HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Կանաչ մարդուն սպասողները

Լուսացույց 

Մոտենում եմ անցումին. կարմիր լուսացույցի թվերը փոխվում են աճող հերթականությամբ. դիմացիս մայթին խմբված մարդիկ պատրաստվում են իմ մայթ անցնել. նայում եմ կոշիկիս տակ. այս մայթը նույն ասֆալտից է՝ ինչ դիմացինը: 

Էկրանի վրա հայտնվում են թվեր՝ 1, 2, 3, 4, 5, 6...սա նշանակում է, որ անցնել ցանկացողները  պետք է սպասեն մինչ զրահապատ մեքենաները կանցնեն, ճանապարհը կազատվի, նորից կհայտնվի հետիոտնի կանաչ մարդուկն ու սպասողներով կկարողանանք անցնել դիմացի մայթ:  

… 27, 28, 29, 30 ու երկու զուգահեռ լուսացույցերին հայտնվում է կանաչ մարդուկը. բոլորը շարժվում են առաջ, ես էլ. մայթերը լքող բոլոր մարդկանց դեմքի արտահայտությունը նույնն է՝ ասես ոչ թե հակադիր ուղղություններով քայլողներ են, այլ բոլորով շտապում են նույն տեղը՝ տարբեր կողմերից: 

Սպասում 

Կես ճանապարհին պտտվում եմ, նայում մեջքիս հետևում թողած լուսացույցին. հույս ունեմ՝ այդ ու առջևիս լուսացույցի կանաչ մարդուկների միջև գոնե անտարբերությունից տարբեր ինչ-որ տարբերություն գտնել. երանգների տարբերություն, բոյի կամ ինչ-որ ժեստի, կենդանության, հույսի կամ հուսահատության ինչ-որ նշան, բայց չէ. մեջքիս հետևում մնացած լուսացույցի կանաչ մարդուկն առջևումս ցցվածինի պատճենային կրկնությունն է. Սրանք երկուսն էլ աշխարհի բոլոր կանաչ մարդուկների պես 30 վայրկյանը մեկ հայտնվում, ցույց են տալիս ճանապարհը, ու երբ փողոցն անցնում ես, անպայման անհետանում են՝ չգիտես ուր. ու նորից գալիս է կարմիր լույսի ժամանակը:

«Եթե կանաչ մարդը երկու հակադիր ճամփաներն էլ բացել էր, ուրեմն գնալու երկու հակադիր ուղղությունների միջև տարբերություն նույնպես  չկա. ընդամենը պետք է սպասել 30 վայրկյան ու դրանից հետո բոլոր ուղղություններով քայլելը  հնարավոր կդառնա. ըն-դա-մե-նը  30 վայր-կյան ըս-պա-սել է պետք, ըն-դա-մե-նը  բո-լո-րի հետ սպա-սել, բո-լո-րի պես սպա-սել.30 վայր-կյան». վազող տողի պես պտտվում է գլխումս անընդհատ:

Հետ նայելն արգելված է 

Մինչ ճանապարհի կենտրոնում կանգնած՝ հակադիր երկու մայթերի լուսացույցերին միաժամանակ հայտնված կանաչ մարդուկների միջև տարբերություն էի փնտրում, անցնելու ժամանակս լրացավ, կանաչ մարդուկն անհետացավ, փողոցը մարդկանցից դատարկվեց, ու ես մնացի մեն մենակ ՝ երկու կարմիր լույսերի արանքում:

«Ժամանակը երբեք ժամանակին չի վերջանում, ու հենց մի պահ կանգ ես առնում, հետ նայում՝ ինչ-որ բան հասկանալու, հիշելու, մտածելու, տեսնելու համար, հանկարծ հոպ ու կանաչ մարդուկն անհետանում է, դու հայտնվում ես կարմիր լույսերի արանքում. առաջ շարժվելը դառնում է գրեթե անհնար»:

Մենակը 

Բոլորը կանաչի տակ փողոցն անցել էին ու գնացել գործերով. մայթերը դատարկ են. հիմա փողոցում մեքենաների հոսքն է ու ես՝ երկու կարմիր լույսերի արանքում. քանի դեռ կարմիր լույսերի արանքում ես, մեքենաների աղմուկի մեջ ոչ ոք քեզ չի լսի, եթե անգամ ամբողջ ուժով բարձր գոռաս:

«Կարմիր լույսերի արանքում կանգնելն անհնար կլիներ, եթե չիմանայի, որ 30 վայրկյան անց կանաչ մարդը նորից հայտնվելու է». վերջին միտքն ինձ ուժ է տալիս երկու ոտքս հազիվ մի ոտնաչափ ասֆալտին տեղավորել ու քարացած սպասելու համար. «կարմիր լույսը մեքենաների ժամանակն է, եթե հետիոտն ես, խաղալու ոչ մի շանս չկա, որովհետև քեզ անիվների տակ տրորելուց մեքենաները ոչինչչեն զգում»:

Կանաչ մարդուկը 

Թոքերս մեքենաների ծխով չլցնելու համար շունչս պահած հաշվում եմ՝ 28, 29, 30, ու կանաչ մարդը նորից  հայտնվում է՝ դեմքի նույն անտարբեր արտահայտությամբ, որով միշտ հայտնվում ու որով միշտ անհետանում է՝ կարծես նա հեչ կապ չուներ փողոցի կենտրոնում քեզ մենակ թողնելու հետ ու պատահական անցորդ կամ բարի մարդ է, ով ընդամենն իր աշխատանքն է պարտաճանաչ անում:

Ես մեքենաների վզզոցից մի կերպ ուշքի եմ գալիս, մի քանի վայրկյանում անցնում փողոցի մնացած կես հատվածը, բայց շփոթությունից մոռանում եմ կանաչ մարդուկին ու շարունակում ճանապարհս. վառվող կանաչ մարդուկը մնում է մեջքիս հետևում ցցված լուսացույցի մեջ:

Նորից կարմիր

Նորից անցումի մոտ եմ. մայթեզրին մարդիկ են խմբված: Շարժվում եմ դեպի խումբը: Մինչ հասա անցում,  խումբն արդեն դիմացի մայթին էր, իսկ լուսացույցը՝ կարմրած, կանաչ մարդուկը խմբի համար էր հայտնվել, ոչ թե իմ ու ես, նորից մենակ, սպասում եմ իմ կանաչ լույսին:

28, 29, 30, ու կանաչ մարդը նորից հայտնվում է: 1, 2, 3... նա սպասում է, որ փողոցն անցնեմ, ու հենց հասնում եմ մայթ՝ անհետանում է:

Ես նորից կարմիր լուսացույցի կողքին եմ՝ ոնց քիչ առաջ:

Առաջ եմ շարժվում: Չեմ հիշում՝ քանի ժամ  եմ քայլել, բայց  մայթի վրա կանաչ մարդիկ չկան. Կանաչ մարդուն հանդիպելու համար պետք է մոտակա խաչմերուկ հասնել: «Հաջորդ անգամ պետք է փողոցը վազքով կտրել-անցնել, կանաչ մարդուկի թևից բռնել ու էլ բաց չթողնել»,- հուսահատ վճռում եմ ես:

Մարդիկ առանց լուսացույցի 

Նորից խաչմերուկում եմ. երթևեկությունը կանգնած է, ոստիկանական մեքենաներ են խմբված, մարդիկ ապշած կանգնած են՝ չգիտեն ի՞նչ անեն, ու՞ր գնան: Վազքով մայթեզր եմ հասնում, ոտնաթաթերիս վրա ձգվում եմ. շշուկներից հասկանում եմ, որ ինչ-որ երեխա  առանց կանաչ մարդուկի հայտնվելուն սպասելու փողոցը վազքով անցել է, մեքենաները շեղվել են ճանապարհից ու կոտրել լուսացույցը: Թե ի՞նչ էր եղել փողոցը կարմիրի տակ անցած երեխային՝ չիմացա, բայց մյուս անցորդների համար հիմա ճանապարհը փակ էր, կանաչ մարդուկը չկար, բոլորն իրար են խառնվել, չեն կարողանում ոչ փողոց անցնել, ոչ երթևեկել, շարժը դադարել է, ամեն ինչ քարացած է, մարդիկ հարցական ու խուճապահար հայացքներով կողքերն են նայում, ոստիկանները օգնում են մեքենաներին ու մարդկանց՝ խումբ-խումբ հասնել դիմացի մայթ: 

Ու՞ր ես 

«Պետք է գնալ հաջորդ խաչմերուկ, որտեղ վթար չկա, վազքով անցնել փողոցն ու ամուր բռնել նրա թևից, որ էս կարմիր լույսը վերջանա»: 

Ամբողջ օրը թափառում եմ քաղաքի բոլոր անցումներում. ոչ մի կերպ չեմ կարողանում հասնել կանաչ մարդուկին. ամեն անգամ ինչ-որ բան է կատարվում, ու մինչ կհասնեմ դիմացի մայթ, լուսացույցն արդեն կարմիր է: 

Մենակը

Ուշ գիշերով հասնում եմ քիչ ծանրաբեռնված մի խաչմերուկ. որոշում եմ մինչև կանաչ մարդու հայտնվելը, օրենքըխախտելովկարմիրի տակ նախապես կտրել-անցնել փողոցը,ու հենց կանաչ մարդուկը հայտնվի՝ բռնելթևից ու էլ բաց չթողնել: Նրան հասնելու ուրիշ ձև էլ չկա: 

Հենց կարմիր լույսը հայտնվում է, վազքով անցնում եմ փողոցը, հասնում լուսացույցին, կանգնում կողքը ու սպասում կանաչ մարդուկին, - «հենց հայտնվես թևիցդ բռնելու եմ ու էլ բաց չթողնեմ»: Հեռվից լսվում է ոստիկանական մեքենայի ձայնը: Որոշում եմ. «Առանց կանաչ մարդուկի ոչ մի քայլ. մինչ ոստիկանների մոտենալը կսպասեմ նրա հայտնվելուն ու թևից կբռնեմ, իսկ հենց նրանք մոտենան, արագ կվազեմ մարդուկիս հետ՝ հեռու՜-հեռու՜, մեկ է երբ նա հետս լինի, մեզ էլ ոչ մի ոստիկան չի հասնի». կանաչ մարդուկն ինչ-որ ուշանում էր. երբ ոստիկանական մեքենան հասավ լուսացույցին, նա դեռ չէր հայտնվել. ես աչքերս կարմիր լույսին հառած լուսացույցի առջևքարացել էի.« ու՞ր ես, մարդուկ, ու՞ր ես, դե շուտ արա, ու՞ր ես»,- կրկնում էի մտքումս. մեքենայից դուրս եկավ միջին տարիքի տղամարդ, մոտեցավ ինձ, նայեց շուրջն ու ղեկին սպասող ընկերոջըգոռաց. «...տեսա՞ր ոնց թռավ, ոչ մի կողմից չի երևում, բայց դու տեսա՞ր ոնց հասցրեց կես րոպեում ծլկել, այ քեզ բա՜ն»,- հետո մեկ անգամ էլ նայեց հեռուն ու վերադարձավ մեքենան: Ես վախից տեղումս քարացած մտածում եմ. «ո՞նց թե ծլկել եմ, սրանք հոկու՞յր չեն»:

Ոստիկաններն իսկապես հեռացան: 

*** 

Լուսացույցը քարացել էր կարմիրի վրա. «երևի փչացել է», հոգնեցի սպասելուց ու ծանր քայլերս ձգվեցին դեպի մայթ, տխուր, շա՜տ տխուր.ձյուն էր գալիս՝ մանր-մանր փաթիլներով, որ հասնելով ասֆալտին՝ դառնում էր ջուր.զգացի, որ կոշիկներս ջրից ծանրացել են, գլուխս կախեցի ու աչքս ընկավ ոտքերիս՝կանաչ էին: Վախեցած նայեցի ձեռքերիս, որովայնիս հատվածը, հետո շոշափեցի դեմքս՝ ես ոտքից գլուխ կանաչ լույսի թափանցիկ ստվեր էի, իսկ մարմինս լուսացույցի կանաչ մարդուկի ձևն ու չափն ուներ: 

***

Նորից անցումի մոտ եմ, բայց ճանապարհն անցնելու համար հիմա էլ ոչ սպասելու, ոչ  էլ կանաչ մարդուկի կարիք չկա:Հիմա առհասարակ ոչ մի գույնի մարդուկների կարիք էլ չկա. ես ոտքից գլուխ կանաչ եմ ու լրիվ մենակ: 

***

Առանց երկար մտածելու հանեցի կարմիր զգեստս ու քայլեցի առաջ:

Նկարը՝ Վահե Հակոբյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter