HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Արայի» սեփականատիրոջ «ինքնասպանության» գործն առաջ չի գնում

Արդեն 1,5 տարի է անցել «Արայ» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանի կասկածելի «ինքնասպանությունից», սակայն իրավապահները դեռ նախաքննությունը շարունակում են եւ որեւէ նորություն չունեն:

Մերթ ընդ մերթ «Հետքի» հարցերին ոստիկանության լրատվության վարչությունից հենց այս պատասխանն են տալիս. «Նորություն դեռ չկա, ընթանում է նախաքննություն»:  

Հիշեցնենք՝ 2011թ. հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային  վնասվածքով: Իսկ նրա աջ ձեռքին եղել էր «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:

Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ «Ինքնասպանության հասցնելու» եւ «Ապօրինի զենք-զինամթերք» հոդվածների հատկանիշներով: Գործը քննողները պարբերաբար հարցազրույց էին տալիս եւ հայտարարում, որ նախաքննական մարմինն ավելի ու ավելի է հակվում ինքնասպանության վարկածին:

Այս «հակումը», ըստ երեւույթին, չփոխվեց նաեւ այն ժամանակ երբ «Հետքը» հրապարակեց մի տեսագրություն, որում «Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցությունն է: Այն առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ իրականում սպանության վարկածն ամենեւին բացառված չէ: Ավելին՝ զրույցի ընթացքում ուղղակիորեն խոսվում է զենքի եւ սպանության մասին:

Տեսագրության հրապարակման եւ դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում գործի քննությունը փոխանցվեց ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Եվ սրանով ոստիկանության համար, կարծես թե, ամեն ինչ ավարտվեց: Ժամանակն անցնում է, իսկ գործը տեղից չի շարժվում:

Ո՞վ է Տատյանա Չադենկովայի «Skype»-ի ցրուցակից ոմն Արթուրը, իրավապահները գտե՞լ են նրան, մինչ օրս անհայտ է. ոստիկանությունը նախաքննության քողի տակ ոչինչ չի ասում: Իսկ «Հետքի» Մոսկվայի աղբյուրը պնդում է, որ նա գործարար է եւ իր բիզնես գործունեություն ծավալում է Մոսկվայում:

Վերջինս խնդիրներ է ունեցել ինչպես «Արայի» սեփականատեր Արմեն Պոտրոսյանի, այնպես էլ մոսկվայաբնակ հայազգի այլ գործարարների հետ: «Հետքն» առաջիկայում այս պատմության վերաբերյալ կներկայացնի ուշագրավ մանրամասներ: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

tatos
Amen mi mardu karox en spanel u asel inqnaspan e yexel. Yete Artur@ azatutyan mej e uremn nor sut inqnaspanutyuner klinen.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter