HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մարկոս Գրիգորյանը կասկածում էր իր շրջապատին

«Օգոստոսի 6-ին` ժամը 7:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Զարուբյան թիվ 57 տանը ծեծի են ենթարկել 1924 թ. ծնվ. Մարկոս Գրիգորյանին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 4:20-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են նշված տան դռան մետաղյա վանդակաճաղը եւ մուտք գործելով տուն` բութ գործիքով հարվածել են Մարկոս Գրիգորյանի գլխին, ծեծել եւ հափշտակելով 200 ԱՄՆ դոլար, 60.000 դրամ` դիմել փախուստի: Մարկոս Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց»,- ոստիկանության տրամադրած այս տեղեկությունները դեպքից օրեր անց հրապարակել էր «Ազգը»:

Դեպքի առնչությամբ ոստիկանության Արաբկիրի բաժինը քրեական գործ հարուցեց` ՀՀ Քր.օր.-ի 175 հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով` ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 

Ամերիկահայ նկարիչ, կոլեկցիոներ, ԱՄՆ քաղաքացի, Հայաստանում Միջին Արեւելքի թանգարանի հիմնադիր, Երեւանի եւ Գառնու պատվավոր քաղաքացի 83-ամյա Մարկոս Գրիգորյանը հարձակման ենթարկվելուց երեք շաբաթ անց` օգոստոսի 27-ին, վախճանվեց: Սեպտեմբերի 1-ին նրա աճյունն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում:

Շարժառիթը, թերեւս, եղել է Գառնու ամառանոցի վաճառքը

Ռուսաստանի Կրոպոտկին քաղաքում ծնված Մարկոս Գրիգորյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել էր Իրան, որտեղ եւ կայացել էր որպես արվեստագետ: 

«Մարկոս Գրիգորյանը Իրանի ժամանակակից արվեստի պիոներներից մեկն էր: Նա իրանական արվեստը հանեց միջազգային ասպարեզ: 60-ականներին տեղափոխվեց ԱՄՆ, 90-ականների սկզբին` Հայաստան: Մարկոսն այստեղ տներ առավ: Գառնին այնպիսի վայր էր Մարկոսի համար, որտեղ նա կապված էր Հայաստանի հազարամյա պատմության եւ բնության հետ: Գառնու տունը հաղորդակցության միջազգային կենտրոն էր, ուր անընդհատ արվեստագետներ ու մտավորականներ էին գալիս եւ’ Հայաստանից, եւ’ ամբողջ աշխարհից,- հիշում է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը,- այդ տունն իր նախագծով կարծես հուշում է, որ կարեւոր է ունենալ այնպիսի մի վայր, ուր կարող ես ուրիշի հետ հաղորդակցվել ու նաեւ լինել ինքդ քեզ հետ: Այսինքն` աշխարհի հետ բաց լինել` կարծես թե մեկուսանալով. բացություն` մեկուսացման մեջ: Այս առումով Գառնու տունը հայկական ֆենոմեն է»: 

«Իր վրա հարձակման բուն պատճառը Մարկոն էլ, ծանոթներն էլ համարում էին Գառնու ամառանոցի վաճառքը,- պատմում է լրագրող, լուսանկարիչ Շաքե Ապետրոսյանը, ով նկարչի հետ ծանոթ է եղել ավելի քան 30 տարի:- Հիվանդանոցում ես մի նամակ կարդացի նրա համար, որը գրել էր այդ տան հավանական գնորդը` ոմն ամերիկահայ Զոհրաբ Դեմիրճյան: Վերջինս գնել էր Մարկոյի ամառանոցի կողքի երկու հողերը եւ այժմ ցանկանում էր գնել նաեւ այդ առանձնատունը: Մարկոն տվել էր իր համաձայնությունը եւ 5000 դոլար էլ նախապես ստացել էր: Սակայն պայմանավորվել էին, որ գումարն ԱՄՆ-ից պետք է երկու ամսում փոխանցվի Մարկոյի հաշվին: Մյուս հողերն այդ մարդը գնել էր կանխիկով: Հավանաբար գյուղում լուր էր տարածվել, որ նա կանխիկ գումար է տվել նաեւ Մարկոսին, ուրեմն Մարկոսի մոտ մեծ գումար պետք է լիներ»: 

«Ամառանոցը վաճառելու մասին գիտեին հիմնականում Գառնիում, ինչպես նաեւ Երեւանում` Մարկոսի նեղ շրջանում: Այս շրջանի մարդիկ գիտեին նաեւ, որ Մարկոսն այդ գիշեր իր ընկերոջ տղայի հարսանիքին է լինելու, ինչի մասին գառնեցիները չգիտեին: Հարձակվողները հենց այդ օրն էին ընտրել` իմանալով, որ Մարկոսը մինչեւ ուշ գիշեր տանը չի լինելու, եւ նրանք կարող էին հանգիստ կտրել մետաղե ճաղերը: Այդ կիրակին պատահական չէր ընտրված,- համոզված է Միջին Արեւելքի թանգարանի վարիչ Զառա Մոկացյանը, ում զարմացրել է հանցագործների վարքագիծը:- Գիտակցելով, թե ինչ ռիսկի են դիմում` ոչ մի կոպեկ, ըստ էության, չեն ստացել` չհաշված դրամապանակի գրոշները: Մարկոսից, փաստորեն, ոչինչ չստանալով` կապերը թուլացրել են եւ բարձր տրամադրությամբ հեռացել: Մարկոսը տեսել է, որ նստած տորթ են ուտում, ծիծաղում են եւ չեն կատաղում այն փաստից, որ դատարկ են հեռանում»: 

Եւ’ Մարկոս Գրիգորյանը, եւ’ նրա մտերիմները կասկածում էին Գառնու բնակիչներից ոմանց` նկարչի շրջապատին, սակայն վերջինս կասկածներ ուներ նաեւ իր երեւանյան որոշ ծանոթների վերաբերյալ, ինչը հիմնավորվում է հարսանիքի առիթով տնից բացակայելու փաստով, որի մասին Գառնիում չգիտեին: 
«Դեպքից հետո ես կատակով նրան ասացի, որ ավազակները սպանելու մտադրություն չեն ունեցել, եթե ուզեին դա անել, դժվար չէր: Բայց ծեր մարդու գլխին խփելը, անկախ քո ուզելուց, կարող է հանգեցնել մահվան: Մարկոն ասաց, թե ինքը հիմա ապահով չէ հիվանդանոցում: Գանգատվում էր, որ բժշկական կենտրոնում (խոսքը «Նաիրի» բ/կ-ի մասին է) անվտանգության ծառայություն չկա,- ասում է Ապետրոսյանն ու շարունակում:- Տարիների ընթացքում մարդուն ահագին անհանգստություն էին պատճառել (Գառնիում): Առաջին տարիներին կեղտոտում էին դռան առաջ, պատուհան ջարդում, հայհոյում...»:

Այս դեպքից երկու տարի առաջ Գառնու ամառանոցում գողության դեպք էր տեղի ունեցել: Գողերն իրենց հետ տարել էին մեկ հեռադիտակ (վերջինիս դետալներից մեկը մնացել էր սեղանին, առանց որի սարքը չէր կարող աշխատել) եւ երկու ոչ արժեքավոր գորգ: Ոստիկանները քննության ընթացքում ծեծել էին Մարկոսի ամառանոցը հսկող ընտանիքի հորը` Զորիկին` ստիպելով գողությունն իր վրա վերցնել: Դրանից շատ չանցած` Զորիկը կնոջ` Գոհարի եւ մյուսների հետ հեռացավ իր գործից, իսկ Մարկոսի նախաձեռնությամբ գործը փակվեց: Նկարչի եւ հիշյալ ընտանիքի ջերմ կապերի կտրուկ փոփոխությունը ստիպում է ենթադրել, որ նրանց միջեւ եղել է երրորդ մեկը, ում ձեռնտու է եղել այդ կապերի խզումը եւ, թերեւս, հենց այդ երրորդ մեկն էլ արել է դա: Ավելացնենք, որ Մարկոսի մահից հետո Զորիկին նույն նպատակով կրկին ծեծել են, եւ Գոհարի ասելով` նորից նրա թոքը ջուր է լցվել: 

Նկարչին ծանոթ մարդկանցից մեկի հավաստմամբ` Մարկոսը Զոհրաբ Դեմիրճյանից Գառնու ամառանոցի գումարը պետք է ստանար մինչեւ սեպտեմբերի 30-ը, սակայն մահից մեկ օր առաջ` օգոստոսի 26-ին, նա հասցնում է հանդիպել Դեմիրճյանին, որը խնդրում է գումարի փոխանցման ժամկետը մեկ ամսով երկարացնել: Սա զայրացնում է Մարկոսին: Զրույցի ընթացքում Դեմիրճյանն ակնարկում է նաեւ Մարկոսի հնարավոր մահից հետո գործարքի ապահով ավարտի մասին: Վերջինս լիազորագիր է գրում, որով իր մահից հետո Գառնու տունը եւ հարակից հողակտորը վաճառելու իրավունքները հանձնում է իրեն խնամող տիկին Նելլիին: Առաջ անցնելով` նշենք, որ տիկին Նելլին եւ Զոհրաբ Դեմիրճյանը գործարքն իրականացնում են Գառնիում հենց օգոստոսի 27-ին` Մարկոս Գրիգորյանի մահից երկու-երեք ժամ անց: Գործարքի գինը կազմել է 120.000 ԱՄՆ դոլար:

«Մահվան մասին բացարձակապես չէր մտածում»

Նազարեթ Կարոյանի կարծիքով` Մարկոս Գրիգորյանը «ոչ թե դժվարություններից չէր հուսալքվում, այլ դրանց միջից էր իր հույսը ծնեցնում: Վերջին անգամ, ցավոք սրտի, ես նրա հետ մոտ կես ժամ եմ զրուցել: Դա հիվանդանոցում էր: Նա ասաց. «Չկա չարիք առանց բարիք»: Այսինքն` միգուցե այդ դեպքը կօգներ, որ մարդիկ ուշադություն դարձնեին նրա խնդիրներին, օգնեին նրան հիմնավոր տեղ գտնել Միջին Արեւելքի թանգարանի հավաքածուների համար»:

«Դեպքից հետո ամբողջ ժամանակ ձախ կողմը ցավում էր: Շրթունքի ու գլխի վերքերը լավացել էին, բայց այդ ցավը գնալով ուժեղանում էր: Ասում էր, որ այդ վերքը կլավանա, բայց սրտի վերքը չի լավանա (Մարկոս Գրիգորյանն այդպես էլ չկարողացավ տեղ գտնել իր հավաքածուի համար, որն արդեն 15 տարի ժամանակավոր տեղակայված է Գրականության եւ արվեստի թանգարանի շենքում- Վ. Ս.)»,- հիշում է Շաքե Ապետրոսյանը:

Զառա Մոկացյանը նույնպես նշում է, որ հիվանդանոցում Մարկոս Գրիգորյանը բարձր տրամադրութուն ուներ, գալիք ապրիլի համար ծրագրեր էր մշակում, սակայն վերքերը լավանալուց հետո մի օր նա Զ. Մոկացյանին ասում է. «Ես այլեւս ուժ չունեմ»: Մեկ օրվա մեջ տեղի ունեցած այս փոփոխությունը մեծապես զարմացրել է թանգարանի վարիչին: 

Հիվանդանոցից դուրս գալուց հետո Մարկոս Գրիգորյանն իր ծանոթներից մեկի միջոցով տեղափոխվել էր Նոր Նորք, որտեղ մենակ էր բնակվում: Նրա բնակության նոր վայրի մասին գիտեին ընդամենը հինգ հոգի, այդ թվում` Զառա Մոկացյանը եւ, իհարկե, խնամող տիկին Նելլին: Մոկացյանի վկայությամբ` նկարիչը միայն սկզբում էր վախենում վերադառնալ Զարուբյան փողոցի իր տուն, իսկ հետո առաջ եկավ այդ տան վերանորոգման գործոնը, որի համար ժամանակ էր պետք: 

Զարուբյան փողոցի տան վերանորոգման վերաբերյալ Մարկոսը ծրագրեր ուներ քրոջ տղայի` Միշելի հետ: Վերջինս բնակվում էր Նյու Յորքում: Օգոստոսի 27-ի առավոտյան ժամը 9-ին Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսակցությունն ընդհատվում է: Միշելը լսում է առարկայի ընկնելու ձայն, որից հետո հեռախոսն անջատվում է: Նա զանգահարում է քեռուն խնամող կնոջը` Նելլիին` խնդրելով տեղեկանալ Մարկոսի վիճակի մասին: Նելլիին չի հաջողվում կապվել Մարկոսի հետ: Սակայն նկարչին խնամողն (բնակվում է Կենտրոնում) այդպես էլ չի այցելում նրան: Ի վերջո, ծանոթները դիմում են ոստիկանություն, որն էլ Նոր Նորքում` Ժանետ Ղազարյանի տանը, գտնում է գետնին ընկած Մարկոս Գրիգորյանի դին: Դատաբժշկական եզրակացությունում գրվել է, որ մինչեւ վայր ընկնելը Գրիգորյանը ստացել է սրտի կաթված, որից հետո մեջքի վրա է ընկել ու ժամեր անց մահացել: 

Մենք զանգահարեցինք տիկին Նելլիին (նա հանցավոր աշխարհի նախկին հայտնի կերպար «Սվոյ Ռաֆի» մորաքրոջ աղջիկն է)` փորձելով տեղեկություններ ստանալ Մարկոսի վերջին օրերի եւ մահվան մանրամասների մասին: Նա ասաց, թե ձայնը կտրված է, եւ բժիշկն իրեն արգելել է տասը բառից ավել խոսել: Իսկ իրականում տիկնոջ ձայնը բոլորովին էլ խզված, առավել եւս կտրված չէր, ինչը լսելիս դժվար չէր հասկանալը...

«Վստահ եմ, որ հարձակման դեպքը հոգեկան առումով ավելի խորացրեց Մարկոսի վիճակը եւ հանգեցրեց մահվան,- ասում է Նազարեթ Կարոյանը,- Նա ուզում էր մյուս գործերն էլ բերել Հայաստան: Ես գաղափար ունեի մինչ այդ Փարիզում մի լավ ցուցահանդես կազմակերպել, հետո բերել այստեղ... չստացվեց»:

«Հիվանդանոցից դուրս գալուց հետո Մարկոսը բաց նամակ էր գրել, որը, սակայն, հրապարակելու փոխարեն որոշեց ուղարկել վարչապետին: Նամակը տանելու օրը վարչապետը երկրում չի եղել, ասել են` մի քանի օրից կգա... Մարկոսը մահացավ մինչ այդ: Ցանկություն ուներ ցեղասպանության մասին մի ցուցահանդես կազմակերպել Գաֆեսճյան հիմնադրամում: Մահվան մասին բացարձակապես չէր մտածում...»,- հիշում է Շաքե Ապետրոսյանը: 

Եթե Մարկոս Գրիգորյանի հուղարկավորությունը կառավարական մակարդակով չկազմակերպվեր, Միշելը պատրաստ էր քեռու աճյունը տեղափոխել Նյու Յորք` Գրիգորյանների ընտանեկան գերեզմանատուն: Սակայն ամերիկահայ հայտնի նկարչի հուղարկավորությունը տեղի ունեցավ մշակույթի նախարարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի կազմակերպմամբ, ինչն ամենեւին էլ սփոփանք չէ այդ նույն նախարարության դռները բազմիցս ծեծած ու անպատասխան մնացած նկարիչ-կոլեկցիոների հարազատների համար:

Նախաքննությունը շարունակվում է

«Հետքի» նամակին ի պատասխան` ՀՀ ոստիկանությունը հայտնել է հետեւյալը. «Մարկոս Գրիգորյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է: Դեպքից հետո Մ. Գրիգորյանը չի կարողացել նկարագրել իր վրա հարձակում գործած անձանց, քանի որ այդ ժամանակ իրեն վատ է զգացել: Միայն կարողացել է տեղեկացնել, որ հարձակում գործած անձանց դիմակները եղել են կտորից, մինչեւ բերանները փակող, աչքերի հատվածում կլորավուն բացվածքով: Նշել է նաեւ, որ նրանք խոսել են երեւանյան խոսվածքով եւ միմյանց անուններով չեն դիմել: Հարուցված քրեական գործով կասկածյալներ կամ ձերբակալվածներ դեռեւս չկան: Հանցագործությունը բացահայտելու եւ այն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են»: 

Հ.Գ. Մարկոս Գրիգորյանը Հայաստանում շատ բարեկամներ չունի. դրանք նրա մորաքրոջ երեխաներն են: Իսկ ամենամոտ հարազատները` եղբոր երկու տղաներն ու աղջիկը, ինչպես նաեւ քրոջ որդին` Միշելը, բնակվում են ԱՄՆ-ում: Հենց վերջիններիս միջեւ էլ կբաշխվի նկարչի ժառանգությունը, քանի որ Մարկոսի կողմից գրված կտակ չի գտնվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter