HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է Ախթալայի կոմբինատի անվտանգության պետի դատավարությունը

Ապրիլի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) անվտանգության պետ Արսեն Չիթչյանի, ԼՀԿ-ի անվտանգության աշխատակից Էդգար Հախվերդյանի և Կարեն Խաչիկյանի դատաքննությունը:

Նիստի սկզբում Բենիկ և Անուշ Չիթչյաններրի և Նունե Խաչիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր վստահորդներից Բավական Չիթչյանի անունը դուրս է մնացել մեղադրական եզրակացության ապացույցների շարքից, և նա չի դատակոչվել:

«Ընդունենք, եթե նախաքննական մարմինը գտել է, որ այդ անձը տուժող չի կարող ճանաչվել, բայց գոնե ականատես վկա է եղել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Պաշտպանը հայտնեց, որ հետագայում կմիջնորդի լրացնել դատակոչը:

«Վարույթ իրականացնող մարմինը նրան մարմնական վնասվածք պատճառելու մասը կարճել է, հավանաբար որպես տուժող չի ճանաչել, դատարանը կընդունի Ձեր միջնորդությունը»,- պաշտպանին պատասխանեց դատավորը:

Վկա, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն էլ դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներ Արսեն Չիթչյանը և Էդգար Հախվերդյանը Ախթալայի համայնքապետարանին պատճառել են նյութական մեծ վնաս, և խնդրեց դատարանին իրեն ճանաչել նաև համայնքապետարանի շահերի ներկայացուցիչ:

Դատավորը Հայկազ Խաչիկյանին բացատրեց, որ դատակոչված ցուցակում Հ. Խաչիկյանը համարվել է վկա, բայց ունի որպես տուժողի կարգավիճակ և կարող է ներկա լինել դատական նիստերին:

Արսեն Չիթչյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց Հայկազ Խաչիկյանին դուրս հրավիրել դահլիճից՝ նկատի ունենալով, որ նա վկա է և չի կարող լսել ամբողջ դատական նիստի ընթացքը: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և անցավ վկաների հարցաքննությանը:

Դատարանի դահլիճ հրավիրվեց վկա, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, սակայն մինչ վկան կտար իր ցուցմունքները, Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայցրեց դատարանին' իր պաշտպանյալ Արսեն Չիթչյանին անհապաղ ազատ արձակելու մասին:

Պաշտպանը համարում է, որ 2013թ. փետրվարի 27-ին լրացել է ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված Արսեն Չիթչյանի կալանավորման ժամկետը: «Վարույթն իրականցնող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր 26.03.2013թ.-ի կայացրած դատաքննություն նշանակելու մասին որոշման եզրափակիչ մասում Արսեն Չիթչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողել է անփոփոխ»,- հայտնեց Լուսինե Սահակյանը:

Վերջինս դատարանին տեղեկացրեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի երկարացրել իր պաշտպանյալի՝ կալանքի տակ պահվելու ժամկետը, և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան: Պաշտպաններ Երվանդ Վարոսյանը, Մհեր Դավթյանը և Ռուբեն Հակոբյանը միացան միջնորդությանը:

Կարեն Խաչիկյանի և Սյուզի Հարությունյանի շահերի պաշտպան Ժորա Վարոսյանը դատարանին հայտնեց, որ որոշումն անհիմն է և ենթակա է մերժման: Միջնորդությանը առարկեց նաև մեղադրող Արմեն Շիրոյանը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որից հետո անհիմն համարեց և մերժեց Արսեն Չիթչյանին անհապաղ ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Դատարանը անցավ վկաների հարցաքննությանը: Վկա Հայկազ Խաչիկյանը դեպքի վերաբերյալ դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Արսեն Չիթչյանը 2012թ. օգոստոսի 30-ին՝ ժ. 18:20-ի սահմաններում զանգահարել է իրեն և հարցրել, թե որտեղ է ինքը, ինքը պատասխանել է, որ տանն է, իսկ Արսեն Չիթչյանն իրեն հեռախոսով ասել է. «Էսա գալու եմ Ձեր տուն, ձեր ընտանիքը վերացնեմ»:

Հայկազ Խաչիկյանն ասաց, որ ինքն անհնգստացած դուրս է եկել իր տանից, գնացել է եղբոր' Կարեն Խաչիկյանի ապրած, 150 մ հեռավորության վրա գտնվող շենքի բակ, որտեղ եղել են իր աղջիկը և Կարեն Խաչիկյանի կինը,  երկու անչափահաս երեխաները:

Հայկազ Խաչիկյանի խոսքով՝ ինքը եղբոր կնոջն ասել է, որ երեխաներին վերցնի և գնա հարևան Սամվելի տուն, ապա նստել է շենքի բակում կանգնած իր ավտոմեքենան: Այդ ժամանակ ԼՀԿ-ին պատկանող վիլիսով Էդգար Հախվերդյանը կանգնել է իր ավտոմեքենայի դիմաց:

«Իր վարած վիլիսի հետևի դուռը բացելով' Էդգարը նստատեղից հանում է սև չուխոլի մեջ գտնվող իր, որը նման էր որսորդական հրացանի, ապա այն նորից հրեց նստատեղ, նստեց ավտոմեքենա և հեռացավ: Էդգար Հախվերդյանը եկել էր ստուգելու՝ իմ մեքենան շենքի բակո՞ւմ է, թե՞ ոչ»,- դատարանին հայտնեց վկան:

Այնուհետև Հայկազ Խաչիկյանը, իր խոսքով, կրկին բարձրանում է իր տուն: Այդ ժամանակ էլ նրան զանգահարում է իրենց թաղամասի բնակիչ Իվան Ջաղինյանը և Հ. Խաչիկյանին զգուշացում է, որ տանից դուրս չգա, քանի որ Արսենը և Էդգարը զինված են և ավտոմեքենան ջարդում են: Հայկազ Խաչիկյանը 10 րոպե անց, երբ տանից դուրս է եկել, տեսել է քաղաքապետարանի ջարդված ծառայողական ավտոմեքենան և եղբոր տան ջարդված դուռն ու բնակարանի գույքը:

Չիթչյանների բնակարանում Կարեն Խաչիկյանի կատարած արարքների մասին պաշտպան Ռուբեն Հակոբյանի հարցին Հ. Խաչիկյանը պատասխանեց. «Այն գիտեմ, որ իր եղբայրս իր տան վիճակը տեսնելուց հետո դուրս է եկել և գնացել Արսեն Չիթչյանի հայրական տուն»:

Վկան չհիշեց այնտեղ եղբոր պատմած դեպքերի մանրամասները, սակայն ասաց. «Եղբայրս պատմել է, որ զայրացած ապակիներ է ջարդել, բայց տենց բաներ չի պատմել, որ մարդիկ է ծեծել»:

Մեղադրող Արմեն Շիրոյանի հարցին, թե արդյոք Արսեն Չիթչյանի և Հայկազ Խաչիկյանի հարաբերությունների սրման հարցում էական նշանակություն չի՞ ունեցել ԼՀԿ-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունը, Հայկազ Խաչիկյանը պատասխանեց, որ անկասկած ունեցել է: «Արսեն Չիթչյանին թվացել է, թե մանկապիղծ Տեր-Պողոսյանի ձերբակալությունը քաղաքապետարանի միջոցով է կատարվել»,- ասաց վկան:

Դատարանը լսեց նաև վկաներ Վաչագան, Անդրանիկ և Գարիկ Խաչիկյանների, Սամվել Ասլանյանի և ԼՀԿ-ի աշխատակից Արմեն Մայիլյանի ցուցմունքները: Վերջինս դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter