HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ֆրանսիացի երգչուհին Հայաստանում արիա է երգելու հայերենով

«Այնքան եմ ուրախանում այս ներկայացմամբ, որ ցանկացա անպայման գալ Հայաստան և այն ներկայացնել իմ երկրում»,- ասում է հայազգի օպերային երգիչ բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը:

Երեկ՝ երեկոյան, Փարիզից Հայաստան ժամանեցին Մուրադ Ամիրխանյանն ու Ան-Շարլոտ Մոնվիլը, ովքեր ապրիլի 13-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացնելու են Ադոլֆ Հասսեի «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան, որը բարոկկո ժանրից է:

«Ինձ համար օպերան հարմոնիա է, որտեղ պետք է ներկայացվեն երգչի բոլոր կողմերը՝ թե արտիստական, թե վոկալ, պետք է երևան երգչի ամբողջականությունը, էությունը»,- ասում է Մուրադ Ամիրխանյանը:

Արմատներով Գյումրիից, այժմ ֆրանսիաբնակ Մուրադ Ամիրխանյանի համար շատ կարևոր է, որ իրենք հանդես են գալու հատկապես Պարոնյանի անվան թատրոնում, քանի որ փոքր տարիքից երազել է երգել այդ բեմից: Բացի դրանից՝ նրա համար նշանակալից է, որ այս տարի լրանում է Կարպ Խաչվանքյանի ծննդյան 90-ամյակը, ում նա առիթ է ունեցել հանդիպել կենդանության օրոք:

«Երբ ասում են՝ մենք հեռանում ենք օպերայից, հասկացա, որ սա այն է, ինչ մեզ պետք է: Այս ներկայացմամբ հանդիսատեսին ուզում եմ ասել, որ օպերան կանչում է ձեզ, եկեք և տեսեք, թե ինչ թեթև երաժշտություն է, և ինչ նուրբ երանգներով կարելի է ներկայացնել այն»,- ասում է օպերային երգիչը:

Եվրոպական բեմերում ներկայացված օպերան Հայաստանում ներկայացնելուց բացի՝ Մուրադ Ամիրխանյանը նաև մեծ փափագ ունի «Տեր ողորմյան» երգել ապրիլի 24-ի երեկոյան:

Հայազգի երգիչն իր երկրի մասին շատ է պատմել նաև իր գործընկերուհուն՝ Ան-Շարլոտ Մոնվիլին, ով առաջին անգամ է Հայաստանում: Մուրադ Ամիրխանյանի խոսքով՝ այժմ արդեն առիթ ունի ցույց տալ իր երկիրը:

«Շատ ջերմ հյուրընկալություն էր, և ուրախ եմ, որ այստեղ եմ: Հույս ունեմ լավ ժամանակ անցկացնել այստեղ: Մուրադն ինձ շատ է պատմել Հայաստանի մասին, և հույս ունեմ նրա միջոցով ճանաչել այս երկիրը: Ես նաև շատ հայ ընկերներ ունեմ, ովքեր երաժիշտներ են»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ան-Շարլոտ Մոնվիլը:

Նա նաև նշեց, որ տեղյակ է «Անուշ» օպերայի մասին, որի պերմիերան տեղի է ունենալու ապրիլի վերջին, և հույս ունի ներկա լինել դրան: Այնուհետև Ան-Շարլոտ Մոնվիլը տեղեկացրեց, որ պատրաստել է հայերենով արիա, որը սովորել և պարապել է Մուրադի հետ: Առաջիկայում նրանք կծրագրեն, թե երբ նա արիան կերգի:

Կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլը բազմաթիվ առաջին մրցանակների դափնեկիր է՝ Սուրբ հրեշտակների հիմնադրամ, Թուլուզի և Նիմի օպերային երգեցողության առաջին մրցանակ և այլն: Այս տարի նա հանդես է գալու Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» ստեղծագործությամբ, ինչպես նաև Լյուդվիկ Լանժևենի «Բերենիս» ստեղծագործության պրեմիերայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter