HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մոլուցք» նշանակում է, որ Դուք Ձեզ վեր եք դասում հասարակությունից. դատավորի պարզաբանումը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, երեկ սկսվեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանի և ԼՀԿ-ի անվտանգության ծառայության հսկիչ Էդգար Հախվերդյանի կողմից 2012 թ. օգոստոսի 30-ին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի բնակարանին գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև Կարեն Խաչիկյանի կողմից վրեժխնդրության նպատակով Արսեն Չիթչյանի հոր՝ Բենիկ Չիթչյանի բնակարանին գույքային վնաս պատճառելու գործի դատաքննությունը:

Մինչ դատաքննության սկսվելը ամբաստանյալ Էդգար Հախվերդյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա համաձայն չէր մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած «իրենց անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով» և «անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարակից շենքերի բնակչության նկատմամբ, անտեսելով Կարեն Խաչիկյանի եղբոր՝ Հայկազ Խաչիկյանի կամքը» ձևակերպումների հետ:

«Ո՞վ որոշեց, որ իմ պաշտպանյալը մոլուցք է ունեցել, կամ ի՞նչ է նշանակում «հարակից շենքերի բնակիչներ», ովքե՞ր են նրանք, կամ ի՞նչ շենքեր են, որտե՞ղ են ավարտվում այդ շենքերը»,- ասաց Մհեր Դավթյանը: Վերջինս մեղադրող կողմից պահանջեց դատարանին ներկայացնել այն ապացույցները, որոնք հիմք են դարձել վերոնշյալ ձևակերպումների համար:

Արսեն Չիթչյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ միանում է իր կոլեգայի՝ Դավթյանի միջնորդությանն այն նկատառումով, որ հասկանան, թե այս դատավարության ընթացքում որպես թիմ ինչ մեղադրանքից և ապացույցներից են պաշտպանվում:

Մեղադրող-դատախազ Արմեն Շիրոյանը հայտարարեց, որ դատարանին ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ չունի, իսկ ձեռք բերված ապացույցները  ներառվել են քրեական գործի նյութերում և մեղադրական եզրակացությունում:

Այնուհետեւ Արմեն Շիրոյանը համառոտ ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ Արսեն Չիթչյանն իր վերաբերյալ Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանի և նրա եղբայրների կողմից անվանարկող տեղեկություններ տարածելու համար 2012թ. օգոստոսի 30-ին բարեկամի՝ Էդգար Հախվերդյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով, գնացել են Ախթալա քաղաքի  Սպանդարյան փողոցի 52 շենքի բակ, որտեղ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ Խաչիկյանների հասցեին բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և ոտքով հարվածել շենքի բակում կայանված Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես Բենց» մակնիշի 114 LN 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենային:

Հետո Էդգար Հախվերդյանը բարձրացել է նույն ավտոմեքենայի տանիքին և ցատկոտել դրա վրա: Իսկ Արսեն Չիթչյանը քննությամբ չպարզված առարկայով հարվածել է ավտոմեքենայի դիմապակուն և վնասել այն՝ պատճառելով ընդհանուր վերցրած 483 հազար դրամ արժողությամբ գույքային վնաս:

Արսեն Չիթչյանը և Էդգար Հախվերդյանը կոտրել են Կարեն Խաչիկյանի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան և դիտավորյալ ոչնչացրել բնակարանի մեջ եղած 1 մլն 131 հազար 500 դրամ ընդհանուր արժողությամբ գույքը:

Բացի դրանից՝ Արսեն Չիթչյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանի ննջասենյակի պահարանի մեջ պահել գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են:

Կարեն Խաչիկյանն էլ մեղադրվում է այն բանում, որ նա Արսեն Չիթչյանի և նրա բարեկամ Էդգար Հախվերդյանի կողմից իր տան գույքը դիտավորությամբ ոչնչացնելուց հետո, վրեժխնդիր լինելու նպատակով, իր հորեղբոր որդու՝ Վաչագան Խաչիկյանի հետ 2012 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Արսեն Չիթչյանի հորը՝ Բենիկ Չիթչյանին պատկանող բնակարան և գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ նախապես իր հետ վերցրած ռետինե մահակով ջարդել Բենիկ Չիթչյանի տան գույքը՝ պատճառելով 99 հազար 900 դրամի գույքային վնաս:

Կարեն Խաչիկյանը միաժամանակ ռետինե մահակով հարվածել է բնակարանում գտնվող Բենիկ Չիթչյանի կնոջը՝ Նունե Խաչիկյանին՝ առողջությանը պատճառելով թեթև աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դատախազին լսելուց հետո Արսեն Չիթչյանը հայտարարեց, որ ուզում է հասկանալ, թե ինչ են նշանակում մեղադրականում տեղ գտած «իր առավելությունը ընդգծելու մոլուցքով» և «խախտելով հասարակական կարգը» ձևակերպումները:

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը բացատրեց. «Մոլուցք ասածը նշանակում է, որ Դուք Ձեզ վեր եք դասում հասարակությունից»:

Դատական նիստը հետաձգվեց տուժողներ Նունե Խաչիկյանի, Բենիկ և Անուշ Չիթչյանների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի բացակայության պատճառով:

Մեկնաբանություններ (1)

LOLO
տիկին Լարիսա գոնե գրելուց ճիշտը գրեք թե ինչպեսե կարեն իւաչիկյանը ծեծի ենթարկել ռետինե մահակով Արսենի տան անթամներին հատկապես ծեր տատիկին ամոթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter