HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ի՞նչ անեն, կորչեն-գնա՞ն փոքր գյուղերը»

«Աղջիկները մեր գյուղ հարս չէին գալիս, գիտեին, որ կուժ ու կուլայով ջուր պիտի կրեն»,- ասում է շրվենանցի Էռնեստ Պետրոսյանը: 80 բնակիչ ունի Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղը: Բնակչության հիմնական մասը 50 տարեկանից բարձր կանայք են: Վերջին անգամ Շրվենանցում հարսանիք եղել է 3 տարի առաջ, այն էլ` 15 տարվա ընդմիջումից հետո:

Ջրի խնդիրը Շրվենանցում դեռեւս լուծված չէ, սակայն նոր, երիտասարդ ընտանիքներ չլինելու պատճառն այսօր այլ է` գյուղում ամուսնության տարիքի երիտասարդներ գրեթե չկան: Համայնքապետը կին է: Մասնագիտությամբ անասնաբույծ-ինժեներ, երեք երեխաների մայր Արմինե Մանուկյանը համայնքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թ. հոկտեմբերին: «Մեր գյուղի բնակիչները համախմբված են, իրար օգնում են դժվարության պահերին»,- ասում է համայնքապետը: Սակայն շրվենանցիների համախմբվածությունն անգամ չի նպաստում գյուղի մի շարք հարցերի, մասնավորապես արդեն իսկ գերխնդիր դարձած ջրի հարցը լուծելուն:

«Ինչքան մեր գյուղը կա, այնքան էլ ջրի խնդիրը կա,- ցավով պատմում է Էռնեստ Պետրոսյանը,- 1918 թվականին մեր համագյուղացի, մեծահարուստ, Բաքվի նավթարդյունաբերող Գասպար Իվանիչը (Գասպար Տեր-Մարգարյանը) գյուղի դպրոցը կառուցելուց հետո ջրի խնդիրը լուծելու ծրագիր ուներ, որից հետո գյուղում նոր եկեղեցի պիտի կառուցեր: 11 կմ հեռավորության վրա մի աղբյուր կա, որի ջրերն էլ նախատեսել էր գյուղ հասցնել, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո բռնագրավվեց նրա ունեցվածքը, եւ 1921 թ. նա տարագրվեց Ֆրանսիա»: 

Շրվենանցի գյուղամիջի միակ փոքր աղբյուրը, որն այսօր էլ կա, կառուցվել է 1932 թ.: «Ղափանի հանքերում աշխատող շրվենանցիներն այստեղից-այնտեղից 1,5 կմ երկարությամբ խողովակ են հայթայթել ու աղբյուրի ջուրը գյուղ հասցրել,- իր պատմությունը շարունակում է Էռնեստ Պետրոսյանը:- Սակայն այդ աղբյուրի ջրի քանակությունն ի զորու չէ լուծել խնդիրը: 1967 թ. ջրի հարցը նորից է բարձրացվել, նորից նախագծեր, նախահաշիվներ են կազմվել, սակայն հարցը դարձյալ չի լուծվել: Տեղական իշխանությունները 1998 թ. որոշել են հարցը լուծել միջազգային կազմակերպության միջոցով, նախատեսել են Չանախչիից ջուրը հասցնել գյուղ: Այս անգամ եւս գործը կիսատ է մնացել: Հիմնական պատճառը ոռոգվող հողատարածքների փոքր մակերեսն ու գյուղի բնակչության փոքրաթիվ լինելն է: Մինչդեռ ջրագծի կառուցումը մեծ ծախսերի հետ է կապված: Սյունիք կատարած այցի ժամանակ գյուղի ջրի խնդիրը ներկայացվել է նաեւ Հանրապետության նախագահին, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել:

«Երկրագնդի 90 տոկոսը ջուր է, բայց մենք ջուր չունենք»,- ասում է 71-ամյա Էդիտա Օհանյանը: Խմելու ջրի խնդիրն ավելի սուը է միայնակ տարեցների համար, որոնք աղբյուրից ջուր բերող չունեն: Շրվենանցն ունի 514 հա հողատարածք: Ջուր չլինելու պատճառով սեփականաշնորհված 58 հա վարելահողերի շատ քիչ մասն է մշակվում: Համայնքապետի տեղեկատվությամբ` այս տարի միայն վարձակալությամբ տրված 3 հեկտարում է առվույտ ցանվել: Խորհրդային տարիներին տեղի բնակիչները զբաղվել են ծխախոտագործությամբ: Սակայն 80-ականների վերջերին ոռոգման ջրի պոմպը գողացել են, ցանցը թալանվել է, եւ ծխախոտագործությունը մոռացության է տրվել:

Այսօր էլ ոռոգման ջրի պատճառով համայնքում դժվարություններ կան գյուղմթերքների արտադրության համար: Գյուղացիները զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ բանջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ, որից սպասվելիք բերքը կախված է բնության քմահաճույքից. եթե տարին անձրեւոտ է, կարելի է բերք սպասել, իսկ երաշտի դեպքում գյուղացին կորցնում է բերքի 70-80 %-ը: Շրվենանցիները համոզված են, որ եթե գյուղում ջուր լինի, լավ բերք կունենան, հողը բերրի է:

Գյուղը խմելու ջրով ապահովելու համար որոշակի աշխատանքներ արդեն կատարվում են: Կառուցվում է 50 տ տարողությամբ ջրամբար, որտեղ ջուրը կպահեստավորվի ու բաց կթողնվի գյուղացիներին: Համայնքապետի տեղեկացմամբ` ջրամբարը կառուցվում է ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հովանավորությամբ: Շինարարության ավարտից հետո ջուրը կհասցվի գյուղամեջ: 

«Տներում առայժմ ջուր ապահովել չենք կարող, ջուրը միայն խմելու նպատակով պետք է օգտագործվի: Այն չի բավականացնի ոռոգման համար: Գյուղի մոտակայքում կա մեկ ուրիշ աղբյուր, որի ջուրը եւս նպատակ ունենք հասցնել ջրամբար: Դա հնարավորություն կտա ջրամբարում ավելացնել ջրի քանակը, ինչից հետո միայն շրվենանցին ջրի ծորակ կունենա իր բակում: Միայն թե այս աշխատանքների համար եւս հովանավորներ են պետք»,- ասում է տիկին Արմինեն: 

«Գյուղի ջրի խնդրի լուծումը մեզ համար հույժ կարեւոր է, քանի որ պետության հզորությունը գյուղերի բարգավաճման մեջ է: Ամենադժվար պահին անգամ գյուղացին չի լքի իր չոր հողը: Պետության հիմքն էլ է գյուղը, քաղաքին սնողն էլ»,- ասում է Էռնեստ Պետրոսյանը: 

Ջրից բացի այլ հոգսեր էլ ունեն շրվենանցիները: Կապանի անտառտնտեսությունը համայնքապետարանին ուղարկած գրությամբ արգելել է շրվենանցիներին ցախ հավաքել անտառից, անգամ մտնել անտառի տարածք: «Թող որոշակի գումար սահմանեն, գյուղացիները մուծեն, որից հետո թույլատրեն ցախ հավաքել, գյուղացին ձմռանն ի՞նչ է անելու, գազ էլ չունեն, ինչպե՞ս ապրեն»,- անհանգստանում է համայնքապետը: 

Անտառտնտեսության որոշումը զայրացրել է 60-ամյա Արտուշ Օհանյանին, որը տարիներ առաջ իր մանկավարժ կնոջ հետ վերաբնակվել է գյուղում. «Բնության պահպանությունը բոլորիս պարտքն է, սակայն չորացած ծառերն ու ճյուղերը ինչու՞ են արգելում կտրել, հիմա էլ կարող եմ քաղաք գնալ, կինս էլի մանկավարժ կաշխատի, ես էլ կարող եմ էստեղ-էնտեղ պահակություն անելով փող վաստակել, բայց թողել, գյուղ ենք եկել, չարչարվում ենք` երկնքից, օդից կախված, հիմա ասում են՝ իզուր եք եկել»:

Շրվենանցի Ռոզա մայրիկը պատմում է, որ տարիներ առաջ 70-80 խոշոր եղջերավոր անասուն կար գյուղում, հիմա 15-20 հատ հազիվ է մնացել: «Պատահում է` լույսն անջատվում է, հեռախոսը փչանում 10-15 օրով, աշխարհից կտրված ենք մնում»: 

Տրանսպորտի բացակայության պատճառով կապը քաղաքի հետ դժվար է: Անհրաժեշտության դեպքում գյուղացիներն օգտվում են հարեւան Անտառաշատ գյուղի ավտոբուսից, որի համար ոտքով երկար ճանապարհ պետք է կտրեն: Հեռուստատեսային բազմաթիվ ալիքներից շրվենանցին հնարավորություն ունի դիտելու միայն Հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակումը: Գյուղի վերեւի մասում բնակվողներին հաջողվում է դիտել նաեւ տեղական հեռուստաալիքների հաղորդումները: 

Շրվենանցը նաեւ գյուղտեխնիկայի խնդիր ունի: Համայնքապետ Արմինե Մանուկյանը հայտնեց, որ գյուղում մամռակալած հողեր կան, որը պետք է շրջել տեխնիկայի միջոցով: «Գոնե մեկ անգամ որ կարողանանք շրջել, լավ բերք կստանանք, գյուղացու տքնաջան աշխատանքն արդյունք կտա»,- ասում է Ա. Մանուկյանը: Միջազգային կազմակերպությունները, սակայն, գյուղի հետ համագործակցել չեն ցանկանում, պատճառաբանում են, որ բնակչության թիվը քիչ է: Համայնքապետն առաջարկել է գյուղը կցել հարեւան որեւէ համայնքի` որպես միջհամայնքային միավորում, եւ այդ կերպ ընդգրկել ծրագրերում: 
Գյուղի հպարտությունը 1901 թ. Գասպար Տեր-Մարգարյանի միջոցներով կառուցված դպրոցն է: Ասում են, որ դպրոցի քարերը բերվել են Բաքվից` ուղտերով: Դպրոցում, որն այսօր միջնակարգ է, սովորում է 6 երեխա: Որպես հին դպրոց կառավարության որոշմամբ այն օպտիմալացման արդյունքում չի փակվել, ապահովված է մանկավարժական կադրերով: Սակայն այս տարի դպրոցն առաջին դասարանցի չի ունենա: 0-6 տարեկան 3 երեխա կա գյուղում: Մշակութային կյանքի մասին խոսելն ավելորդ է: Ակումբը խոնավ է, հիմնանորոգման կարիք ունի, եղած գույքն էլ խոնավության պատճառով ամբողջությամբ փչացել է: Գյուղը չունի նաեւ բուժկետ:

Թվարկված խնդիրներն, անշուշտ, հնարավոր չէ լուծել Շրվենանցի ունեցած տարեկան 2 մլն 645 հազ դրամ բյուջեով, որից 2 մլն-ը պետական լրավճար է: Գյուղի անթիվ հոգսերի պատճառով բնակչության թիվը տարեցտարի նվազում է (1954 թ. այստեղ 254 մարդ էր բնակվում): Այդուհանդերձ, շրվենանցիները հավատում են իրենց գյուղի ապագային: 

«Գյուղի ապագան ոչ մի անգամ չեմ կապել իշխանությունների հետ, որոնք մեր խնդիրներին մոտենում են գյուղի բնակչության թիվը հաշվի առնելով: Ի՞նչ անեն, կորչեն-գնա՞ն փոքր գյուղերը: Գուցե ուզում են, որ Երեւանը մայրաքաղաք-պետություն դառնա՞»,- հարցնում է Էռնեստ Պետրոսյանը: 

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Գոհար Իսախանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter