HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Արդարացվածը պահանջում է փոխհատուցել ազատազրկման հետեւանքով կրած նյութական վնասը (վիդեո)

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դասախոս Ժոզեֆ Կարայանը արդարացվելուց հետո պետությունից պահանջում է փոխհատուցել իրեն ապօրինի ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու, 10 ամիս 3 օր կալանքի տակ պահելու եւ դրա հետեւանքով կրած գույքային եւ ոչ գույքային վնասի համար:

2009 թ. ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի դասախոս Ժոզեֆ Կարայանը ձերբակալվել էր մեկ անձի տված ցուցմունքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ձերբակալելուց 3 ամիս անց առաջադրված մեղադրանքը փոփոխվել էր, եւ Ժոզեֆ Կարայանին նոր մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` կաշառք ստանալուն օժանդակելը: Նշված հոդվածով էլ գործն ուղարկվել էր դատարան: Դատարանը 2010 թ. հունիսի 9-ին Ժոզեֆ Կարայանի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրել:

Լոռու մարզի դատախազությունը արդարացման դատավճիռը բողոքարկել էր վերադասության կարգով: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են դատախազության բողոքը: Արդարացվածի կարգավիճակն այժմ նրան իրավունք է տալիս փոխհատուցման պահանջ ներկայացնել պետությանը:

Ժոզեֆ Կարայանը կասկածվել, մեղադրվել է հանցանք կատարելու մեջ, կալանավորվել է եւ տեւական ժամանակ` 10 ամիս 3 օր գտնվել անազատության մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Նույնիսկ նախկինում չդատված, դրական բնութագրվող, բուհում որպես դասախոս աշխատող, մանկուց անժամկետ 3-րդ կարգի հաշմանդամի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու` պաշտպանի միջնորդությունը դատարանը մերժել է: Փոխարենը կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 2 ամսով: Մոտ 6 ամիս էլ դատաքննությունն է տեւել:

Նրա նկատմամբ կիրառվել են նաեւ դատավարական հարկադրանքի այլ միջոցներ. անազատության մեջ պահվել է խիստ մեկուսացման պայմաններում. արգելված են եղել նրա` օրենքով սահմանված կարգով թույլատրվող տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ: Նրա գույքի վրա կալանք է դրվել: Քննիչի որոշմամբ ժամանակավոր դադարեցվել է նաեւ Ժոզեֆ Կարայանի պաշտոնավարությունը դասախոսի պաշտոնում:

Այս ամենի հետեւանքով նա կրել է 3 մլն 76 հազար ՀՀ դրամի ընդհանուր վնաս, որից 1 մլն 541 հազարը` նյութական, այդ թվում` փաստաբանական, դատական, ճանապարհային ծախսերը, կալանավայր ուղարկված ծանրոցների, հանձնուքների, փաթեթների համար ծախսված գումարները, չվճարված աշխատավարձը:

Օրենքով` իրավունքը խախտված անձի կրած վնաս է համարվում նաեւ չստացված եկամուտը, որը նա կարող էր ստանալ իրավունքը չխախտվելու դեպքում: Ուստի, իր կրած նյութական վնասի մեջ հայցվորը հաշվարկել է նաեւ աշխատավարձ չստանալու հետեւանքով իր չստացած հնարավոր եկամուտը:

Արդարացվածը գնահատել է նաեւ երկարատեւ արգելանքի տակ գտնվելու հետեւանքով կրած ոչ գույքային վնասը` 1 օրվա համար 5000 ՀՀ դրամ, անազատության մեջ գտնվելու 307 օրվա հաշվարկով` 1 մլն 535 հազար ՀՀ դրամ:

Գնահատելով հանդերձ իր ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքները` Ժոզեֆ Կարայանն այն կարծիքին է, որ բարոյական վնասը ոչնչով հնարավոր չէ հատուցել:

Պատասխանող կողմը` ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, չէր ներկայացել հունիսի 13-ի դատկան նիստին, չնայած, ինչպես դատավոր Նարինե Հովնանյանը հայտարարեց, պատշաճ կերպով ծանուցվել էր նիստի մասին: Ստանալով հայցվորի համաձայնությունը` դատավորը որոշում կայացրեց դատական նիստն անցկացնել առանց պատասխանողի ներկայացուցչի:

Հայցվորի ներկայացուցիչ` փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանին ներկայացրեց Պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարության` իր լրացուցիչ հարցմանն ուղարկված պատասխանը. փաստաբանի հարցին, թե ինչո՞ւ Կարայանի հետ չի կնքվել աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն, համալսարանից պատասխանել էին, թե այդ ընթացքում դասախոս Կարայանը գտնվել է կալանքի մեջ, եւ նրա կողմից դիմում չի ստացվել:

Դասախոսի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին հրամանը, ըստ նույն պատասխանի, տրվել է Լոռու մարզի քննչական բաժնի` Կարայանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշման հիման վրա:

Դատավոր Ն. Հովնանյանը քննարկման առարկա դարձրեց նիստին չներկայացած պատասխանող կողմի գրավոր միջնորդությունը` քննիչին դատակոչելու վերաբերյալ: Հայցվորի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը:

Դատավորը տեղեկություն չուներ` Կարայանին արդարացնելուց հետո քննիչի նկատմամբ վարույթ հարուցվե՞լ է, թե ոչ: «Գուցե այսօրվա դրությամբ կա մեղադրական դատավճիռ, որով հաստատվում է քննիչի մեղքը որոշակի գործողություններ կատարելու մեջ: Այդ մասին դուք որեւէ տեղեկություն ունե՞ք»,- իր հարցի պատախանը փորձեց փաստաբանից ստանալ դատավորը: Փաստաբանը պատասխանեց, որ քննիչի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա, իսկ ծառայողական քննություն կատարվել է, թե ոչ, ինքը տեղյակ չէ:

«Հնարավո՞ր է` լինի, Դուք տեղեկացված չլինեք»,- նիստից առաջ նշված հանգամանքը ճշտելու փոխարեն նիստի ընթացքում այն փորձում էր փաստաբանից ճշտել դատավոր Հովնանյանը: Փաստաբանը կրկին պատասախանեց, որ եթե քննիչի դեմ քրեական գործ հարուցված լիներ, ինքն այդ մասին կիմանար:

Քանի որ դատավորն ինքը չգիտեր` քննիչի դեմ առկա՞ է մեղադրական դատավճիռ, թե՞ ոչ, այն պատճառաբանությամբ, թե գործով պատասխանող ֆինանսների նախարարության ներկայացուցիչը որեւէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր քննիչի մեղքը կատարված գործողությունների առումով, որոշեց մերժել պատասխանողի` քննիչին որպես 3-րդ անձ ներգրավելու միջնորդությունը: Ապա ընտրելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը` դատավորը դատական նիստը հայտարարեց փակված:

Հայցվորի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը չցանկացավ կանխագուշակել փոխհատուցման հայցի ճակատագիրը, բայց կարծում է, որ հատուցում, այնուամենայնիվ, կլինի: Չնայած փաստաբանին մտահոգում է պատասխանող կողմի գրավոր պատասխանը, որով փորձ է արվել հիմնավորել, թե հայցվորի փաստարկներն անհիմն են, եւ նա չի կարող հատուցման պահանջ ներկայացնել:

«Այսինքն` մարդը չի կարող դիմել եւ ստանալ իր կրած իրական ծախսերի հատուցումը»,- հակառակ կողմի դիրքորոշումն է մեկնաբանում փաստաբանը:

Մեկնաբանություններ (3)

Alik Ghojorninski
Իմ կարծիքով փոխհատուցումը հարկավոր է քննիչից պահանջել,որպիսի դաս լինի; Այլապես տուժվում է պետությունը,իսկ պետությունը մենք ենք; Ես էլ եմ կարծոմ,որ փոխհատուցման գումարը չնչին է կարելի էասել կրած տառապանքների համեմատ սիմվոլիկ գումար է;
Wbosch
Paron Karayane petk a poxhatucvi minchev verjin luman
pashtpan
Hargeli Ruben Hakobyan karcum em shat chnchin gumareq pahanchel, Mardu Iravunqneri Evropakan Datarany vorpes vnasi hatucum aporini kalanqi yuraqanchyur orva hamar naxatesum e arnvazn ory 350 euro

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter