HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Բրավո, անուշ Խուլիո». կայացավ Խուլիո Իգլեսիասի մենահամերգը (լուսանկար)

Մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի մենահամերգը:

Բեմի վրա Խ. Իգլեսիասի հետ էին նաև իր երաժիշտները և բեք-վոկալն ապահովող երիտասարդ երգչուհիները: Մի քանի կատարում ուղեկցվեց տանգոյի կատարումով:

Բեմի վրա երգիչը կրկին հիշեցրեց իր մտերմության մասին Շառլ Ազնավուրի հետ, ում ճանաչում է երկար տարիներ: Համերգի ընթացքում երգիչը պարբերաբար զրուցում էր հանդիսատեսի հետ:

«Հայերին ես ճանաչում եմ սերունդներով: Ես շատ լավ գիտեմ ձեր զգացմունքների մասին»,- հայտարարեց Խ. Իգլեսիասը:

Այս խոսքերից հետո երգիչը նշեց, որ ժամանակին Սթինգի հետ երգել է «Fragile» (թարգմանաբար՝ «Փխրուն») զուգերգը: Երգում ասվում է, որ բռնությամբ երբեք ոչնչի չեն կարող հասնել բոլոր նրանք, ովքեր ծնվել են չար աստղի տակ, և չմոռանանք, թե որքան փխրուն ենք մենք:

Խուլիո Իգլեսիասն ասաց, որ ճանաչելով բազմաթիվ հայերի՝ ինքը շատ ավելին գիտի հայերի մասին, քան այստեղ կարծում են:

Համերգի ընթացքում Խ. Իգլեսիասը կատարեց իր մի շարք հայտնի երգեր, այդ թվում՝ «Mammy blue», «Nathalie», «Amor», «When you tell me that you love me», «Me siento de aqui», ինչպես նաև Ժակ Բրելի «Ne me quitte pas», Լուչիանո Պավարոտտիի «Caruso» երգերը:

Հանդիսատեսը երգերի ընթացքում ձայնակցում էր երգչին, իսկ ավելի աշխույժ կատարումների ժամանակ նաև կանգնում, պարային շարժումներ անում և թափահարում ձեռքերը:

«Բրավո, անուշ Խուլիո»,- դահլիճից բղավեց հանդիսատեսներից մեկը:

Պակաս բուռն չարձագանքեց դահլիճը, երբ Խ. Իգլեսիասը բեմի վրա համբուրեց իր խմբի երկու երգչուհիներին, որոնց հետ երգեց զուգերգեր:

Վերջին երգից հետո Խ. Իգլեսիասը շնորհակալություն հայտնելով լքեց բեմը՝ թողնելով, որ համերգն ավարտի երաժշտական խումբը:

Համերգին ներկա էին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչների, այդ թվում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter