HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արման Նավասարդյան. «Հայաստանը կարող է ոչ միայն շահել, այլև խաղալ լուրջ միջնորդի դեր»

«Ես կարծում եմ` ամենամեծ վրիպումը, որ եղել է մեր արտաքին քաղաքականության մեջ, այն է, որ մենք դուրս ենք մնացել ամեն տեսակ ինտեգրացիոն և միասնական ծրագրերից տարածաշրջանում և ոչ միայն», - ասում է արտակարգ և լիազոր դեսպան, diplomat.am ծրագրի ղեկավար Արման Նավասարդյանը:

Կովկաս ինստիտուտում կայացած «Եվրասիական, թե Եվրոպական միություն» բանավեճ-քննարկման ժամանակ Ա. Նավասարդյանը շեշտեց, որ Հայաստանի գոյատևման և հետագա զարգացման համար անհրաժեշտ են ինտեգրացիոն գործընթացները: Առավել ևս, որ առկա է տնտեսական շրջափակումը և ճանապարհային մեկուսացումը:

«Ես սատանայի հետ էլ կգնայի ինտեգրացման, եթե այդպիսի հնարավորություն լիներ, բայց այդպիսի հնարավորություն չկա: Եթե Թուրքիան և Ադրբեջանը դիտում ենք որպես սատանաներ, ապա նրանք փակել են այդ հնարավորությունը», - հայտարարեց Ա. Նավասարդյանը:

Դիտարկելով Եվրոպական միությունը և Եվրասիական միությունը` Ա. Նավասարդյանը, նշեց, որ վերջինիս դեպքում ասելու քիչ բան կա, քանի որ այն դեռևս ծրագիր է. որպես կառույց դեռևս գոյություն չունի: Սակայն սխալ կլինի, և Հայաստանը չի էլ կարող անտեսել այդ հնարավոր կառույցը. Հայաստանը Ռուսաստանի հետ ունի անվտանգության լուրջ պայմանագրեր: Միաժամանակ, նրա դիտարկմամբ այստեղ կան որոշ կնճռոտ պահեր, մասնավորապես`  մաքսային համակարգի ստեղծման հետ կապված:

«Եվրոպական միությանը ես միանշանակ կարող եմ ասել` այո», - հայտարարեց Ա. Նավասարդյանը:

Նրա խոսքերով` Հայաստանը կարծես գտնվում է երկու միությունների ընտրության առջև: Սակայն ճնշումները ոչ այնքան դրսից են, որքան առաջին հերթին ներսում, երբ մենք մտածում ենք, թե բոլորը մեզ ճնշում են, և մենք պետք է հաշվի առնենք բոլորի շահերը: Այնինչ,  «բոլորը պետք է հաշվի առնեն մեր շահերը»:

Ա. Նավասարդյանի խոսքերով` չպետք է մոռանալ, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանում և շատ կարևոր երկիր է մասնավորապես Ռուսաստանի համար:

«Մենք Ռուսաստանի վերջին պատվարն ենք Կովկասում: Թող բարի լինի գնա այնպիսի փոփոխությունների, որ մեր շահերից ելնի», - հայտարարեց Ա. Նավասարդյանը:

Նրա կարծիքով`եթե Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանն իր հետ լինի, կարող է փոփոխությունների գնալ:

«Ինձ համար «կամ-կամ»-ի խնդիր չի դրված: Ես ասում եմ «և-և»: Հարցն այն է` ինչպես գտնել այդ ճանապարհը», - Եվրոպական, թե Եվրասիական միություն հարցին պատասխանում է Ա. Նավասարդյանը:

Նրա կարծիքով` հնարավոր է գտնել այդ ճիշտ ուղին, եթե վարենք ճկուն քաղաքականություն: Այս դեպքում ճկունությունը դրսևորովում է ոչ միայն երկու կառույցների հետ համագործակցության մեջ, այլև հնարավորության դեպքում համադրել նրանց շահերը տարածաշրջանում: Նրա խոսքերով` նման շահեր կան, քանի որ նույն Ռուսաստանը պակաս հետաքրքրվածություն չունի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի նկատմամբ:

«Եթե նրանք հավանաբար գնալու են դեպի Եվրոպա, ինչո՞ւ են մեր ճանապարհը փակում: Միգուցե դուք մեզնից հետո՞ գաք», - ասում է Ա. Նավասարդյանը:

Նրա կարծիքով` երբ խոսվում է Ռուսաստանի և Եվրոպայի մասին, պետք է ճկուն լինել և ճիշտ կողմնորոշվել: Այս դեպքում պետք է նաև ճիշտ օգտագործել սփյուռքի հնարավորությունները:

«Շատ բան կախված է մեզնից, մեր պահվածքից, մեր քաղաքականությունից: Հայաստանը կարող է ոչ միայն շահել, այլև խաղալ լուրջ միջնորդի դեր», - կարծում է Ա. Նավասարդյանը: Նրա կարծիքով` Հայաստանի նման փոքր երկրի համար դա շատ կարևոր է. Մոսկվա-Թեհրան-Վաշինգտոն եռանկյունում Հայաստանը կարող է լուրջ դերակատարում ունենալ, քանի որ այդ բոլոր երկրների հետ ունի նորմալ հարաբերություններ:  

Լուսանկարը` diplomat.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter