HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

3 հէկ մեկ գյուղի տարածքում. մարցեցիները դեմ են

Լոռու մարզի Մարց գյուղի անմիջական հարևանությամբ՝ համանուն գետի վրա, պատրաստվում են նոր, այդ տարածքում թվով 3-րդ փոքր հէկը կառուցել: Գյուղի բնակչությունը դեմ է: Խնդրին անդրադարձել են նաև բնապահպանները:

Հասմիկ Էվոյան, «Համահայկական բնապահպանական ճակատ»

Կոնկրետ այն տարածքը, որտեղ պատրաստվում են նոր հէկ կառուցել, ռեկրեացիոն առումով մեծ արժեք է ներկայացնում: Գետի վերին հոսանքում գտնվող հէկի տարածքում մեկ հարյուրամյակ առաջ Հովհաննես Թումանյանը նպատակ ուներ կառուցել հանգստյան գոտի գրողների համար: Ստեղծագործական ներուժ և էներգետիկա ունեցող այդ վայրում այսօր հէկ է, աղմուկ է, միջավայրը կեղտոտվում է և դեգրադացվում է ամբողջ էկոհամակարգը: Մի կարևոր հանգամանք ևս. գետի հենց այդ` միջին հատվածը, ի տարբերություն վերևի և ներքևի, ամենաշատն է օգտագործվում գյուղացիների կողմից:

Նարեկ Հովհաննիսյան, ԵՊՀ ուսանող, բնապահպան, ծագումով Մարց գյուղից

Երրորդ հէկի կառուցումն աղետալի կարող է լինել համայնքի հետագա գոյության համար: Մարցագետը ոչ միայն Մարց, այլ նաև շրջակա գյուղերի համար կարևոր նշանակություն ունի. այն երակի պես մի բան է հարևան Դսեղ, Քարինջ և այլ գյուղերի համար: Գյուղացիների առօրյան հիմնականում կապված է այդ գետի հետ:

Թեհմինե Ենոքյան, լրագրող

Գյուղում ականատես եղանք ոչ միայն այն բանին, որ բոլորը դեմ են նոր հէկի կառուցմանը, այլ նաև լսեցինք մարդկանց, ովքեր խոսում էին, որ գալիս են իրենց տները, զանգում են, փորձում են իրենց կարծիքը փոխել: Ունենք տվյալներ, որ Անահիտ Արզումանյան անունով Մարց գյուղի բնակչուհուն և իր ընտանիքին, ովքեր հանրային լսումների ժամանակ դեմ էին արտահայտվում, սկսել են սպառնալ, վախեցնել և ճնշումներ գործադրել նրանց վրա:

Այնուամենայնիվ, գյուղում կա մի ոգևորիչ փաստ` գյուղացիները դեմ են, և ասում են, որ չեն վախենում: Երեկ նրանք ասացին, որ եթե որևէ մեկը փորձի իրենց մոտենալ, վախեցնել, իրենց կարծիքի վրա ազդեցություն ունենալ, իրենք կսկսեն նկարահանել, տեսանյութը տեղադրել համացանցում, տեղյակ պահել բնապահպաններին և բոլոր լրատվամիջոցներին այդ մասին:

Արսեն Խառատյան, «Մարց» քաղաքացիական նախաձեռնություն

Փաստորեն գողացվում է Հ. Մաթևոսյանի և Հ. Թումանյանի մանկությունը: Այսօր գյուղի մեծամասնությունը պայքարում է ոչ միայն ոռոգման ջուր ունենալու կամ իրենց անասուններին պահելու, այլև իրենց մանկության հիշողությունները պահպանելու համար: Գյուղ այցելելուց հետո ականատես եղանք այն բանին, որ չկար երկու կողմ, կար գյուղի բնակչություն, որը երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած ասում է` ոչ, ես դեմ եմ այս ծրագրին:

Գյուղապետի հետ հանդիպել այդպես էլ չկարողացանք, միակ փաստարկը, որը բերեց նրա որդին, այն էր, որ հէկի կառուցման դիմաց իրենց խոստացել են տարեկան մեկ միլիոն դրամ` գյուղի լուսավորությունն ապահովելու համար:

Մեկնաբանություններ (1)

Արթնացիր լոռի!
Էկոհամակարգի մեջ մի բան որ խախտվում է, ապա բազմաթիվ հետեւանքներ են առաջանում - կանխատեսելի ու անկանխատեսելի, եւ անպայման վնասակար! Պինդ կանգնեք, չթողնեք Ձեր երկիրն ավերեն անկուշտները!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter