HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Երկուսը ճոճանակի վրա». ռուսական ներկայացումը հայակական բեմում

Մարտի 6-ին և 7-ին հայ հանդիսատեսի դատին էր հանձնվել «Երկուսը ճոճանակի վրա» ռուսական ներկայացումը: Ներկայացման գլխավոր դերերում են ռուսական թատրոնի և կինոյի դերասաններ Տատյանա Արնտգոլցը և Գրիգորի Անտիպենկոն: Վերջինս հանդիսատեսին առավելապես ծանոթ է «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալից (Անդրեյի դերակատարը):

Ներկայացումը բեմադրված է ամերիկացի գրող Ուիլյամ Գիբսոնի համանուն պիեսի հիման վրա: Ռեժիսոր Ալեքսեյ Կերյուշենկոյի բեմադրմամբ այս ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թ.-ի նոյեմբերին:

Ներկայացման թեման եթե ոչ հարազատ, ապա գոնե ծանոթ կլինի գրեթե բոլորին: Այն պատմում է միայնակ տղամարդու և կնոջ մասին, որոնց պատահական հանդիպումը փոխում է նրանց կյանքի ընթացքը:

Գիտելը 29 տարեկան է: Իր ապրուստը նա վաստակում է թատրոնի ներակայացումների համար զգեստներ կարելով: Եվ չնայած իր աղիքային հիվանդությանն ու մենակությանը, նա փորձում է չմտածել բացասականի մասին և օրը լրացնել իրեն հաճույք պատճառող զբաղմունքներով:

35-ամյա Ջերին փաստաբան է: Նա պատրաստվում է բաժանվել կնոջից, ում շնորհիվ, իր իսկ խոսքերով, կարողացել է ավարտել համալսարանը, աշխատանքի անցնել նրա հոր փաստաբանական գրասենյակում, ունենալ լավ առանձնատուն: Բայց թե ով առաջինը դավաճանեց, նա արդեն չի հիշում: Ծանր տանելով բաժանությունը, ինչպես նաև կապող օղակ չգտնելով իր և կյանքի միջև, նա պարզապես «չի կողմնորոշվում, թե որ կամրջից ինքնասպանություն գործի»:

Հերթական անգամ չհամարձակվելով իրեն դուրս նետել պատուհանից, սակայն համարձակվելով ծանոթությունից ամիսներ անց զանգահարել Գիտելին, նրա մոտ հույս է ծագում, որ գուցե այդ աղջիկը կարող է դառնալ կյանքի կապող օղակը:

Գուցե նրանցից ամեն մեկը կարողանա փրկել մյուսին, հանել իր ճահճից կամ տալ այն, ինչի կարիքը նա ունի իրականում: Բայց մյուս կողմից էլ նրանք շատ տարբեր են: Շուտով պարզ է դառնում, որ անգամ փոխադարձ զգացմունքները դեռ բավարար չեն լուրջ հարաբերությունները պահելու համար:

Ներկայացման առաջին իսկ րոպեներից երևում է հերոսների տեսակը: Ներկայացումը շատ դինամիկ է և անընդհատ ընթանում է ակտիվ երկխոսություն: Հաճախ հերոսների անսպասելի պատասխանները, հետաքրքիր պահվածքն ու մտքերի շարքն անգամ կարող է ծիծաղ առաջացնել հանդիսատեսի մոտ: Բայց միաժամանակ, այդ թեթևության տակ նկատվում է նրանց թախիծը, անգամ հումորի միջոցով վեր են հանվում նրանց խնդիրները:

Խոսելով այս ներկայացման մասին՝ Տատյանա Արնտգոլցն ասում է, որ այն երկար ժամանակ չի բեմադրվել: Իսկ երբ պրոդյուսեր Ալբերտ Մոգինովը նրան առաջարկել է համագործակցել` մասնակցելու կամ մի քանի ներակայցաման կամ միայն «Երկուսը ճոճանակի վրա», նա միանգամից ընտրել է երկորդ տարբերակը:

«Այս պատմությունը հավերժ է և միշտ կլինի հետաքրքիր: Այն միշտ կլինի արդիական այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունեն կինն ու տղամարդը», - ասում է դերասանուհին:

Ներկայացման ռեժիսորը երկար ժամանակ չէր կարողանում հարմար դերասան գտնել Ջերիի դերի համար: Երկար փնտրտուքների արդյունքում դերն առաջարկվել է Գ. Անտիպենկոյին: Վերջինիս խոսքերով` նման դերերից չեն հրաժարվում, քանի որ այս ներկայացումը շատ նուրբ և հոգեբանական է:

Դերասանները նշեցին, որ այս ներկայացմամբ դեռ շատ քիչ են հանդես եկել, և այն «դեռ փորձարկման փուլում է»:   

Պրոդյուսեր Ալբերտ Մոգինովի խոսքերով` այս ներկայացումն առաջին համագործակցության փորձն է Հայաստանում: Սակայն նա հույս ունի, որ համագործակցությունը կլինի շարունակական, և հայ հանդիսատեսը դեռևս հնարավորություն կունենա տեսնել ռուսական լավագույն ներկայացումները: 

Լուսանկարը՝ Լուսինե Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter