HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչո՞ւ է շաքարավազի ներկրման առյուծի բաժինը պատկանում Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Ազգային ժողովում քննարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թ. տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացնում էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց «Կարֆուրի» հայաստանյան մուտքի խոչընդոտների մասին, ինչին մամուլն անդրադարձել է: Պատգամավորը ցանկանում էր տեղեկանալ, թե ինչ է արել հանձնաժողովը, որպեսզի բարձրաձայնված խոչընդոտները վերանան:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, թե «Կարֆուրի» ներկայացուցիչներին հրավիրել է հանձնաժողով, որպեսզի, եթե խնդիր կա, դրանց լուծում տրվի, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Պարզվեց, որ ՏՄՊՊՀ նախագահը «Կարֆուրի» ներկայացուցիչներին հրավիրել է ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությամբ եւ իր բնորոշմամբ` «հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, լրատվամիջոցները հայտարարել են, որ «Կարֆուրը» խնդիր ունի:

«Ի՞նչ է նշանակում ասուլիս եմ հրավիրել ու ներկայացուցիչներին կանչել եմ իմ մոտ, բայց չեն եկել: Ինչո՞ւ անձամբ «Կարֆուրին» չեք հրավիրել»,- հետաքրքվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նշեց, որ հնարավոր էր զանգել ընկերության ներկայացուցիչներին, նամակներ գրել, հրապարակումներ անել ընկերության «Ֆեյսբուքի» եւ «Թվիթերի» էջերում եւ այլն:

Արտակ Շաբոյանը հերթական անգամ կրկնեց՝ «տարբեր լրատվամիջոցնորով, հնարավոր եւ անհնար միջոցներով» «Կարֆուրի» ներկայացուցիչներին հրավիրելու մասին իր հայտարարությունը եւ հավելեց, որ եթե պատգամավորը ընկերության հետ կապ հաստատելու ռեալ, իրատեսական հնարավորություններ ունի, ապա միասին գնան քննարկման:  

Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ շաքարավազի ներկրման շուկան, որի 99 տոկոսից ավելին 1 ներկրողի է պատկանում:

Արտակ Շաբոյանը նշեց, որ բոլոր երկրների մրցակցության օրենքներում գերիշխող դիրք ունենալը չի արգելվում:

«Խնդիրն այստեղ գերիշխող դիրքի չարաշահումների մեջ է: Մեր խնդիրն է, որպեսզի գերիշխող դիրք ունեցող ընկերությունները չկատարեն չարաշահումներ: Մենք կոնկրետ ուսումնասիրել ենք եւ, եթե գների մասին ասենք, որը քննարկվում է, ապա վաճառքի գները գտնվում են հնարավոր ցածր գների մակարդակի վրա»,- նշեց Արտակ Շաբոյանը:

Իսկ թե ինչու է շաքարավազի ներկրման խոշոր դիրք զբաղեցնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, ըստ ՏՄՊՊՀ նախագահի` դա էլ ունի իր տրամաբանական բացատրությունը:

«Շաքարավազ մեր երկրում արտադրվում է: Հումքը ներկրվում է եւ տեղում իրականացվում շաքարավազի արտադրություն: Ամեն դեպքում, շաքարավազի արտադրության համար բավականին մեծ ներդրումներ են իրականացվել, եւ այն առաջարկը, որ ներկայացնում է տվյալ ընկերությունը, ավելի շատ է, քան պահանջարկը, ավելին` դրա մի մասն էլ արտահանվում է: Սահմանափակ պահանջարկի դեպքում չեմ պատկերացնում, որ երկրորդ ընկերություն լինի, ներդրումներ իրականացնի եւ կարողանա հաջողությամբ իրացնել»,- նշեց Արտակ Շաբոյանը, հավելելով, որ սահմանափակում չկա, եւ ցանկացած ընկերություն կարող է շաքարավազ ներմուծել, իրականացնել արտադրություն եւ այլն:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ ՏՄՊՊՀ տրամադրված փաստաթղթով՝ 56 ընկերություն է գործում հյութերի շուկայում, այն դեպքում, երբ հյութի շուկան ավելի սահմանափակ է, քան շաքարավազինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter