HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատգամավորը թանկ վճարեց հերթական արկածի համար

Երկրորդ հարձակումը

Սեպտեմբերի 26-ի լույս գիշերը` ժամը 4:10-ին, Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի կազինոյում ավազակային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը: Սա  Տ. Արզաքանցյանի հետ Մոսկվայի կազինոներում կատարված երկրորդ դեպքն է, եւ չի բացառվում, որ դրանք միմյանց հետ կապ ունենան:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` խաղատանը վեճ է ծագել Արզաքանցյանի ու եւս երկու անձնավորության միջեւ, որոնք, ըստ արտաքինի, նույնպես կովկասցիներ են եղել: Վեճի ժամանակ նրանցից մեկը երեք անգամ դանակահարել է Արզաքանցյանին եւ երկու անգամ կրակել նրա վրա, որից հետո երկուսն էլ դիմել են փախուստի: Դանակի հարվածները հասցվել են Արզաքանցյանի կրծքին եւ դաստակին, իսկ արձակված գնդակներից մեկը հայտնվել է սրտի մոտ, բայց չի խոցել այն (դեպքի վայրում պարկուճներ չեն հայտնաբերվել): 

Սրահում տեղադրված խցիկները ամբողջությամբ ֆիքսել են միջադեպը: Ռուսական ԶԼՄ-ի փոխանցմամբ` նախաքննությունը պարզել է, որ ժամը 4-ի սահմաններում երկու անձինք մտել են կազինո. նրանցից մեկը շրջանցել է մետաղորսիչ դետեկտորը, իսկ մյուսն անցել է դրա միջով եւ կանգնել մուտքի մոտ: Այդ ընթացքում առաջինն արագ մոտեցել է այն սեղանին, որտեղ նստած է եղել Արզաքանցյանը: Նրանց միջեւ անմիջապես վեճ է ծագել, որից հետո անծանոթը դանակահարել եւ կրակել է պատգամավորին: Վերջինս փորձել է պաշտպանվել, ինչը, թերեւս, նրան փրկել է մահից: 

Պատվիրված սպանության վարկածը քիչ հավանական է համարվում, սակայն ՀՀԿ-ում կարծում են, որ երեք անգամ դանակահարելուց հետո կրակելը վկայում է պատվիրված սպանության մասին: 

Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգը ստացել է ժամը 4:22-ին: 41-ամյա Տիգրան Արզաքանցյանը ծանր վիճակում տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության հիվանդանոց եւ վիրահատվել: Մոսկվայի Տվերի միջշրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել` ՌԴ Քր.օր.-ի 30 եւ 105 հոդվածների հատկանիշներով (հարձակում` սպանության դիտավորությամբ):

 «Մետրոպոլը» Մոսկվայի ամենահայտնի եւ խոշորագույն կազինոներից է: Այն համարվում է լավ հսկվող վայր եւ աչքի չի ընկնում նման տհաճ միջադեպերով: Ռուսական լրատվամիջոցները կազինո զենք մտցնելը բացատրում են խաղասրահում գտնվող անվտանգության 8 աշխատակիցների անուշադրությամբ, քանի որ դեպքը տեղի է ունեցել ոչ ակտիվ ժամի` լույս գիշերվա 4:10-ին: Հանցագործներից մեկը ոչ միայն շրջանցել է դետեկտորը, այլեւ փախուստի ժամանակ նրանք որեւէ արգելքի չեն հանդիպել: 

Ամեն դեպքում, իրավապահները, օգտվելով խցիկների տեսագրություններից, արդեն տեղեկություններ ունեն հանցագործների մասին: Անցկացվում է հետախուզում: 

Քննություն իրականացնող մարմինը  պարզել է, որ Արզաքանցյանը «Մետրոպոլ» կազինոյի պլատինե քարտ է ունեցել եւ միայն այս տարի 33 անգամ եղել է այնտեղ:

Մեկ տարի առաջ «Կուտուզով-հոլլում»

Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը Մոսկվայում եւս մեկ անգամ հարձակման էր ենթարկվել 2006-ի մարտի 29-ին «Կուտուզով-հոլլ» կազինոյում: Աղմուկ հանած այդ միջադեպը լրատվամիջոցները եւ Արզաքանցյանը ներկայացնում էին տարբեր կերպ: 

Այն ժամանակ տեղեկատվություն տարածվեց, որ «Կուտուզով-հոլլում»  դաժան ծեծի է ենթարկվել Տ. Արզաքանցյանը: Վերջինս, կազինոյում «Ռուլետկա» եւ «Բլեք ջեք» խաղալով, տանուլ էր տվել 850 հազ. դոլար, որը չէր կարողացել վճարել: Պատգամավորը ժամանակ էր խնդրել պարտքը տալու համար: Սակայն հաջորդ անգամ կազինո այցելելիս նա հրաժարվել էր վճարել գումարը, որից հետո պարտատերերը նրան ծեծել էին: Արզաքանցյանը գլխուղեղային եւ այլ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ` ավազակային հարձակման հատկանիշներով: 

Իր հերթին` Արզաքանցյանը պնդում էր, թե ինքը կազինո է գնացել ռուս ընկերոջ կնոջ խնդրանքով, քանի որ աֆեկտի վիճակում գտնվող ընկերը կարող էր խոշոր գումար կորցնել: Արզաքանցյանը, իր պատմելով, կարողացել է ընկերոջը դուրս բերել խաղասրահից, երբ նրան է մոտեցել կազինոյի տերերից մեկը` հույն Արիկ անունով, որն իրեն հրավիրել է առանձին սենյակ` խոսելու: Այստեղ էլ իր վրա են հարձակվել մոտ 20 հոգի ու ծեծել: Հիվանդանոցում էլ պարզել է, որ իրենից գողացել են պլատինե հեռախոսը, «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցը, այլ թանկարժեք իրեր` 1,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ռուսական մամուլը հետագայում գրեց, որ Արզաքանցյանը այդ 1,5 մլն-ի պատմությունը կազինոյին ունեցած 850 հազ. դոլար պարտքը մարելու համար է սարքել: 

Ինչեւէ, այս ամենից հետո պատգամավոր Արզաքանցյանը բուժվում էր արտերկրում` երկար ժամանակ բացակայելով ՀՀ-ից: Լուրեր էին պտտվում, որ այդ բացակայությունը Հայաստանում որոշ մարդկանցից խուսափելու պատճառ է: Մասնավորապես Արզաքանցյանը խնդիրներ է ունեցել նույնպես ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի հետ, ով նախկինում եղել է նույն «Կուտուզով-հոլլի» փայատերերից մեկը:  

Արզաքանցյանն իր գործընկեր ու նաեւ թիմակից որոշ ընկերների պես կազինոների մեծ սիրահար է, բայց մյուսներից տարբերվում է նրանով, որ պարտվելիս հրաժարվում է վճարել գումարը: Այս եւ այլ նմանատիպ առիթներով նրա անունը վերջին տարիներին հայտնվում է սկանդալային նորություններում: 2006-ին Պտղնիում գտնվող «Բելաջիո» կազինոյում Արզաքանցյանը հրաժարվել էր վճարել պարտված գումարը, սակայն բանը ծեծին չէր հասել: Մի անգամ էլ պատգամավորը բիզնեսի հետ կապված խնդիրներ էր ունեցել Դուբայում ու... ծեծվել էր:

Տիգրան Արզաքանցյանն ու Սերժ Սարգսյանը

«Մետրոպոլում» տեղի ունեցած այս միջադեպը համընկել է վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին Մոսկվա, եւ հնարավոր է` Արզաքանցյանը եղել է Սարգսյանի պատվիրակության կազմում: Սակայն ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դեպքից հետո անմիջապես հաղորդագրություն տարածեց, որ Արզաքանցյանը Մոսկվայում է մասնավոր այցով եւ որեւէ կապ չունի ՀՀ պատվիրակության հետ: Մյուս կողմից` ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Արզաքանցյանը պատվիրակության անդամների հետ մասնակցել է Մոսկվայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ հանդիպմանը: Ավելին` «Պրեզիդենտ» հյուրանոցը, ուր հանգրվանել է ՀՀ պատվիրակությունը, այնքան էլ հեռու չէ «Մետրոպոլ» կազինոյից: ՀՀԿ-ն էլ կտրականապես հերքել է Արզաքանցյանի` պատվիրակության կազմում լինելը, ինչը սպասելի էր եւ հասկանալի: 

Նշենք նաեւ, որ լուրեր են պտտվում, թե Արզաքանցյանի հետ վիճողներն ու նրա վրա հարձակվողները հայ պատգամավորներ են եղել:  

Բացակա պատգամավորը

Տիգրան Արզաքանցյանն իր նման շատ գործարար պատգամավորների պես խորհրդարանում զբաղեցրած աթոռը ծառայեցնում է սեփական բիզնեսին: Դա են վկայում նրա եւ մի քանի այլ բիզնեսմենների անհարգելի բացակայությունները խորհրդարանի նիստերում: Մանավորապես ՀՀ ԱԺ երրորդ գումարման խորհրդարանի յոթերորդ նստաշրջանում (2006-ի փետրվարից հունիս) գործարարներ Տիգրան Արզաքանցյանը, Գագիկ Ծառուկյանը, Մխիթար Վարագյանը բացակայել են քվեարկությունների կեսից ավելիից: Եթե Ծառուկյանն ու Վարագյանը դա պատճառաբանել են գործուղումներով, ապա Արզաքանցյանի փոխարեն ՀՀԿ խմբակցության այն ժամանակվա ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնել է, որ պատգամավորը երկար ժամանակ բուժվում է Մոսկվայում: Դա հենց այն բուժումն էր, որն Արզաքանցյանը ստանում էր «Կուտուզով-հոլլում» ծեծվելուց հետո: Այս նստաշրջանից Տ. Արզաքանցյանը ստիպված է լինելու նորից երկար ժամանակ բացակայել:

Հ.Գ. Այսօր ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել է, որ ուզբեկ հայտնի գործարար Ալիմժան Թոխթախունովը (մականունը` Թայվանչիկ), որն օգոստոսին փակել էր Մոսկվայում գտնվող իր «Ասիա» խոշորագույն խաղատունը, պատրաստվում է փակել նաեւ  «Եվրոպա» եւ «Մետրոպոլ» կազինոները: Սա Թոխթախունովը բացատրել է խաղատների անշահավետությամբ: Մյուս կողմից, սակայն, հայտնի է, որ նոր օրենքով` 2009-ի հունվարի 1-ից Ռուսաստանի ամբողջ տարածքում խաղային միայն 4 գոտի է գործելու. դրանց մեջ Մոսկվան չի մտնում: Փաստորեն, այսօրվանից օլիգարխները մտածում են կազինոների իրենց բիզնեսը Մոսկվայից հանելու մասին:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter