այս իշխանության գոյատեւումը ոչինչ չի խոստանում, որ մենք կարող է երբեւէ դուրս գանք այս վիճակից: Այսօր խնդիրն այս համակարգը կազմաքանդելն ու այս համակարգից ազատվելն է:

Ռոբերտ Քոչարյան
 - Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանը, քանի որ միայն լիարժեք պետականությունն է կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: 

Լեւոն Տեր-Պետրոսյան - ԼՂՀ հարցի կարգավորումն այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե հետեւեք Ադրբեջանի արձագանքներին, կտեսնեք, որ նրանց դիրքը գնալով կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: 

Ռոբերտ Քոչարյան - Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները ցուցադրեցին ժողովրդի հավաքական մղումը դեպի անկախություն, հավատն իրենց պետականության հանդեպ եւ այն պաշտպանելու կամքը: 

Լեւոն Տեր-Պետրոսյան - Չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի, Հայաստանի, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է ե՛ւ Հայաստանի ապագան, ե՛ւ մեր ժողովրդի բարօրությունը, ե՛ւ մեր տնտեսության բարգավաճումը, ԼՂՀ հարցի կարգավորումն է: 

Ռոբերտ Քոչարյան - Ընտրված քաղաքական ուղեգծի հետեւողական շարունակումը Հայաստանի կայունության եւ առաջընթացի կարեւոր գրավականն է:

Լեւոն Տեր-Պետրոսյան - Հայաստանը վերածվում է երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք: Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ ՀՆԱ-ի զգալի մասը, եթե ոչ` բախտորոշ մասը: Ես սա չեմ ասում, որ թեւաթափ լինենք: Հայաստանն ունի ռեսուրսներ. ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ. եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան: Չխաբվենք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է: Եթե այսպես փակված մնանք, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ ավելի աղետալի կարող է լինել: 

Ռոբերտ Քոչարյան - Համայն հայության հայրենիքը թեւակոխում է զարգացման նոր փուլ՝ իր առջեւ դնելով ավելի հավակնոտ նպատակներ։ Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով մենք հասնելու ենք նաեւ այդ նպատակներին եւ սերունդներին ենք ավանդելու ամուր եւ բարեկեցիկ երկիր։ 

Լեւոն Տեր-Պետրոսյան - Դա տեսել ենք. բրեժնեւյան շրջանի Խորհրդային Միությունն է դա, եւ այսօրվա վիճակն, ըստ էության, շատ նման է, այսպես կոչված, բրեժնեւյան շրջանի լճացման տարիներին: 

Ռոբերտ Քոչարյան - Հայաստանի ԱԺ ընտրությունները ցուցադրեցին իրականացվող քաղաքականության նկատմամբ ժողովրդի վստահությունը։ 
Համոզված եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները եւ՛ս կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ բարձր վստահության մթնոլորտում։ 

Լեւոն Տեր-Պետրոսյան - ԽՍՀՄ-ը փլուզվեց ոչ թե 1991 թվականին, այլ կործանվեց Բրեժնեւի լճացման տարիներին: Պարզվեց, որ այդ պետությունը խաղալիք էր, այլեւս հիմքեր չուներ, ջրերը մաշեցրել էին այդ հիմքերը: Այսօր այդ վիճակն է, ամենավտանգավոր վիճակը, որովհետեւ դա չի երեւում, ժողովուրդը չի գիտակցում, եւ դժվար է ժողովրդին հասցնել, որովհետեւ հեռուստատեսությունները փակ են, թերթերն էլ ի զորու չեն այդ արգելքը հաղթահարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter