HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նախագահական ընտրություններում հաղթեց... օլիգարխիան

2011թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում Սերժ Սարգսյանը բառացիորեն ասաց հետևյալը. «Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»: 2012թ. մարտի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված, Աժ ընտրություններին մասնակցող ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված անունների թվում ներքոնշյալ համարների ներքո գրված էին նաև հետևյալ գործարարների, հանրային ընկալմամբ` օլիգարխների անունները.  2. Աբրահամյան Հովիկ, 27. Այվազյան Վարդան, 32. Գևորգյան Նահապետ, 34. Մովսիսյան Առաքել, 69. Շահգալդյան Կովալենկո, 73. Ղուկասյան Վարդան, 152. Հայրապետյան Ռուբեն, 159. Ալեքսանյան Սամվել, 182. Աղաբաբյան Աշոտ, ...:

Նրանց և չնշվածների մի մասը, ինչպես կարելի է նկատել, ընդգրկված էին այդ ցուցակի անցողիկ, մյուս մասը` ոչ անցողիկ հատվածներում: Եվ չնայած դրան` գրեթե բոլորն էլ (բացառությամբ այստեղ նշած երկուսից) դարձան պատգամավոր` ընտրվելով հիմնականում մեծամասնական ընտրակարգով: Եվ չնայած այս աչք ծակող իրողությանը` ուղիղ մեկ տարի անց` նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, նույն  հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բառացիորեն ասում է, որ ՀՀԿ ցուցակում օլիգարխներ ընդգրկված չեն եղել:

«Դուք չեք կարող նշել այդպիսի մարդկանց` Հանրապետական ցուցակը մատնանշելով: Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ, և դա մեր դիրքորոշումն է: Այսինքն` կուսակցության դիրքորոշումը խնդրի, կոնկրետ պարագայում՝ խորհրդարանի մասով, ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես երբեք չեմ ասել, որ հանրապետական որևէ գործարար չի գալու: «Գործարար» ասածը` ոչ թե իրականության մեջ, այսինքն՝ այդպես ընկալվող, թեև փաստաթղթերով ամեն ինչ կարգին է. նրանք գործարար չեն, բայց իրականության մեջ, այո, զբաղվող»:

Սերժ Սարգսյանը, թերևս, այս հայտարարությունն անելիս, նկատի է ունեցել միայն համամասնական ցուցակով ԱԺ անցած պատգամավորների շրջանակը: Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այդ մարդիկ հենց սկզբից ընդգրկված են եղել կուսակցության համամասնական ցուցակում, ընդգրկված են եղել որպես ռեզերվ մեծամասնական ընտրակարգով չանցնելու պարագայում, ինչը, իհարկե, գրեթե անհավանական էր` ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու համար:

Թե ինչու էր փաստթղթերը կարգի բերելով անհրաժեշտ այս մարդկանց խորհրդարան բերելը, դրանով իսկ իշխանության հետ սերտաճեցնելը, որքան էլ առաջին հայացքից թվա տարօրինակ, ցույց տվեցին կայացած նախագահական ընտրությունները: Բոլոր այն ընտրատարածքներում, որոնք ընկած էին այդ օլիգարխների ազդեցության գոտիներում, իշխանության կուսակցությունը կամ թեկնածուն թե խորհրդարանական,  և թե նախագահական ընտրություններում նախկինում հենց այդ ռեսուրսի կոշտ ներգործությամբ տանում էին ջախջախիչ հաղթանակներ:

Վերջին նախագահական ընտրություններում, սակայն, երբ խնդիր էր դրված ընտրական պրոցեսներում շեշտն ավելի շատ դնել մեղմ տեխնոլոգիաների վրա  և ընտրական գործընթացից մասնակիորեն մեկուսացնել օլիգարխիկ շրջանակներին, իշխանության թեկնածուն` Սերժ Սարգսյանը, կամ պարտություններ կրեց, կամ հաղթեց չնչին առավելությամբ: Ըստ էության պարզ դարձավ, որ օլիգարխիային մեծամասնական ընտրակարգով խորհրդարան բերելն անհրաժեշտ էր իշխանությանը, որպեսզի նրանք անձնական շահագրգռություն ունենան նաև իշխանության կուսակցության համար աշխատելու և հաղթանակն ապահովելու հարցում: Վերջին նախագահական ընտրություններում անձնական շահագրգռության գործոնը չկար, ինչն էլ պարզ ու հստակ արտահայտվեց քվեարկության անգամ պաշտոնական արդյունքներով:

Նախագահական այս ընտրությունները, ըստ այդմ, պետք է համարել ոչ այքան Սերժ Սարգսյանի, որքան հայրենի օլիգարխիայի տրիումֆալ հաղթանակը, որովհետև այն ցույց տվեց, թե որքան խոցելի և անօգնական է իշխանությունը` առանց այդ ռեսուրսի, որքան կախյալ վիճակում է դրանից, և թե վերարտադրվելու համար ում է իրականում պարտական լինելու իշխանությունը:

ՀՀԿ ցուցակում օլիգարխներ չտեսնելու մասին հայտարարությունը, փաստորեն, բխում էր առաջին հերթին այս գիտակցությունից: Գործող նախագահը դրանով ոչ միայն հստակ ընդգծեց, թե ինչ արժեք ունի օլիգարխիան իշխանության համար, այլև նրանց անուղղակի ուղերձ հղեց, որ գտնվում են իշխանության հովանու ներքո: Դրանով նախագահը նրանց ազատ ու անկաշկանդ գործելու քարտ բլանշ տվեց: Եթե մինչ գոնե ձևականորեն պահպանվում էր օրենքի պայմանը, ապա այլևս ոչ մի պատգամավոր-օլիգարխ գործարարությամբ չզբաղվելու մասին կեղծ հավաստիացումներ, բացատրություններ տալու, ձևեր թափելու անհրաժեշտություն այլևս չի ունենա. Սամվել Ալեքսանյանն այլևս խնդիր չի ունենա անմեղ հայացքով շարունակելու պնդելու, թե հանրապետության վերջին աղքատն է ու նայում է գործարար կնոջ ողորմածությանը: Նրանք կարող են ոչ միայն բաց և ամենայն վստահությամբ պնդել, որ գործարարներ են, այլև հպարտանալ օլիգարխի կարգավիճակով: Եվ դրա առաջին նշաններն արդեն իսկ երևում են: Նախագահի ասուլիսի հենց հաջորդ օրը, իշխանության «գրին քարտին» արժանացած ԱԺ այդ պատգամավորներից մեկը` Նահապետ Գևորգյանը, լրագրողների առջև առանց սեթևեթանքների հայտարարեց, թե ինքն իսկապես զբաղվում է գործարարությամբ և ձգտում է լինել օլիգարխ:

Փորձելով մեղմել այս հակասականությունը` Սերժ Սարգսյանը պնդում է, թե շահերի բախման սկզբունքը պահելու համար ոչ թե պետք է պայքարել, որ մեծահարուստները չմտնեն խորհրդարան, այլ դա չօգտագործեն սեփական շահերի համար:

«Եթե մենք կարողանանք նաև արագ տեմպերով կատարելագործել մեր վերահսկող, ֆիսկալ մարմինների աշխատանքը, եթե մենք կարողանանք մեր մարդկանց գիտակցության մեջ մտցնել, որ սեփականության իրավունքն անձեռնմխելի է Հայաստանում, ինքնըստինքյան այդ մարդիկ խորհրդարանից դուրս են գալու, որովհետև դրա անհրաժեշտությունն այլևս չկա»,-ասում է նա:

Իրականում, սակայն, ֆիսկալ, վերահսկող այդ մեխանիզմներն ստեղծված էին: 2011թ. «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունմամբ` ի վերջո պետական կառավարման համակարգում ներդրվեց շահերի բախման ինստիտուտը, որը հենց օլիգարխահեն իշխանություն ձևավորելու հիմքերի խարխլմանն էր կոչված: Հենց այդ շրջանակում ստեղծվեց պատգամավորների համար նախատեսված ԱԺ էթիկայի հանձնաժողովը, որը ուժեղացնելու փոխարեն, սակայն, ամեն ինչ արվել ու հիմա էլ շարունակվում է արվել այն ձևականացնելու համար: Նախագահի նման մեկնաբանություններից հետո առհասարակ այլևս կարելի է այս հանձնաժողովը լուծարել: Դեռ մեկ ամիս էլ չի անցել, ինչ այս հանձնաժողովը,  ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կարճեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի` տիպիկ շահերի բախման սկզբունքի խախտման  հետ կապված գործը:

Հիշեցնենք` խոսքը այն դեքպի մասին էր, երբ ձայնագրված հեռախոսազրույցի ընթացքում այս պատգամավորը բացահայտ խոստովանում է, որ անձամբ է զբաղվում իր տարածքները վարձակալության տալով, այսինքն ռիելթորական գործունությամբ, որը թե Սահմանադրությամբ, թե «Հանրային ծառայության մասին օրենքով» ու ԱԺ կանոնակարգ-օրենքով ուղղակի անհամատեղելի է համարվում բարձրաստիճան պետական պաշտոնյայի, տվյալ դեպքում` պատգամավորի գործունեության հետ:

Հանձնաժողովն ուղղակի չցանկացավ այդ ձայնագրությունն ընդունել որպես փաստ, ինքնախոստովանություն, թեև անձամբ պատգամավորը երբևէ չէր պնդել, թե դրանում իր ձայնը չէ: Խորհրդարանում օլիգարխ, գործարար պատգամավոր չտեսնելու նախագահի կեցվածքը անուղղակի հրահանգ է` շարունակելու նման գործելաոճը: Եվ եթե անգամ Նահապետ Գևորգյանը բարձրաձայն հայտարարելու փոխարեն ինքնախոստովանական ցուցմունք էլ գրեր, ոչ թե որևէ էթիկայի հանձնաժողով, այլ օրենսդիր ու գործադիր, անգամ դատական որևէ ատյան, որևէ կառույց չի համարձակվելու դրանք որպես օրենքի ակնհայտ խախտում ճանաչել: Եթե նրանք իշխանության զրահամեքենաներն են, ուրեմն նրանց ամեն ինչ թույլատրելի է:

Մեկնաբանություններ (2)

sam
sranq oligarxner chen , ayl angraget avazakner.
maxim
mekndmisht petq e bacarel oligarx bari gorcacum@ hayastanum. dranov duq nvastacnum eq oligarx termini imast@ ev ayn tntesagitutyan mej kirarox mardkanc. hayastanum kan parzapes talanchiner ev goxer ,voronc hamar naxatesvac e hatuk vayrer.oligarx bar@ shutov mez mot kmtni bantarkyalneri barapashari mej.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter