HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցները ՀՀ են ներկրվում միայն իրացման նպատակով

Հայաստանը չի համարվում թմրամիջոցներ արտադրող հիմնական երկիր, սակայն թմրամիջոցների խնդիրը չի շրջանցում նաեւ Հայաստանը: «Այսօր Հայաստանի եւ հարակից երկրների միջեւ սահմանափակ տրանսպորտային շարժը երկիրը թմրամիջոցների առաքման երկրորդական ճանապարհ է դարձրել»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության թմրաբիզնեսի եւ թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ Նազարեթ Մնացականյանը:

Պարոն Մնացականյանի խոսքերով` ՀՀ-ն` իբրեւ թմրամիջոցների առաքման երկրորդական ճանապարհ, մեր անմիջական հարեւաններից օգտագործում է հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը. «Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով, շատ դեպքերում` ցամաքային տրանսպորտային միջոցով, ներմուծվում է աֆղանական ափիոնը: Օդային ճանապարհով թմրամիջոցները Հայաստան են ներկրվում Թուրքիայից` հերոին տեսակի, ՌԴ-ից եւ միջինասիական երկրներից: Հերոինի հետ մեկտեղ բերվում է նաեւ ափիոն, իսկ եվրոպական երկրներից ներմուծվում են կոկաին եւ սինթետիկ տեսակի թմրամիջոցներ»: 

Հայաստանում առավել օգտագործվող թմրամիջոցը մարիխուանան է, այն աճում է հանրապետության ողջ տարածքում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի տրամադրած տվյալներով` 2007 թ. առաջին 6 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել եւ առգրավվել են շուրջ 8,5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Այս թմրամիջոցներից 2 կգ ափիոնը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից` Մեղրու եւ Զվարթնոց օդանավակայանի մաքսային սահմանային անցակետով, իսկ շուրջ 160 գրամ ափիոն ներմուծվել է Տաշքենդից` Տաշքենդ-Սարատով-Մոսկվա-Երեւան օդային երթուղով: 

«Նկատվում է ծանր սինթետիկ տեսակի թմրամիջոցների ներկրման աճի միտում եվրոպական երկրներից: Օրինակ` այս տարվա օգոստոսի 19-ին Ամստերդամ-Երեւան չվերթով Հայաստան էր ներկրվել 33,38 գրամ կոկաին, օպերատիվ տեղեկություններ կան, որ Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվում սուբուտեքս տեսակի թմրամիջոց, օպերատիվ միջոցառումներ են իրականացվում այս ուղղությամբ: ՌԴ-ից օդային ճանապարհով ներմուծվել է 150 գրամ հերոին: Հայտնաբերվել է 6,5 կգ մարիխուանա, որն ունի տեղական ծագում»,- տեղեկացրեց պարոն Շիրինյանը: 

Այս թմրամիջոցները հայտնաբերվել են 451 հանցագործությունների բացահայտման արդյունքում: Բացահայտված դեպքերով պատասխանատվության են ենթարկվել 221 անձինք, որոնցից 62-ը նախկինում եղել են դատված: 221 դատապարտվածներից 6-ը կին են: Այս տարի թմրամիջոցների ապօրինի ներկրման մեջ անչափահասներ չեն հայտնաբերվել: Այս օրերին ՀՀ ոստիկանությունն իրականացնում է «Կանեփ-Կակաչ-2007» համալիր օպերատիվ կանխարգելիչ գործողությունը, որի նպատակն է հայտնաբերել եւ ոչնչացնել ինչպես վայրի աճած, այնպես էլ բնակչության աճեցրած կանեփի եւ կակաչի կանաչ զանգվածները: 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար 2007 թ. փետրվարի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: «Մեր բաժնի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել եւ ընթացք է տրվել 59 քրեական գործ, որոնցից 42-ը` 110 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 3 քրեական գործ` 4 անձի նկատմամբ, կասեցվել է, 14 գործ` 37 անձի նկատմամբ, նախաքննության փուլում է, եւ 8 մեղադրյալներ գտնվում են հետախուզման մեջ»,- տեղեկացրեց նորաստեղծ բաժնի պետ Վարդան Մուրադյանը: 

Ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ ՀՀ դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն` Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ հատկապես ակտիվ են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Դատախազությունը նախաքննության ընթացքում բացահայտել է նաեւ մաքսանենգության 9 դեպք, որոնցով մաքսանենգություն կատարած անձանցից 4-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: 

«Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է շուրջ 10 կգ ափիոն տեսակի թմրամիջոցի իրացման դեպք, առգրավվել է առանձնապես խոշոր չափի` մոտ 4 կգ, ափիոն, մարիխուանա բուպրենորֆին թմրամիջոց պարունակող սուբուտեքս տեսակի դեղահաբեր, առանձնապես խոշոր չափի «տրամադոլ», «մեդատոն» հոգեներգործուն նյութեր, հերոին եւ թմրամիջոցներ պատրաստելու համար պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ»,- նշեց պարոն Մուրադյանը: 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար այս տարվա օգոստոսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազը դիմել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարին եւ տեղեկացրել, որ առանձին դեպքերում հանցագործություն կատարած անձինք հոգեներգործուն դեղամիջոցները ձեռք են բերել կեղծ փաստաթղթերով: «Արձանագրվել են դեպքեր, երբ թմրամիջոց եւ հոգեմետ դեղեր ստացող հիվանդների մահանալուց հետո չօգտագործված թմրամիջոցներն ու հոգեմետ դեղերը ետ չեն վերադարձվել, եւ դրանք օգտագործվել են թմրամոլների կողմից»,- նշված է գլխավոր դատախազի դիմումում: 

Դատախազությունն առողջապահության նախարարությունից պահանջել է թմրամոլությամբ տառապողների համար կազմակերպել անանուն եւ կամավոր բուժում, քանի որ ՀՀ-ում թմրամոլության դեմ պայքարին խոչընդոտում է նաեւ բուժման կարիք ունեցող անձանց անվճարունակությունը եւ անանուն բուժման անկատարությունը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը` ՀՀ գլխավոր դատախազությունը գտնում է, որ թմրամոլների բուժումը պետք է լինի պետության հաշվին, հանրապետության մարզերում անհապաղ պետք է ստեղծել տոքսիկաքիմիական փորձաքննությունների հնարավորություն:

Առողջապահության նախարարությունը համամիտ է, որ կան նման խնդիրներ ու դրանք լուծելու համար պատրաստել է «Բժշկական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման կարգը եւ պայմանները հաստատելու մասին» հրամանի նախագիծը:

«Հարկ է նշել, որ Հայաստան թմրամիջոցներ ներկրում են ոչ միայն ՀՀ, այլեւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, եւ նրանցից 4-ն արդեն ենթարկվել են քրեական պատասխանատվության: Թմրամիջոցների Հայաստան ներկրման հիմնական նպատակն իրացումն է: Չի արձանագրվել որեւէ դեպք, երբ Հայաստանի տարածքը փորձել են օգտագործել մեկ այլ երկիր թմրամիջոց տեղափոխելու համար»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հայաստանում թմրամիջոցներ իրացնողների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար ՀՀ դատախազությունն այս տարի մշակել է օրենքի նախագիծ եւ ներկայացրել ՀՀ կառավարության քննարկմանը: Ըստ այդ օրենքի` նախատեսվում է ապաքաղաքականացնել թմրամիջոցի օգտագործումը եւ օգտագործողների համար նախատեսել միայն վարչական պատասխանատվություն: 

«Սա կնպաստի, որպեսզի իրավապահ մարմինները չփորձեն թմրամիջոցներ օգտագործողներին հայտնաբերելով ապահովել մեծ ցուցանիշներ եւ իրենց առաքելությունը համարեն ավարտված: Եթե չլինի իրացնող, չի լինի նաեւ օգտագործող»,- կարծում է դատախազի խոսնակը: Ի դեպ, թմրամիջոցների դեմ պայքարի արդյունքում բացահայտված դեպքերը վկայում են, որ ՀՀ-ում թմրամիջոցների ներկրման ձեւերը գնալով կատարելագործվում են, թմրամոլները կամ թմրանյութեր ներկրողները ոչնչի առաջ կանգ չեն առնում: Ահա մի քանի դեպքերի նկարագրություն Հայաստանի իրավապահ մարմինների արձանագրություններից. 

2007 թ. մայիսի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ Քաջիկ Բադալյանի «Կամազ» բեռնատար մեքենայի արգելակման տակառիկների մեջ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հայտնաբերել է 630 գրամ ափիոն: Բադալյանն ափիոնն իրացնելու համար Հայաստան է բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Մեկ այլ գործով ՀՀ քաղաքացի Մ. Գասպարյանն Իրանից բեռնատար մեքենայով տարբեր տեսակի թմրամիջոցներ է բերել Հայաստան ինչպես իրացման, այնպես էլ անձնական օգտագործման նպատակով: Մեղրու ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է 470 գրամ ափիոն, գրպանի թաշկինակից` 2,1 գրամ հաշիշ, նրա «Կամազ» մակնիշի մեքենայում՝ 25,5 գրամ հաշիշ, իսկ ավտոտնակից` 4,7 գրամ մարիխուանա:

Կան ոստիկանների կողմից թմրամիջոցների իրացման դեպքեր: ՀՀ գլխավոր դատախազությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառություն: Պարզվել է, որ քրեակատարողական այս հիմնարկի կրտսեր մասնագետ Ա. Հակոբյանը 2005 թ. մինչեւ 2006 թ. ավարտն ափիոն է մատակարարել կալանավորներ Վարդանյանին եւ Շալունցին: Մեկ այլ գործով բացահայտվել է, որ թմրամիջոցների իրացմամբ զբաղվում է ՀՀ ոստիկանության ակադեմիայի հերթապահ, կապիտան Ա. Չիլինգարյանը: 2007 թ. հոկտեմբերի 2-ին Չիլինգարյանի տանը կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են թմրամիջոց հանդիսացող «Տրամադոլ-50 մգ» տեսակի 37 դեղահատ, 80 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ, ինչպես նաեւ` «Նալտրեկսոն ՖՎ 50 մգ» տեսակի 60 դեղահատ:

Ուշագրավ են նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բացահայտումները: 2006 թ. նոյեմբերի 2-ին Թեհրան-Երեւան չվերթով ՀՀ քաղաքացի Ք. Առաքելյանը Հայաստան է փորձել ներկրել 155,3 գրամ ափիոն: Թմրանյութը կուլ տալու միջոցով նա պահել է ստամոքսում: Առաքելյանի ստամոքսը զարմանալիորեն տարողունակ է եղել` թմրանյութը փաթեթավորված է եղել ռետինե ձեռնոցի 40 մատիկներով եւ վրայից պատված սպիտակ պոլիէթիլենային տոպրակով: Դրանք Առաքելյանի ստամոքսից հանվել են գաստրոսկոպիկ եղանակով, երբ ԱԱԾ-ն նրան բերման է ենթարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

2006 թ. փետրվարի 8-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել է եւս մեկ դեպք: Տաշքենդ-Աթենք չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երեւանի Զվարթնոց օդանավակայանում ուղեւորներից մեկի՝ Ղազախստանի քաղաքացի Նաիլյա Կոլդինայի առողջության կտրուկ վատթարացման պատճառով: Կոլդինան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա ներքնազգեստի մեջ հայտնաբերվել է 395,1 գրամ հերոին: Պարզվել է, որ Կոլդինան եւ նրա ընկերուհին` Ռոզա Սադիբալդիեւան, Տաշքենդ-Աթենք չվերթով փորձել են տեղափոխել 1 կգ հերոին, որը պահել են ստամոքսում եւ հաստ աղիքում, սակայն Կոլդինայի հաստ աղիքում պահված փաթեթներից մեկը բացվել է, որի հետեւանքով էլ առողջական վիճակը կտրուկ վատացել է: Պարզվել է նաեւ, որ այս կանայք թմրամիջոցների ապօրինի տեղափոխմամբ զբաղվում են 2002 թ.-ից, թմրանյութերը ձեռք էին բերում Իրանում: 

Հաշվի առնելով, որ թմրամիջոցները ՀՀ են ներկրվում հիմնականում Իրանից` ՀՀ Մաքսային պետական կոմիտեն Մեղրու մաքսակետում նախաձեռնել է բարեփոխումների նոր գործընթաց:

«Մենք բարելավել ենք շենքային պայմանները, աշխատանքային պայմանները համապատասխանեցրել ենք ժամանակակից չափանիշներին: Բոլորովին վերջերս տեղադրեցինք ռադիոակտիվ նյութեր հայտնաբերող սարքավորումներ, որոնք տարածաշրջանում իրենց տեսակով առայժմ միակն են»,- տեղեկացրեց Մեղրու մաքսակետի պետ Սամվել Սաֆարյանը: 

Նրա խոսքերով` նոր սարքավորումն ի վիճակի է ճառագայթային զննման ենթարկել բեռնատար մեծ մեքենաներով տեղափոխվող մինչեւ 40 տոննա բեռը: Սարքի օգնությամբ հնարավոր կլինի տեսնել բեռնատարում եղած ամեն ինչ` անգամ հնարավոր թաքստոցներում պահված թմրանյութը, զենք-զինամթերքը, թանկարժեք քարերը, ոսկեղենը, մի խոսքով` ցանկացած մաքսանենգ ապրանք: Ընդ որում` սարքն այդ ամենը կարող է արձանագրել նույնիսկ այն դեպքում, երբ թաքստոցի պատերի հաստությունը կես մետրից ավելի է: Նման 2 սարքավորում ԱՊՀ երկրներից միայն Ղազախստանն ունի, սակայն դրանք իրենց հզորությամբ (400 մեգաէլեկտրոն վոլտ) զիջում են Մեղրու մաքսակետի սարքավորմանը (600 մեգաէլեկտրոն վոլտ): Նոր սարքի օգնությամբ հնարավոր կլինի բեռնատարների զննումը մի քանի ժամվա փոխարեն իրականացնել մի քանի րոպեում: 

Սամվել Սաֆարյանի ասելով` նախորդ տարի հայ-իրանական սահմանով մուտք է գործել 20.245 բեռնատար ավտոմեքենա, իսկ 2007 թ. հունվարից մինչ օրս` 11.134 բեռնատար: 

Մաքսային պետական կոմիտեն վերջերս բացահայտել է ՀՀ թմրամիջոցների ներկրման եւս մեկ դեպք: «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները Ամստերդամ-Երեւան չվերթով ժամանած ուղեւորների ուղեբեռների ռենտգեն մոնիտորով զննման ժամանակ նրանցից մեկի ուղեբեռում նկատել են ոչ համասեռ զանգվածներ: Մաքսավորները թույլատրել են ուղեւորին դուրս գալ մաքսային հսկողության գոտուց, ինչից հետո նա օդանավակայանի ժամանման սրահում ուղեբեռը հանձնել է մեկ այլ քաղաքացու: Վերջինս արդեն իր ուղեբեռով հրավիրվել է մաքսային զննման սենյակ: «WRIGLIS» տեսակի կարտոֆիլային չիփսերի 5 տուփերում հայտնաբերվել է 16 փաթեթ՝ 235.65 գրամ մարիխուանա եւ մեկ փաթեթ՝ 33.83 գրամ կոկաին: 

Մաքսավորներին հաջողվել է բացահայտել նաեւ թմրամիջոցի` ԱՄՆ-ից ՀՀ ներկրման դեպքեր: 2006 թ. մարտի 12-ին ՄՊԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում ԱՄՆ-ից FedEx փոստային ծառայության միջոցով ուղարկված ծանրոցում հայտնաբերել եւ կանխել են մեծ քանակությամբ կոկաինի ապօրինի ներկրումը հանրապետություն: Թմրամիջոցը թաքցված է եղել մոմերի մեջ նախապես պատրաստված գաղտնարանում: ՀՀ փորձագիտական կենտրոնի կենսաբանական եւ սննդային հետազոտությունների լաբորատորիայի ավագ փորձագետ Վահե Զոհրաբյանի խոսքերով` նման մաքրության եւ նման քանակի (139 գրամ) թմրամիջոց կենտրոնի պրակտիկայում հանդիպում է առաջին անգամ: 

Ի դեպ, ՀՀ ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն եւ Մաքսային պետական կոմիտեն գոնե վերջին կիսամյակում Հայաստանի մյուս գործող՝ հայ-վրացական սահմանի վրա թմրամիջոցների փոխադրման որեւէ դեպք չեն արձանագրել: 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար ՀՀ կառավարությունը մի քանի տասնյակ միջպետական պայմանագրեր է կնքել կազմակերպված եւ հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում համագործակցելու մասին: Բոլոր փաստաթղթերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը նշված է առանձին կետով: Միայն այս տարի ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ նոր համաձայնագրեր է կնքել ոչ միայն ԱՊՀ, այլեւ Կիպրոսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ այլ երկրների համապատասխան մարմինների հետ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրը քննարկվեց նաեւ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստերում: Այս հարցը քննարկվեց նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեի պատվիրակության 2007 թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում: 

Հոդվածը պատրաստվել է «Թայմեր» թերթի (Վրաստան, ք. Ռուսթավի) պատվերով ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter