HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի անտառահատումների հրամա՞ն է տրված

Մարտի 27-ին Թեղուտ գյուղից դեպի Շնողի Մանստև հանդամասի անտառներ տանող ճանապարհաեզրերին` Թեղուտ գյուղի ծայրամասի գոմերի հարևանությամբ, նոր հատված ծառերի փայտակույտեր էին թափված: Դրանք ճանապարհից հազիվ նկատելի էին: Փայտակույտերի տարածք բեռնատար ավտոմեքենայի համար բացված ճանապարհը հուշում էր տարածքից մշտապես փայտ տեղափոխելու մասին: Բնականաբար, թափված փայտի տերերը չէին կարող լինել շարքային թեղուտցիները: Դրանց տերերը «Լալվար անտառտնտեսության» ղեկավարներն են, ում վստահված է անտառի վերահսկողությունը:

Փայտի օրինական վաճառք կազմակերպելու դեպքում կարիք չի լինի փայտակույտերը աչքից հեռու տարածքներում թափել, սակայն, որպես կանոն, դրանք անտառը վերահսկողները միշտ վաճառում են հենց թաքուն վայրերից:

Շնողի Մանստև հանդամասի անտառները վերահսկում է «Լալվար» անտառտնտեսությունը, անտառապետը Արտյոմ Բեկթաշյանն է: «Հետքի» հետ զրույցում թեղուտցիները դժգոհեցին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով 360 հա անտառների հատումը քիչ է, «Լալվար» անտառտնտեսության ղեկավարները ապօրինի հատում են նաև Շնողի Մանստև հանդամասի անտառները:

«Հետքը» այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբիկ Պետրոսյանից փորձեց ճշտել` արդյոք մարզերում սկսվե՞լ են անտառային տնտեսությունների 2013թ. պլանային անտառահատումները: Ռ. Պետրոսյանն ասաց, որ գտնվում է հիվանդանոցում և մեր հարցին հակիրճ պատասխանեց. «Անտառահատումների հրամանն արդեն տրված է»,- ասաց նա: «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանն էլ 2013թ. պլանային անտառահատումների վերաբերյալ մեր հարցմանը պատասխանեց. «Պլանային անտառահատումները դեռ չենք սկսել, բայց հնից, այսինքն` 2012թ.-ից ունենք պլանային անտառահատումների 60-70 խմ փայտի թերակատարում, այս պահին Շնողի և Թեղուտի անտառներում կատարում ենք 2012թ. թերակատարած ծառահատումները»:

Հարցն այն, որ 2012թ.-ի պլանային անտառահատումների տոմսերի ժամկետը ավարտվել է 2012թ.-ի դեկտեմբերի 31-ին: Տոմսերի ժամկետը 2013թ.-ին երկարացնելու դեպքում «Հայանտառի» կողմից Լալվար անտառտնտեսությունում նոր տեղազննություն կատարելուց հետո պետք է երկարացվեն թերակատարված 2012թ.-ի պլանային անտառահատումների ժամկետը: Կամո Շահնազարյանը հայտնեց, որ թերակատարված պլանային անտառահատումների համար պահանջվող տեղազննությունները կատարվել են և արդեն ստացել է «Հայանտառի» հրամանը, սակայն վերջինիս  ամսաթիվը պարոն Շահնազարյանը չհիշեց: Ի տարբերություն Կամո Շահնազարյանի` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների պահպանության և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արա Մեջլումյանն էլ «Հետքին» հայտնեց, որ Լոռու մարզի անտառտնտեսությունների կողմից 2012թ.-ին թերակատարված անտառահատումների տոմսերի երկարացման հրաման դեռևս չկա, տեղազննման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2013թ.-ի ապրիլի վերջը, որից հետո չկատարված պլանային անտառահատումներ կատարելու հրամանը կուղարկվի անտառտնտեսություններին:

Կամո Շահնազարյանի կողմից ղեկավարվող «Լալվարի» անտառտնտեսության կողմից իրականացվող ապօրինի անտառահատումներին «Հետքը» անդրադառնում է պարբերաբար, որպես կանոն մեր ահազանգերը հայտնվում Լոռու մարզային դատախազության տեսադաշտում, փայտի բիզնեսի մեջ ներգրավված Կամո Շահնազարյանը, զարմանալիորեն միշտ էլ կարողանում է ջրից չոր դուրս գալ: 

Մեկնաբանություններ (1)

toto
kereq kereq avireq sepakan yerkir@ ay xozer

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter