HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ իշխանությունը դառնում է սեփականություն

Թե ինչպիսին պետք է լինի Երևանի քաղաքապետը, երևանյան ընտրություններին մասնակցող ուժերն իրենց ներկայացրած քաղաքապետի թեկնածուների տիպերով տալիս են տարբեր ձևակերպումներ: Օրինակ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» կամ նրա շուրջ ստեղծված «Բարև Երևան» դաշինքը առաջարկում են քաղաքական ֆիգուրներ, ՕԵԿ-ը` վարչարար, ՀԱԿ-ը, շեշտը դնելով փորձառության վրա՝ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ն, ինչպես իրենք են բնորոշում՝ կենցաղային հարցեր լուծող: Բայց թե նրանց կարծիքով ինչպիսին կամ ով պետք է լինի ավագանու անդամը, ներկայացված համամասնական ցուցակներից այնքան էլ հասկանալի չի դառնում:

Ընտրություններին մասնակցող ուժերի առնվազն կեսի պարագայում ընդհանրապես հնարավոր չէ ասել` ինչ սկզբունքով են այդ ցուցակները ձևավորվել, և ինչու են նրանք ուզում, որ հատկապես այդ մարդիկ, որոնց շարքում նույնիսկ ուսանողներ կան, դառնան Երևանու ավագանու անդամներ: Ցուցակներում հեղինակություն, ժողովրդականություն ունեցող հանրային, մտավորական դեմքեր գրեթե չկան: Տպավորությունն այնպիսին է, որ այդ ցուցակները ձևավորվել են ուղղակի ցուցակ ներկայացնելու օրենսդրության պահանջի կատարման ձևական կողմը պահելու և որոշների պարագայում ուղղակի ապագա քաղաքապետի որոշումները դակող կամակատարներ ավագանի գործուղելու համար: Նրանց պատկերացումը քաղաքի կառավարման հարցում ավագանու դերակատարության մասին, թերևս, սահմանափակվում է այսքանով:  

Սակայն ինչպես երևում է, անգամ սա իշխող Հանրապետական կուսակցությանն այլևս չի բավարարում: ՀՀԿ-ի կոնգլոմերատն իր համամասնական ցուցակում ընդգրկել է սեփական զավակներին: Այստեղ են հանգրվանել Էդուարդ Մադաթյանի, Աշոտ Աղաբաբյանի, Արա Բաբլոյանի, Գևորգ Մանուկյանի որդիները և այլն: Փաստորեն, նրանց է վերապահվելու կայացվող որոշումները դակելու խիստ պատասխանատու առաքելությունը: Այսպիսով՝ իշխանությունը որոշել է Երևանի ավագանին վերածել նոմենկլատուրային սերնդափոխության ապահովման ամենահարմար և անշառ դարբնոցի, յուրատեսակ մի «շկոլայի», որն անցնելուց և քննությունը բարեհաջող հանձնելուց հետո կարող են նաև վարչական ու քաղաքական էլիտա մտնելու և ծնողներին այնտեղ փոխարինելու հնարավորություն ստանալ: Եվ հենց դրանով էլ ՀՀԿ-ի ցուցակը մյուսներից առանձնանում է իր կոնկրետ ներքին տրամաբանությամբ ու նպատակներով:

Ժառանգականության սկզբունքով և ծնողների, քավորների, աներների, քեռիների ու հոպարների քվոտաներով իշխանություն մտնելու պրոցեսն, իհարկե, նոր չի սկսվել: Դրա վառ դրսևորումներից են եղել նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգայանի որդու` Տարոն Մարգարյանի կարիերային աճը մինչև Երևանի քաղաքապետի աստիճանի, Գագիկ Ծառուկյանի փեսա  և ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդի Կարո Գուլոյանի` Աբովյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի` Էջմիածնի քաղաքապետեր դառնալը և այլն: Սակայն եթե նախկինում նման երևույթները հիմնականում եզակի բնույթ ունեին ու կապված էին այսպես կոչված «հայրերի» անձնական մղումներով, ապա հիմա փաստացի գործ ունենք հստակ համակարգված և նպատակամղված պրոցեսի հետ. մի բան է, երբ որևէ առանձին վերցրած գեներալ, մեծահարուստ, չինովնիկ է հոգ տանում իր զավակի համար ասպարեզ հարթելու գործով, մեկ այլ բան է, երբ դա վերածվում է կուսակցության հստակ մտասևեռման և քաղաքական ուղեգծի` արտահայտվելով նրա համամասնական ցուցակում: Փաստորեն, կաստայականությունը, աստիճանաբար սկսում է դառնալ գործող իշխանության կադրային քաղաքականության հիմքը:

Խնդիրը նոր սերնդի որակի մեջ չէ: «Նոր գվարդիայի» ներկայացուցիչների մի փոքր մասը ստացել է բավարար կրթություն, դաստիարակություն, հասցրել ձեռք բերել բավարար աշխատանքային փորձառություն: Նրանցից ոմանք, թերևս, համեստ, սովորական մարդիկ են` մնացածներից ոչ լավը, ոչ էլ վատը: Պարզապես ընդհանուր ստերեոտիպերի, հանրային կարծիքի ներքո թացը խառնվել է չորին, որից տուժում է հատկապես այս շերտը:

Նրանց պարագայում, սակայն, խնդիրը հարմարվողականության, մեջ է, որը հակադրվում է երիտասարդությանը բնորոշ ինքնուրույնության, ազատականության, հակադրվողականության հետ: Պատահական չէ, որ այս «զավակներից» և ոչ մեկը երբևէ չի փորձել դուրս գալ այն կաղապարներից, որում նրանց դրել են «մեծերը», փորձել սեփական ուղին հարթել ինքնուրույնաբար` բախվելով այն դժվարություններին, որոնք ունենում է շարքային քաղաքացին` հատկապես կառավարման համակարգում ինքնահաստատվելու ճանապարհին: Արդյունքում ունենում ենք կարիերիստների և նեոկոմսոմոլների մի զանգված, որը կամա թե ակամա վերածվում է իշխանության և գործող կառավարման համակարգի բոլոր ախտերի ու անտիարժեքների կրողը և փոխանցողը:

Ժառանգականությունն ընդհանրապես սեփականության պաշտպանության և իրավունքի ամենակարևոր բաղադրիչն է: Իշխանության մեջ այս սկզբունքը դառնում է դոմինանտ միայն այն ժամանակ, երբ ինքնին իշխանությունն է դառնում կամ ընկալվում սեփականություն այնպես, ինչպես, ասենք, անշարժ կամ շարժական գույքը, նյութական ու ոչ նյութական արժեքները, ընտանեկան բիզնեսը և այլն: Ի դեմս սեփական «զավակների»` մերօրյա իշխանական նոմենկլատուրայի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ, տեսնում է այդ իշխանության մեջ սեփական փայաբաժինը պահպանելու, դրանց կորուստը թույլ չտալու կոնկրետ երաշխավորի: Եվ, այնպես, ինչպես ժառանգներին կտակում է ունեցվածքը, այնպես էլ հիմա, նրանց համար ստեղծելով իշխանություն մտնելու ջերմոցային պայմաններ, ապահովում է ձեռք բերած այդ փայաբաժինը իր սերնդին թողնելու խողովակ:  Երևանի ավագանիում նրանց ժամանակավոր հանգրվանը, ահա, այդ խողովակի ընդամենը մեկ, բայց կարևոր մասն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter